Մեր եկեղեցին այս տոնը նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը:
Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում:
Իսկ մյուս կույսի` Նունեի մասին, Մովսես Խորենացին գրում է. «Մի կին, Նունե անունով, սուրբ Հռիփսիմյանների ցրված ընկերներից, փախչում հասնում է Վրաց աշխարհը»:
Ըստ հայկական և ռուսական աղբյուրների, Նունեն եղել է ս. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան: Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք` Մցխեթ:
Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո, Նինա ) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` գնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում:
Ըստ վրացական աղբյուրների, ս. Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ: Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում են արքունիք: Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ: Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն: Նա հրաժարվել է բոլոր թանկարժեք նվերներից և քարոզել Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու:
Մովսես Խորենացու մոտ կարդում ենք. «Իսկ երանելի Նունեն հավատարիմ մարդիկ խնդրելով` ուղարկեց ս. Գրիգորի մոտ, թե ինչ կհրամայե այնուհետև անել, որովհետև վրացիները հոժարությամբ ընդունեցին Ավետարանի քարոզությունը»: «Իսկ երանելի Նունեն այնտեղից գնաց, որ Վրաստանի մյուս գավառներին էլ քարոզի իր անապական լեզվով, շատ հասարակ կերպով շրջելով, առանց որևէ ավելորդի, աշխարհից և աշխարհային ամեն բանից հրաժարված, ավելի ճիշտ խոսելով`խաչվելով, կյանքը դարձնելով մահվան կրթության միջոց», – շարունակում է Խորենացին:
Սուրբ Նունեի մահվանից հետո գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել: Տարին երկու անգամ, այդ եկեղեցում ցուցադրվում է Սբ. Նունեի խաչը:
Հիշատակի տոնը Վրաստանում նշում են սուրբ Նունեի մահվան օրը՝ հունվարի 14-ին, ռուսները նշում են հունվարի 27-ին:
Աղբյուրը` Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն» www.qahana.am
Սրբապատկերը` Լիանա Առաքելյանի
Լուսանկարում` Սուրբ Նունեի խաչը
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Գյուտ նշխարաց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թբիլիսին, տաք անձրևն ու սիրո քաղաք Սիղնախին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սիրո քաղաք Սիղնաղի - Առողջ Բլոգ