Նրանք, ովքեր երբևէ ցանկություն են ունեցել ծանոթանալու Օգյուստ Ռոդենի կյանքին, անխուսափելիորեն հանդիպած կլինեն Կամիլլա Կլոդելի անվանը: Կամիլլա Կլոդելը Ռոդենի մուսան էր, ով գեղեցիկ ու խելացի լինելուց բացի, նաև տաղանդավոր քանդակագործ էր: Բայց կծնվի սեր, որի թափին մի կերպ, գերագույն ճիգով կդիմանա 43-ամյա Ռոդենը, բայց սերն իր խորխորատները կքաշի, կտանի և ի վերջո կկործանի այդ քնքուշ էակին՝ Կամիլլային, ով ընդամենը 19 տարեկան էր:
Կամիլլային, ով ի դեպ ֆրանսիացի դասական գրող Պոլ Կլոդելի սիրելի քույրն էր, սիրո անհույս ճիրաններից փրկել կփորձի Կլոդ Դեբյուսսին (ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրը): Այն նույն Արշիլ Կլոդ Դեբյուսսին, ով խոնարհվել էր Կոմիտասի առաջ՝ նրան համարելով «բացառիկ օժտվածության կոմպոզիտոր»:
Մեկ տարի շարունակ նրանք՝ Կլոդ Դեբյուսսին ու Կամիլլան, կհանդիպեն, բայց…Դեբյուսիին չի հաջողվի փրկել Կամիլլային: Արդեն Կամիլլայից բաժանվելուց հետո Դեբյուսսին կգրի. «Ես իսկապես սիրել եմ նրան, ու շատ ավելի սկսեցի սիրել, երբ հասկացա, որ նա երբեք չի համաձայնվի որևէ մեկի տալ իր ամբողջ սիրտը: Նա բոլոր այս փորձություններից դուրս կգա ուժեղացած: Հիմա մնում է հասկանալ, արդյո՞ք նրանում մնացել է այն, ինչ ես եմ փնտրում, թե այլևս ոչինչ չի մնացել: Չնայած այս ամենին, ես եմ վճարում Երազանքներիս Երազի կորստյան համար»:
Նրանք մեկընդմիշտ կբաժանվեն: Դեբյուսսին որպես հիշատակ իր հետ կվերցնի Կամիլլա Կլոդելի «Վալսը» և այլևս երբեք չի բաժանվի այդ քանդակից: Դեբյուսիից Կլոդելի բաժանության փաստը որոշ կենսագիրներ պայմանավորում են Ռոդենի խանդով: Իսկ կենսագիրների մի մասն էլ տարակուսում է՝ հազիվ թե…
Կամիլլան կմնա մեն-մենակ իր սիրո, ցավի ու հոգեկան անտանելի ապրումների հետ: Հոր մահից հետո նրան կտեղափոխեն Մոնդեվերգի հոգեբուժարան, ուր նա կանցկացի իր չապրած կյանքի վերջին 30 տարիները: Նա մահացել է 1943թ.ին: Նրան գտել են անկողնում՝ ցրտից անշնչացած: Մինչև կյանքի վերջ Կամիլլան իր անհաջողությունների համար կմեղադրի Ռոդենին, բայց երբ նրա մահվան լուրը կհաղորդեն Կամիլլային, նա կսկսի անզուսպ հեծկլտալով լաց լինել ու ողբալ Ռոդենի մահը…
Ռոդենի մահվանից 15 տարի հետո Կամիլլային կհանձնեն Վարպետի նամակը. «Մի պահ ես զգացի, թե որքան ուժեղ է քո իշխանությունն ինձ վրա: Եղիր ողորմած, դաժան: Վտանգավոր աստվածուհի, ես խենթանում եմ քեզ համար, ես քեզ ուզում եմ տեսնել ամեն օր»: Ռոդենը նամակում խնդրում էր ներել իրեն, առաջին անգամ նրան հանճարեղ էր անվանում, խոստովանում էր իր վախկոտության մասին, որի պատճառով ամեն ինչ այդպես ողբերգական ավարտ ունեցավ: Սիրային նամակը ավարտվում էր հետևյալ տողերով. «Ինձ առաջվա պես անհրաժեշտ է քեզ ամեն օր տեսնել»:
1984թ.-ին, Կամիլլա Կլոդելի քանդակների ցուցահանդեսը բացվեց Վարենն փողոցի վրա՝ Ռոդենի թանգարանի դիմաց: Կամիլլա Կլոդելի քանդակները նայելու եկած մարդկանց անվերջանալի հերթը հաստատեց հայտնի արվեստաբան Արման Դեոյի կանխատեսումը. «Ես շատ կզարմանամ, եթե իմանամ, որ Կամիլլա Կլոդելը իր տեղը չի զբաղեցրել քանդակագործության պատմության մեջ»:
Ռոդենը Ռոզա Բյորեի հետ ապրեց 50 տարի՝ իրենց ամուսնությունը համաձայնվելով օրինականացնել կնոջ մահվանից ընդամենը 15 օր առաջ: Մահից օրեր առաջ Օգյուստ Ռոդենը դիմել էր Ֆրանսիայի կառավարությանը` խնդրելով իրեն մի փոքրիկ կացարան հատկացնել, քանի որ այն վերնահարկում, որտեղ նա էր ապրում, ցուրտ էր և մեծ քանդակագործը ցրտահարվում էր: Նրա դիմումներն անպատասխան մնացին: 1917 թ նոյեմբերի 17-ին Ռոդենը վախճանվեց թոքերի բորբոքումից:
Աղբյուր՝ Елена Иванова. Милая Камилла, или Золото Родена
Журнал «Вокруг Света», №1 (2820) | Январь 2009
Լուսանկարները՝ ռուսական կայքէջերից. առաջին, երրորդ լուսանկարներում՝ Կամիլլա Կլոդ, երկրորդում՝ Կլոդ Դեբյուսսի, չորրորդում՝ Օգյուստ Ռոդեն
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռոդեն Ռընե Ֆրանսուա Օգյուստ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)