Վահագն Դավթյան «Չբերեի՞ … թողնեի այնտե՞ղ …»

van (1)Կապույտն այնտեղ՝ կապույտ մի դող…

«Անխորագիր» վիպակ-էսսե (հատված)

— Ձեր պարտեզին յասամանները նշանավոր էին Արաբկիրի մեջ, — պատմում էր ինձ մի տարեց արաբկիրցի, — երբ գարուն կուգար, ձեր պարտեզը ոտքեն գլուխ կապույտ կկտրեր։ Յասամանը ձեր պարտեզին պատերն ի վար կթափվեր։ Հիշիմը, Երմոնյա տատիկդ դուռը կայնած անցոր-դարձողին փունջ-փունջ յասաման կու բաժներ …
Եվ հավանաբար, երբ շարժվել է մեր քարավանը, ու հավանաբար, երբ բնազդաբար մի վերջին անգամ շրջվել եմ նայելու իմ ծննդավայրին, այդ կապույտներն են մնացել կոպերիս տակ …
Ու հետո, Նոր Արաբկիրում, որ իմ մանկության տարիներին դեռ անջուր էր եւ այդ պատճառով գորշ, սկսել եմ բանաստեղծություններ գրել, այն հեռավոր կապույտները եկել ու տանտիրոջ իրավունքով մտել են իմ առաջին տողերի մեջ … Հիշում եմ, երբ տասներորդ դասարանն ավարտեցի ու այդ առիթով բանաստեղծություն գրեցի, մեջն այսպիսի տողեր կային.
Ու հիմա կապույտ-կապույտ տխրությամբ
Քեզ հրաժեշտ եմ տալիս իմ դպրոց …
Չէ, շատ-շատ էր «կապույտն» իմ պատանեկան բանաստեղծությունների մեջ, այնքան, որ երբ Կարմիր բանակում էի ծառայում, Գեւորգ Էմինն իր առաջին գիրքն ինձ այսպիսի մակագրությամբ էր ուղարկել. «Կապույտ բանաստեղծին և կարմիր բանակայինին» … Կապույտը` կապույտ էի, բայց թե ինչքան էի կարմիր` չգիտեմ …
Հետո, հասուն տարիքում էլ այդ «կապույտը» անպակաս եղավ իմ տողերից, ու դրա երեսից շատ թուքումուր կերա քննադատներից` էլ սիմվոլիզմի ազդեցություն (ժամանակին համարյա մահացու մեղք էր դա), էլ վերացականություն (ոչ պակաս մահացու մեղք էր նաեւ սա), էլ անկումայնություն (իսկ սա արդեն մահացու էր ու մահացու) …
Բայց ի՞նչ կարող էի անել։ Ո՞վ է ասել. մենք ամենքս մեր մանկությունից ենք գալիս։ Դե, ես էլ իմ մանկությունից այդ «կապույտն» էի բերել …

Չբերեի՞ … թողնեի այնտե՞ղ …

Ծննդավայր

Առաջին անգամ աշխարհում տեսած
Իմ առավոտն է այնտեղ մնացել,
Նա, որ բուրում էր իբրև ցորեն հաց
Եվ բուրում իբրև գարնան հող ու ցել…

Եվ մնացել է առաջին անգամ
Աշխարհում տեսած իմ աղբյուրն այն ջինջ,
Որից զրնգուն ու անապական
Եվ որից պայծառ չտեսա ոչինչ։

Եվ մնացել է լուսեղեն մի ամպ,
Եվ մնացել է այնպիսի մի ձյուն,
Որ իր բարությամբ ու արդարությամբ
Նման էր այնպես մանկության աստծուն։

Առաջին անգամ աշխարհում տեսած
Իմ առավոտն է այնտեղ մնացել,
Երկինք ու բարդի, ճառագայթ ու լաց,
Իմ հողի հոտն է այնտեղ մնացել…

Այնտեղ

Կապույտն այնտեղ՝ կապույտ մի դող,
Աղբյուրները՝ պատարագ,
Բարդիները լույս պաղատող
Սրբի ձեռքեր են բարակ:

Շողը այնտեղ դիպչում ցողին,
Աստղ է ծնում ու ասուպ,
Աղբյուրները ամբողջովին
Լույս են, լույսի արտասուք…

Հեռուն այնտեղ այնքան մոտիկ,
Մոտիկն այնքան է հեռու,
Որ թե գնաս ոտաբոբիկ,
Պիտի հալվես լույսերում:

Պիտի թվա, թե աշխարհում
Չկա մահվան շունչը ցուրտ,
Կա լույսի հետ խառնվելու
Պարզ ու պայծառ մի խորհուրդ…

Ծունկի եկ, ծունկի….

Ծննդավայրս… Ծունկի եկ, ծունկի
Եվ գնա դանդաղ, և գնա բոբիկ,
Երեկոն, նման կապույտ արցունքի,
Թառել է ձորի քարեղեն կոպին:

Ծննդավայրս… Բարդիներն ի վեր՝
Սրբատաշ ու պարզ մի զանգակատուն,
Հողե տանիքներ ու հողե քիվեր,
Որոնցից դեռ տաք արև է կաթում:

Ծննդավայրս… Իմն է ամեն ինչ…
Ծննդավայրս… Քարափ է ու կալ…
Հեկեկո՞ւմ էր միշտ այս աղբյուրը ջինջ,
Թե՞ նոր սկսեց այսպես հեկեկալ:

Եվ ղողանջում են հեռավոր ձայներ,
Երազում լսած ձայների հանգույն,
Եվ ոլորվում են քարոտ կածաններ
Ու թախծություններ մանուշակագույն:

Ես որոնում եմ մեր տնակը հին,
Պիտի որ լինի նա ահա այստեղ,
Իրիկնամուտի լո՞ւյսն է կտուրին,
Թե՞ թթի դեղին չորացող պաստեղ:

Օ՜, տեր իմ, օ~, տեր… Այստեղ ամեն ինչ
Հեռու մանկության բույրով է խնկում,
Խնկում են օդը, խոտեր ու եղինջ
Ու ճանապարհի աղուրը քնքուշ:

Ուր որ է հիմա տատս շվարած
Պիտի ինձ բակից ընդառաջ վազի
Եվ մանկան նման իմ կրծքին փարած
Օրհնություն տեղա ու աղոթք ասի:

Ու հետո հոգնած կմտնեմ ես տուն,
Հոտը կշնչեմ նոր շփխած կավի,
Եվ իմ մանկության սպիտակ կատուն,
Ոտքիս փաթաթված, պիտի մլավի:

Հետո կսպասեմ ես մերոնց գալուն,
Որ տուն կբերեն այգեստան ու կալ…
…Հեկեկում էր միշտ մեր դռան առուն,
Թե՞ նոր սկսեց այսպես հեկեկալ…

Մի զարմանալի, պարզ ու տաք մի երգ

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Ու երբ ճակատիս թրթռա շունչը ուրիշ մի հովի,
Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ,
Մի արևավոր, հեռավոր հովիտ:

Կխշշա խաղաղ ոսկե մի գետակ ու բարդի մի զով,
Կթախծի լռին կտուրն արևոտ տունն իմ հայրական,
Հեռու մի հովիտ, ուր կարոտներիս արահետներով
Քայլեցի անվերջ, չհասա սակայն…

Վահագն Դավթյան

Աղբյուր՝  «Վահագն Դավթյան» ֆեյսբուքյան էջ

Կարող եք ծանոթանալ նաև՝  Վահագն Դավթյան, բանաստեղծություններ

Ինչպես նաև՝  Սեյրան Գրիգորյան, «Մեծ Եղեռնի վերհուշը Վահագն Դավթյանի պոեզիայում»

Լուսանկարը՝  անձնական արխիվից (Վան քաղաքի  համայնապատկերն է)

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Վահագն Դավթյան «Չբերեի՞ … թողնեի այնտե՞ղ …»»

  1. Уведомление: Վահագն Դավթյան «Սարդարապատ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Վահագն Դավթյան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Խոսք Նոր տարուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վահագն Դավթյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s