Հայ առաքելական եկեղեցին Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց նշում է Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները` երկուշաբթի և երեքշաբթի օրերին:
Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:
Էջմիածնի Մայր Տաճարից հանդիսավոր թափորը Վեհափառի գլխավորությամբ առաջնորդվում է Սուրբ Հռիփսիմե վանք, որտեղ մատուցվում է Ս. պատարագ: Ս.Հռիփսիմե վանք է տարվում նաև Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի Աջը: Իսկ մյուս օրը պատարագ է մատուցվում Ս.Գայանե վանքում: Պատարագից հետո Վեհափառը սուրբ Աջով օրհնում է աշխարհի չորս կողմը:
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հռոմի Դիոկղետիանոս կայսրը կամենում է ամուսնանալ։ Նա նկարիչներ է ուղարկում իր տերության տարբեր կողմերը` նկարելու բոլոր գեղեցիկ կանանց և ներկայացնելու իրեն: Նկարիչները գալիս են Հռոմ քաղաքը և լեռներում մեկուսացած մի գաղտնի կուսանոց են գտնում, ուր ժուժկալ կյանքով ապրում ու աղոթում էր քրիստոնյա կույսերի մի բազմություն։ Կույսերի գլխավորն էր Գայանե անունով մի պարկեշտ կին, որի սաներից էր արքայական տոհմից սերող, ժամանակի նշանավոր մարդկանցից մեկի դուստր, չքնաղ գեղեցկության տեր Հռիփսիմեն։
Գրիգոր Պարթևի բանտարկության տասներեքերորդ տարում Հռոմից Հայաստան են փախչում Գայանե և Հռիփսիմե կույսերը` իրենց մի քանի տասնյակ ընկերուհիների հետ, որոնք հայոց թագավորություն են գալիս Հռիփսիմեի՝ Դիոկղետիանոս կայսեր հետ ամուսնանալուց խուսափելու պատճառով: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:
Նրանք գալիս են Այրարատ, հայոց աթոռանիստ Վաղարշապատ քաղաքը՝ հաստատվելով քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող այգեստանի հնձանահարկում և կերակրվելով իրենց ապակեգործ ընկերուհու պատրաստած ապակյա ուլունքները վաճառելով:
Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավորին՝ խնդրելով գտնել նրանց, մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն կամ էլ, եթե նա դուր գա Տրդատին, պահել իր մոտ: Ինչպես և սպասելի էր, գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ՝ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ: Սակայն կայսեր սերը մերժած կույսը մերժում է նաև հայոց հեթանոս թագավորի սիրո առաջարկը: Կատաղության հասած թագավորի հրամանով՝ Գրիգոր Պարթևի բանտարկության տասնհինգերորդ տարում՝ հոռի ամսի 26-ին, մահապատժի է ենթարկվում Հռիփսիմեն իր երեսուներեք ընկերուհիների հետ, իսկ նույն ամսի 27-ին՝ Գայանեն երկու կույսերի հետ: Նրանց ենթարկում են չարչարանքների. մարմինները կանթեղների կրակով այրում են, աչքերը հանում:
Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Լուսավորիչը թաղելով նահատակներին, Վաղարշապատի հս-արլ. կողմում կառուցոսւմ է Հռիփսիմյանց Վկայարանը կամ Հանգստարանը (տես Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի), որի շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը բերել է Մասիս սարից:
Գլխատված Գայանեի մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփում է տապանի մեջ և կնքում արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս նահատակներին դասում է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցնում եկեղեցու տոնացույցում:
Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև 13-րդ դար կաթողիկոսարանում պահվում էին Հռիփսիմեի մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292) մամլուքները տարել են Եգիպտոս՝ որպես ավար:
Հռիփսիմեի տաճարը հայ ճարտարապետության գլուխգործոցներից է։ Տաճարը ներքուստ խաչաձև է, իսկ կառուցվածքով` քարի տարածական միաձույլ համակարգ։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված սնամեջ տարածությունները նպաստել են եկեղեցու բացառիկ ակուստիկային և ծառայել են որպես գաղտնարաններ։ Դրանք է նկատի ունեցել Թորոս Թորամանյանը, նշելով թե` «Այս նշանավոր կոթողը իր նրբաճաշակ համաչափական ձևերի վայելչություններով, հետագայում, մոտավորապես երկու դար իբրև օրինակ ծառայեց նորոգ կանգնած շինությունների՝ առավել կամ նվազ հաջողությամբ թե Հայաստանի սահմաններում ու թե նույնիսկ սահմանից դուրս՝ այլ երկրներում»։
618 թ-ին, Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ Կոմիտաս կաթողիկոսը գրել է «Անձինք նվիրեալք սիրոյն Քրիստոսի, երկնավոր նահատակ եւ կուսանք իմաստունք» հրաշալի շարականը, որն առ այսօր հնչում է տոնին:
1958-1962թթ կատարված պեղումների ժամանակ բացվել է եռանավ բազիլիկ մի եկեղեցի, իսկ հյուսիսային պարիսպներից դուրս` գինու հնձանի մնացորդներ։
Հայ ճարտարապետության գլուխգործոց Հռիփսիմե եկեղեցին աշխարհի ութերորդ հրաշալիքներ համարվող կոթողների շարքում է, ինչպես նաև ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Աղբյուրը` www.araratian–tem.am
Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»
Սարգիս Հարությունյան, «Հայ հին վիպաշխարհը»
Լուսանկարում՝ Ս. Հռիփսիմե եկեղեցի (անձնական արխիվ)
Уведомление: Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիշատակ Նունե և Մանե սրբուհիների | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը Վիրապ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիշատակ Նունե և Մանե սրբերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիշատակ Նունե և Մանե սրբերի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)