Վանի հերոսամարտի 100-ամյակը

Van

2015թ. լրանում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլեւ Վանի ինքնապաշտպանության 100-ամյակը:

Ոչ սովորական քաղաքի հերոսամարտը

Վանը հասարակ քաղաք չէ: Վանն աշխարհի այն եզակի քաղաքներից է, որտեղ կյանքն անընդմեջ շարունակվում է առնվազն 2870 տարի: Այս կամ այն կերպ այս իրողությունն անդրադարձել է նաեւ Վանի բնակչության վրա: Հայոց ցեղասպանության տարիներին Վանը առաջին խոշոր քաղաքն էր, որտեղ կազմակերպվեց ինքնապաշտպանություն:

Վանը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, ըստ Վանի առաջնորդարանի տվյալների, քաղաքն ունեցել է 34 000 հայ բնակիչ: Վանի հերոսամարտի ականատես, քաղաքական գործիչ, պատմաբան, վավերագրող Ա-Դոն (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան), այլ տվյալներ է հիշատակում: Ըստ նրա`1909 թվականին Վանն ուներ 7500 տուն, որից 6000 տունը Այգեստանում (որից 3000 տունը` հայեր) եւ 1500 տունը Քաղաքամիջում (1000 տունը` հայեր): Նա մեկ տունը համարելով 5 շնչից կազմված, հայերի թիվը հաշվում է 20.000: Պատմաբանները այս թվերը մոտավոր են համարում եւ շատ աղբյուրներում Վանի բնակչությունը նշվում է մոտ 25 հազար:

Վանի ինքնապաշտպանության շնորհիվ Հայոց ցեղասպանության իրագործման սկզբնական շրջանում՝ ամենադաժան գործողությունների ու ծանր հարվածների ընթացքում, շուրջ 200 հազար հայություն փրկվեց:

Հարություն Մարությանը նկատում է, որ հերոսամարտի ընթացքում հսկայական կազմակերպչական գործ էր արվում. հարկ էր պաշտպանել ոչ թե մեկ գյուղ կամ լեռան բարձունք, այլ շուրջ 25.000 հայություն ունեցող քաղաք իր թաղամասերով: Ի վերջո` գործն ավարտվեց հաղթանակով։ Արդյունքում դրան հաջորդող 70 օրերին մենք ունեցանք պետականության ծիլեր: Արամ Մանուկյանը նշանակվեց Վասպուրականի ժամանակավոր նահանգապետ, սկսվեց տարածաշրջանի կառավարումը: Գյուղեր վերադարձողներին թուրքերի ու քրդերի հարձակումներից պաշտպանելու նպատակով ստեղծվել էին զինյալ ջոկատներ, գործում էր ոստիկանություն, ձեռք էին առնվում քայլեր գյուղատնտեսությանը զարկ տալու ուղղությամբ:

Այգեստանն ու Քաղաքամեջը

Բուն քաղաքը երկու մասի էր բաժանված` Այգեստան թաղամասն ու Քաղաքամեջը: Քաղաքամիջում էին գտնվում նահանգային եւ պետական հիմնարկությունները, քաղաքապետարանը, Ազգային առաջնորդարանը, Հիսուսյան-Շուշանյան դպրոցը, գրադարան-ընթերցարանները, Ամերիկյան միսիոներության եկեղեցին, դպրոցն ու մանկապարտեզը եւ, վերջապես, Վանի նշանավոր շուկան:
Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.

Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Քաղաքամեջում գտնվում էր քաղաքի 12 եկեղեցիներից 7-ը, որոնցից Ս. Նշանը, Ս. Պողոսը, Ս. Տիրամայրը, Ս. Վարդանը, Ս. Ծիրանավորը, Ս. Սահակը գործող էին, իսկ Ս. Առաքյալը` կիսավեր էր: Այգեստանում կար հինգ եկեղեցի. Արարքը եւ Նորաշենը կանգուն էին, իսկ Հանկույսները, Ս. Հակոբն ու Հայրավանքը` կիսավեր:

Վասպուրականում ստեղծված իշխանությունը 20-րդ դարում հայ քաղաքական կազմավորման առաջին ծիլն էր: Հետո եղավ ռուսական զորքերի նահանջը, ապա վերադարձ Վան, եւ սա կրկնվեց մի քանի անգամ: Վանում մինչեւ 1918 թվականի մարտ ամիսը հայկական իշխանություն կար՝  ղեկավարությամբ Կոստի Համբարձումյանի: Վանի՝ 1918 թվականի մարտյան վերջին նահանջին մայիս ամսին հետեւեց Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Ոչինչ պատահական չի լինում. այն փորձառությունը, որ ձեռք բերվեց Վանում եւ Վասպուրականում, պետք եկավ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործում:

Կրկին Վանի մասին

Վանը հայտնի կրթական կենտրոն է եղել: XIII դարի վերջերից մինչեւ XVIII դարի կեսերը Վան-Վասպուրականում ընդօրինակվել եւ ծաղկվել է շուրջ 1500 ձեռագիր: Վասպուրականի մանրանկարչության դպրոցը ամենանշանավորներից մեկն է: Արդեն 1903 թվականի տվյալներով Վանում եղել է  25 դպրոց. 10-ը` հայկական, 6-ը` ամերիկյան եւ 9-ը` ֆրանսիական: Վանի հինգ տպարաններում տարբեր տարիների լույս են տեսել 24 հայերեն թերթեր: Առաջինն «Արծվի Վասպուրականն» էր, որ 1858–1874 թվականներին հրատարակվում էր Վարագա վանքում: Թերթերից ամենաերկարակյացը «Վան-Տոսպն» էր, որը 1911-ին Վանում հիմնվելով, հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, իսկ այնուհետեւ մինչեւ 1919-ը լույս է տեսել Երեւանում:

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանում են ծնվել հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի եւ գրականության շատ երախտավորներ: Նրանց մի մասը ականատեսն ու մասնակիցն է 1915 թվականի հերոսամարտի: Հայտնի վանեցիներ են Գեւորգ Արծրունին, Խրիմյան Հայրիկը, Գարեգին Սրվանձտյանը, Փանոս Թերլեմեզյանը, Վրթանես Փափազյանը, Լեռ Կամսարը, Վարդան Աճեմյանը եւ ուրիշներ:

Ապրիլի 24-ի վերաբանաձեւումը

«Վանի հերոսամարտով աշխարհին, Թուրքիային եւ ինքներս մեզ ցույց տվեցինք, որ մենք կարող ենք կռվել, դիմադրել ու հաղթանակ տանել: Ապրիլի 24-ի վերաբանաձեւման գաղափարի հիմքում հենց այն է, որ մենք ունեցել ենք բյուրավոր անմեղ զոհեր, բայց դրա կողքին նաեւ եղել են զանգվածային ինքնապաշտպանության բազմաթիվ դրվագներ եւ քաղաքային եւ գյուղական բնակավայրերում»,- ասում է Հարություն Մարությանը:

Կռվել են, հատկապես գյուղական բնակավայրերում, մի քանի ժամ, մի քանի օր, շաբաթներով։ Ըստ նրա՝ առաջին հայացքից դրանք թվում են փոքր դրվագներ Ցեղասպանության ֆոնի վրա, բայց եթե գումարում ենք իրար, երեւույթը բավական տպավորիչ է դառնում: Կարեւոր է, որ մարդիկ դիմադրել են, չեն հանձնվել, նաեւ նահանջել են, բայց փրկվել են ու գոյատեւել են:

«Սրանով դու ցույց ես տալիս, որ կարող ես քո անձի, ընտանիքի, ազգի արժանապատվությունը զենքը ձեռքիդ պաշտպանել: Պատահական չէ, որ Վանի ու գավառի ինքնապաշտպանությանը նորերը հաջորդեցին: Թուրքերը դրանք որպես ապստամբություններ են ներկայացնում, բայց ապստամբությունն ու ինքնապաշտպանությունը բոլորովին տարբեր բաներ են: Համաժամանակյա ապստամբության միջոցով օսմանյան լուծը թոթափելու խնդիր դրված չի եղել. խնդիրը եղել է ամեն կերպ հայության պահպանումը: Հայ քաղաքական կուսակցություններից եւ ոչ մեկի փաստաթղթերում անկախ պետականության ստեղծման խնդիր չի դրվել, խնդիրը ազգի գոյության պաշտպանությունն էր»,- ընդգծում է Հարություն Մարությանը:

Վանի Քաղաքամեջ թաղամասի մնացորդները 1956 թ.

Վանի Քաղաքամեջ թաղամասի մնացորդները 1956 թ.

Լուսանկարը` Ժ-Մ. Թիերրիի

«Ցեղասպանության զոհի կարծրատիպը Հայաստանում հաղթահարվեց Ղարաբաղյան շարժման տարիներին, ինչը հետագայում օգնեց ռազմական հաղթանակներ տանելու Արցախում: Հայաստանում ցեղասպանության զոհի բարդույթը էապես թույլ է արտահայտված, սակայն այդպես չէ Սփյուռքում, որտեղ հեղափոխական բնույթի հասարակական լուրջ ցնցումներ չեղան, որոշ դեպքերում շարունակվում է դիմակայումը ժխտողականության դրսեւորումներին, որոշ դեպքերում էլ շարունակվում է ակտիվ պայքարը ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչի հետեւանքով էլ զոհի բարդույթի դրսեւորումները շարունակվում են»:

Վանը՝ մեր օրերում

Վանը՝  մեր օրերում

Լուսանկարը` Richard

Գոյություն ունի «հիշողության մշակույթ» հասկացությունը, որը հեշտությամբ չի ձեւավորվում, այլ արդյունք է լինում տասնամյակներ տեւող հետեւողական աշխատանքի։ Հարություն Մարությանը կարծում է, որ այս հարցում հայոց պետականությունը դեռեւս մեծ անելիքներ ունի։

«Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի։ Ունենք շուրջ քսանհինգամյա ազգային պետականություն, արցախյան հաղթանակների գործոնը։ Կարծում եմ, վաղուց ժամանակն է վերաիմաստավորել հիշողության օրվա խորհուրդը, ձեւափոխել այն, իրականացնել առնվազն շեշտադրումների փոփոխություն եւ շրջանառության մեջ դնել այլ բանաձեւում՝

«Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական կռիվների (մարտերի) հերոսների հիշատակի օր»։

Վանը՝ մեր օրերում

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան

Աղբյուր՝  www.mediamax.am

Լուսանկար-կոլաժը՝  Աննա Աբրահամյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Վանի հերոսամարտի 100-ամյակը

  1. Уведомление: Վանի պարետը՝ Արտավազդ Թումանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Անկախության օրվա մահարիական պատգամը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий