Շառլ Ազնավուր

Aznavur«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»: Շառլ Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:

1998 թվականին Times ամսագրի և CNN-ի անցկացրած հարցման արդյունքում Ազնավուրը 149 հազար ձայնով ճանաչվել է «Դարի արվեստագետ»։

Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

Մտքեր Շառլ Ազնավուրից

«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս: Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ»:

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ»։

«Ես գոռոզ չեմ, պարզապես, ես դաստիարակվել եմ հայկական օրենքներով, իսկ մեր առաջին օրենքը Հպարտությունն է: Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին»:

«Եթե որևէ հայի խելքին փչի անդամահատել իր ազգանվան վերջին երեք տառերը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի, ծագումը կմնա նույնը, պարզապես Բալթազարյանը կդառնա Բալթազար, ինչպես Ազնավուրյանը դարձավ Ազնավուր։ Բայց նման բան գրեթե չի լինում։ Շատ քիչ հայեր են ձգտում վերամշակել իրենց ազգանունները։ Ոչ մի «օյինբազություն», ոչ մի ամոթ։ Այդ անունը նախնիներից է գալիս, ուստի պետք է պահպանել որպես մասունք»:

Ազնավուրը Ազնավուրի մասին

Եվ այսպես 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին, չտիրապետելով օտար լեզվի հնչյունաբանությանը, որոշում է Քնար և Միշա Ազնավուրյանների միակ մանչ ներկայացուցչի անունը` Շառլ (մայրս Շահնուր էր ուզում դնել):

Հեռավոր տարիների հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս` Աիդայի կերպարն է ուրվագծվում: Թեպետ նա ինձանից շատ քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես: Նրա նվիրական իղձը ինձ չաղացնելն էր:

Այնինչ բավական թմբլիկ էի: Վկա` այդ շրջանի իմ լուսանկարը:

Գունատ, բայց լիքը այտերով, հետաքրքրասեր ու կլոր աչքերով, կարճ կտրած մազերով և փոքրիկ, բայց դեպի առաջ թռիչքի պատրաստվող քթով այդ երիտասարդը ես եմ: Ինչ վերաբերում է Աիդային, ինձ չաղացնելու նպատակով այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս` կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ, տաբատի կոճակներ, այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի:

Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը, ու մինչ մայրս լաց էր լինում, նա զարմացած կանգնում էր ջղակծկումներով ցնցվող փոքրիկ մարմնիս առաջ:

-Ի՞նչ է կուլ տվել:

Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «Դուրը եկավ»: Եվ ամեն անգամ բժիշկը ճգնում էր հասկացնել նրան, որ ստամոքսը աղաց չէ: Աիդան սև աչքերը թերահավատությամբ հառում էր նրան ու չէր համոզվում: Ինձ մի լավ լուծողական էին տալիս, գալարվում էի, կուլ տված իրը վերադարձնում ու կյանքի գալիս:

Ասկ Աիդան շարունակում էր.

-Կե՛ր աղբարիկ:

Իսկ ես պատասխանում էի. «Այո՛, աղբարի՛կ»,-համոզված լինելով, որ եթե նա ինձ «աղբարիկ» է ասում, ես էլ նրան նույն կերպ պիտի դիմեմ:

Աիդան տվել էր ինձ այն ամենը, ինչ կարելի է ուտել: Ձկան յուղի ժամին իր բաժին ձկան յուղը ես էի կուլ տալիս, հետո` իմը: Կուլ էի տալիս նաև նրա համար նախատեսված բոլոր դեղերը: Ու քանի որ Աիդան ոչ մի դեղ չէր սիրում, ուստի նրա կորուստը մեծ չէր լինում: Ես ու Աիդան գրեթե նույն տարիքին էինք. նույնն էին նաև մեր ճաշակները, մտքերը: Երբ նա մազերին ժապավեն էր կապում, ես էլ էի ուզում: Երբ ես ծովային զգեստ էի հագնում, ինքն էլ էր ուզում:

Աիդան ու ես իրար լավ էինք հասկանում: Կատարյալ դավադիրներ էինք: Երբեք չէինք մատնում իրար: Մեկիս գործած մեղքի համար երկուսիս հավասար էին պատժում, ու կարևորն այն էր, որ ոչ մեկս մյուսին չէր կշտամբում, քանի որ վերջին հաշվով նույնն էր ստացվում. ինձ պատժում էին նրա մեղքերի համար, նրան` իմ:

Վա՞տ էինք ապրում: Բոլոր դեպքերում, ինչ խոսք, լավ չէինք ապրում: Բայց դա ի՞նչ կարևոր էր, քանի որ համերաշխ էինք ապրում: Եթե միչև օրս ես աշխույժ եմ, լավատես, հույսով ու հավատով լի, այդ ծնողներիս, նրանց ուրախ բնավորությանն եմ պարտական…

Կարող եք ծանոթանալ նաև՝

Շառլ Ազնավուրի բաց նամակը հայերին. 2018, մայիսի 11

Դարի արվեստագետը՝  Շառլ Ազնավուր

Ազնավուրը Ազնավուրի մասին

Շառլ  Ազնավուրը Հայաստանում, 1967թ.

Շառլ Ազնավուր, բանաստեղծություններ և երգեր

Շառլ Ազնավուր, «Մենք մի փոքր ու դժբախտ երկիր ունենք, որն արդեն երկրորդ անգամ է մեռնում»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.