Ավ. Իսահակյան, «Սաադիի վերջին գարունը»

mayramutՀավերժական սերը
I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա — ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:

Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:

Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:
II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:

Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:

-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:

Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:

Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-

Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…

Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…

Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում…
III
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:

Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:

-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:

Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:
IV
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:

Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող…

Սաադիի վերջին գարունը

Գարուն էր:

Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը, և որոնցից հարյուր հատ ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին:
Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին: Նորից լսելու համար բլբուլների երգը և տեսնելու համար գարնան հրաշքը:
Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝ վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված բուրալից ճերմակ շղարշներով:
Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.
«Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրեկանին, այնպես էլ վարդը իր շրթերն է բանում առավոտյան հովիկին»:
Թեև շա՜տ ծերացել էր Սաադին, սակայն նրա հոգին երազի աչքերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր անում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին — Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…
Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով. երգում էին իրենց դյութական ռուբայաթները սիրո կրակով կրակված, — ու երգում էին Սաադիի սրտի մեջ:
Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից,- և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը: Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով: Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով», — հիշեց Սաադին իր հին խոսքերը:
Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝ ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց. — և տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի:
Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն:
Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ:
Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ մազերի մեջ կարմիր նունուֆարներով:
Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի հելուզակներին՝ կայծակե թրերով:
Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ առյուծների ետևից՝ արծիվների թևերի տակ:
Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավաններ տեսավ. Աղոթքով ու երգով Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը:
Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփուն բյուրեղը: Եվ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…
Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.
Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, ո՛վ բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք, վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ…
Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն քար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տվել բոլոր նրանց վրա:
Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. Նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով:
Նայեց այնպես զարմացած և սքանչացած.
_  Այո՛, հրաշք է աշխարհը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի:
Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես առաջին անգամն եմ տեսնում աշխարհը. — աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող:
Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գըվգըվալով. և նորից խոսեց իր սրտում.
Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան:
Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեթիաթը:
Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով ու տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե:
Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին:
Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չըփափագի երբե՛ք մեռնելու:
Ո՛վ սեր, դո՛ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն. ես վաղո՜ւց ճանաչում եմ քեզ: Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…
Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է:
Վերջի՛ն գարունը:
Պարտեզի դռնակը բացվեց:
Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին:

Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ:
Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով ողջունեց:
Տխուր էր Սաադին: Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին:
Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ: Ինչո՞ւ ես տխուր:
Սաադին լուռ էր:
Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը. և դու ասել ես քո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր անուշ հոգին կբուրե:
Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով:
Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից:
Եվ ծերունուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի մռայլը:
Քո շնորհած վարդերը, ո՛վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են եղել միշտ և երբեք չեն թառամել:

Այո՛, Սաադի. «Ինչո՞ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին: Պահի՛ր հիշատակը բույրի, և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»:
Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը:
Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ բանաստեղծի մոտ, և պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի գլխի վերևը — այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը:
Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթ-աշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի վրա՝ ասելով.

Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.
«Ծնվում ենք ակամաապրում ենք զարմացածմեռնում ենք կարոտով…»:

Ավետիք Իսահակյան, Վենետիկ 1923թ.

Ողբում եմ դառն վիճակդ տխուր, ո՛վ հայ ժողովուրդ, տանջանքիս աղբյուր:

Եվ ո՞վ կուտա ինձ արցունք ծովերով` լալու երկիրդ արյո՛ւն ու թափո՛ւր…
Հի՜ն-հի՜ն դարերից, խավար դարերից, դաժան ու դժար ճանապարհներով` քո հոգու, մտքի ինքնուրույնության և ազատության վեհ գործի համար դու մաքառեցիր` միշտ մագլցելով դեպի անհունը, դեպի լույսն անմահ…
Ավա՜ղ, խավարը և չարը դժնյա և այս աշխարհիս գոռ հզորների սուրն ու բռունցքը խորտակեցին քեզ, և նվիրական խոր վերքը սրտիդ և մարտիրոսի պսակը ճակտիդ ընկար դու անհաղթ, բազմատանջ վկա, կատարելության մեծ շավղի վրա…
Եվ ազգեր եկան ոստերով դալար` ճախրելով դեպի արևը պայծառ և քո վրայով ընթացան հառաջ. և ազգեր եկան, ազգեր գնացին, վերքերդ տեսան և չբուժեցին, և քեզ իրենց հետ չվերցրին, տարան…
Եվ ո՞վ կուտա ինձ արցունք ծովերով լալու վիճակդ դառն, անօրինակ, իմ հեգ հայրենիք` ավեր ու ավար, ընկած ոտնատակ, աչերդ` պղտոր, երկինքդ` խավար, բռնավորների զարկի նշավակ…
Իմ վե՛հ հայրենիք, հովի՛տ թախծության, արյուն-արցունքի օվկիանոս անծիր, որ ծանրացել ես հազար տարիներ մարդկության մեռած, քար խղճի վրա և փոթորկաշունչ բուռն հորձանքով ճգնում ես փշրել զայրույթդ պատող ափերըդ հսկա…
Ողբում եմ դառն վիճակդ տխուր, ո՛վ իմ վիրալից, խոցված հայրենի՛ք. շինականներդ, որ հողդ են հերկում արյուն քրտինքով և քաղցած նստում, և հարուստներդ, մեծատուններդ` վախկոտ, փերեզակ, տխմար ու տմարդ, և արծաթասեր, իսկ գիտուններդ` ոգու այդ նանիր հեղգ գաճաճները, որոնք կույր ու գուլ օրհասիդ հանդեպ, որոնք մոռացած քո արյան ծովը թե կաճառներում փուչ ամբիոններից ճչում են անվերջ ունայն, սնամեջ զառանցանքներից, բարբաջանքներից` դսրովող և՛ մայրենի խոսք, մայրենի երկիր. վա՜յ գիտուններիդ, որոնք շան նման` այն ազատարար ձեռքն են կծոտում, որն իրենց վզի շղթան է կոտրում, որոնք` ապերախտ ստո՛ղ, դավաճան…
Առաջնորդներդ, որոնց թիկունքն է թշնամին տեսել և խղճահարվել, որոնք, սիրելիս, քո դյուցազնոգի վեհ որդիներիդ, նահատակներիդ, այն, որ նվիրված, քո վերքով վառված, արյունովդ օծված` հրեղեն սրեր — թռել են անվախ վես բարձունքները կյանքի ու մահի` քո սիրո համար — նրանց ծաղրում են և նախատում են, և անգերեզման, և անհիշատակ սև մոռացության անդունդն են նետում. առաջնորդներդ, որոնք թափում են ջրի արտասուք սուրբ վերքիդ վրա:
Ողբում եմ դառն վիճակդ դժնյա` չարի, բռունցքի զոհ հազարամյա, ընկած ազգերի մեծ ճամփու վրա…
Ողբում եմ նորից քո արտասվելի վիճակդ անգութ, դու խավարի մեջ միշտ լույս որոնող, իմ հա՛յ ժողովուրդ — արդ առավոտից մինչև առավոտ ոտներիդ ներքև ես քեզ եմ հսկում անխոնջ ու անքուն` քո շունը որպես…
Գիշերը մինչև լույս վանում եմ հեռու վերադ արշավող ոհմակը գայլի, ցերեկը, սակայն, թշնամիներիդ սրունքն եմ կծում, երբ քեզ են կոխում…
Վե՛ր կաց, ոտքի՛ ել, փոթորիկներից աննվաճ կաղնի դո՛ւ գերմարդկային, դո՛ւ գերբնական տառապանքների երկաթե ոգի,- դու պե՛տք է ապրիս, դու կուզե՛ս ապրել:
Եվ վերքդ պոկիր, տո՛ւր ինձ, սիրելիս, և գոտեպնդվիր և խրոխտ ու վես կոչնակդ հնչե՛, թող եղբայրության, և իրավունքի, և ազատության զանգը որոտա քո երկաթեղեն լեռներիդ վրա…
Ձայն տուր քո ընտիր, քաջ որդիներին, որ մռնչում են շղթաների տակ, կուռ զնդաններում, անապատներում, սառցե դաշտերում, ձայն տուր, և նրանք` խորտակած կապանք` դեպի քեզ կուգան:
Ձա՛յն տուր քո վսեմ, վեհ որդիներին, որոնք ընկած են կռվի դաշտերում, կախաղանների, կացինների տակ, և՛ գնդակահար, և՛ սրախողխող, ձա՛յն տուր, և նրանք կկենդանանան և կրակի պես կսլանան, կուգան…
Եվ քո դարավոր ցասման, զայրույթի ամպրոպի շանթը արձակե հիմա, ջախի՛ր, ջախջախի՛ր բռունցք ու շղթա, նոր արև վառի՛ր մեր խավարամած, հոգնած բբերին, և՛ ազատության, և՛ արդարության վառ գարունը բեր մեր ավեր երկրին, ստեղծագործության և ոգեվառման երազ-թևերով մեր ոգին թռցրո՛ւ ափերը հեռո՜ւ…
Դու պե՛տք է ապրես, դու կուզե՛ս ապրել. ո՛վ դու ախոյան լույսի, գեղեցկի. կռվել, ոգորել դու վաղո՛ւց գիտես,- փշրի՛ր, փոշիացրո՛ւ օրենք ու կուռքեր, բարվո և չարի տախտակները հին, և բազմաչարչար քո հոգու խորքից ստեղծագործի՛ր ոգու սավառման մի նորոգ աշխարհ` բոլոր տառապած, բոլոր խոշտանգած, ծարավի, ցավի մեր ոգիների փրկության համար…
Ավետիք Իսահակյան, 1906թ.
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ավ. Իսահակյան, «Սաադիի վերջին գարունը»»

  1. Уведомление: «Ավետիք Իսահակյան». մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: ՙՙ ՙՙՍաադիի Վերջին Գարունը՚՚՚ ՚՚ Ավետիք Իսահակյան | astamelody

  3. Уведомление: Ավետիք Իսահակյան <> | Eric Sahakyan

  4. Уведомление: Հավերժական սերը. Ավետիք Իսահակյան | astamelody

  5. Уведомление: Հավերժական Սեր | rene8008

  6. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Ավ. Իսահակյան, «Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Ավ. Իսահակյան, «Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: «Ես կարողանում եմ» ստուգատես. հայոց լեզու; գրականություն | Գևորգյան Մանե

  14. Уведомление: 9-րդ դաս.-ի ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  16. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  18. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  19. Уведомление: Մեր Վարպետը՝ Ավետիք Իսահակյան | Մերի Երանոսյան

  20. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  21. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  22. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  23. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  24. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  25. Уведомление: Աշնանային արձակուրդ. հոկտեմբերի 23-30 — Դասավանդողի մեդիադարակ

  26. Уведомление: Աշնանային արձակուրդ — Դասավանդողի մեդիադարակ

  27. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  28. Уведомление: Ուսումնական աշուն — Դասավանդողի մեդիադարակ

  29. Уведомление: Հոկտեմբերի 22-29 | archy2002

  30. Уведомление: Գրականություն Նոյեմբեր | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s