Գրողներն ու նրանց ստեղծագործությունները մարդկանց նման են. ում ավելի լավ ես ճանաչում, նրանց ավելի շատ ես սիրում: Հայ գրողների մեջ կա մեկը, ում ես պարտական եմ շատ բաներով: Ու այդ մեկը Գրիգոր Զոհրապն է:
Գրիգոր Զոհրապին ճանաչում եմ, գիտեմ արխիվային նյութերից: Բանն այն էր, որ իմ ուսանող եղած ժամանակ, դիպլոմային աշխատանքի իմ թեման գրականագիտության մեջ դեռևս ուսումնասիրված չէր, այդ պատճառով ստիպված էի ամեն ինչ սկսել արխիվից: Իսկ եթե, իրոք, ուզում ես հասկանալ այս կամ այն գրողի ստեղծագործություն, պիտի սկսես տվյալ հեղինակի հետ ծանոթանալուց:
Հենց արխիվում էլ, ըստ էության, սկսվեց իմ՝ Գրիգոր Զոհրապի հետ ծանոթությունը: Ծանոթանալը, կարծես թե, ծանոթացանք, բայց մեկ է, այն նովելները, որոնք դիպլոմային աշխատանքի առանցքում էին, ինձ համառորեն թույլ չէին տալիս դռնից ներս մտնել: Խոսքը մասնավորապես «Մյուսը», «Կարծեմ թե» և մի քանի այլ նովելների մասին է: Ինչ-որ բան ներսից հուշում էր, որ Զոհրապը՝ ինքը պիտի որ ակադեմիական լուրջ գիտելիքներ ունենա հոգեբանության՝ հատկապես կնոջ հոգեբանության ուսումնասիրության ոլորտում: Ինձ ինչ էր մնում անել, եթե ոչ օրերով ու շաբաթներով նստել հանրային գրադարանի ընթերցասրահում ու Զոհրապի նովելները վերլուծելու մակարդակով հասկանալու համար ոչ ավել, ոչ պակաս ուսումնասիրել ֆրանսիական և իտալական հոգեբանական դպրոցների այն ներկայացուցիչներին, ովքեր հոգեվերլուծական ուսումնասիրություններ ունեին սիրո, կնոջ մասին:
(Հետո ես Զոհրապի նամակներից կիմանամ, որ Զոհրապն իսկապես լրջագույնս (ի դեպ ֆրանսերենով) ուսումնասիրել է հոգեբանության ոչ միայն այս ոլորտը):
Շնորհակալ եմ, Գրիգոր Զոհրապ, որ քո նովելներով ինձ ուղղորդեցիր հոգեվերլուծության և փիլիսոփայության զարմանալի ու հետաքրքիր աշխարհ:
(Հետո այդ գիտությունների նկատմամբ սերն ինձ մոտ այնքան կլրջանա, որ որոշում կկայացնեմ որպես երկրորդ մասնագիտություն ընտրել):
Շնորհակալ եմ, Գրիգոր Զոհրապ, որ քո նովելներն ինձ հանդիպեցրին ճապոնական գրականության հետ: Գրականություն, որի նկատմաբ հիացմունքը չի մարում առ այսօր: Քո նովելները, Գրիգոր Զոհրապ, ճապոնական թանկաների նման թաթախված են լռությամբ. նուրբ, քնքուշ, գեղեցիկ, խորհրդավոր ու հուզիչ…
Շնորհակալ եմ, Գրիգոր Զոհրապ, որ ինձ ստիպեցիր ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն: Ու գիտե ՞ս ինչի համար, որպեսզի նովելի ժանրի արքա համարվող Մոպասանի գործերը կարդամ բնագրով ու հնարավորություն ունենամ համեմատել քո նովելների հետ, կարդալուց հետո էլ միանշանակ եզրակցության հանգել. քո նովելները գեղարվեստական առումով ոչ միայն չեն զիջում մեծն նովելիստի գործերին, այլև կերպարների նկատմամբ ունեցած նուրբ ու խորը հոգեբանական մոտեցումներով գերազանցում են:
Ի դեպ, այդպես Հակոբ Պարոնյանի շատ գործեր, իմ կարծիքով, գերազանցում են կատակերգության ժանրում հանրահայտ Մոլիերին: Քիչ, շատ քիչ դեպքերում ես, որպես բանասեր, ինձ թույլ կտամ նման համեմատություններ անել: Սրանք այդ խիստ բացառիկ դեպքերից են:
(Հետո ֆրանսերենը միջոց կդառնա, որ դառնամ ֆրանսիական ազատ ու ինքնատիպ մշակույթի մեծ սիրահար):
Մեր գրողների մեջ կա մեկը, ում ես պարտական եմ շատ բաներով: Ու այդ մեկը դու ես, Գրիգոր Զոհրապ:
Քո ծննդյան օրվա առթիվ ընդունիր խնդրեմ իմ խորին երախտագիտությունը, իմ լավ բարեկամ:
Նունե Մովսիսյան
Уведомление: Այսպիսի Ռաֆայել Իշխանյան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրիգոր Զոհրապ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)