Թումանյանը՝ վերլուծաբան ու պայծառատես

sirun-xachԹումանյանը Թումանյան չէր լինի, եթե շարունակ չհուզեր, չհետաքրքեր ու չկապեր իրեն ու իր գործերին՝ ստիպելով նորից ու նորից կարդալ ու կարդալ:

Թվում է՝ գոնե որպես բանասեր, ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ գիտես Նրա՝  Հովհաննես Թումանյանի մասին, ու հազիվ թե ինչ-որ բան հայտնաբերես, որ քեզ արմանք ու զարմանք պատճառի, բայց մեկ էլ ամեն անգամ էնպիսի մի բան ես գտնում, որ քեզ ու քեզ, եսիմ որերորդ անգամ զարմանքից քար ես կտրում՝ ոնց կարող էի սա չիմանալ կամ չկարդալ, կամ էլ կարդալուց ուշադիր չլինել:

Ինձ ու ինձ որոշեցի, որ պիտի կարդամ Հովհաննես Թումանյանի «Գործք հարանցը» ու մի քանի հոդվածներ ևս: Է, դե որ որոշել եմ, ուրեմն՝  պիտի կարդամ: Բայց պարզվեց, որ էդքան էլ հեշտ գործ չի այդ գիրքը էլեկտրոնային տարբերակով գտնելը: Նման դեպքերում ես միշտ դիմում եմ մեր Մարիին Գաբանյան: Շնորհակալ եմ՝ այս անգամ էլ օգնեց: Բայց, որպեսզի իմ խոսքը հետասյու չխանգարի  հետագա գրառումներին, այս պահից սկսած ես այն դադարեցնում եմ՝ փոխանցելով Թումանյանին:

Գործք հարանց (իմ գիտեցածը)

Թումանյանը պատմում է, որ իր Հովակիմ պապը, որպեսզի բոլոր մահմեդական ազգերը դադարեն «ավազակություններով ու բարբարոսություններով կոտրել հայի աչքի որդը», սուր է դնում «սրասեր ազգի ձեռքը», որպեսզի թուրքերը տեսնեն, որ հայերն էլ «գյուլլա ձգել գիտեն»:

«Թուրքին մինչև չծեծես, խոնախա չի դառնալ: Հնուց պապական առած է և փորձով հաստատված. այդ է պատճառը, որ մինչև այսօր հարգում են, պատվում են Թումանյանց, ուխտի էին գալիս նրանց օջախը հայերի հետ անխտիր, չնայելով հայերը ոտնատակ են տվել, մոռացել, և այդ դեռ բավական չէ, բամբասում են իրանց երբեմն պաշտպան Թումանյան տանը, ծառը որ ընկնի, կացնավորը կշատանան. այնուամենայնիվ թուրքերը մինչև այսօր հարգում են այդ ավերակ տան բեկորներին և նորա նախնի հսկաների հաջորդ գաճաճներին»:

Թումանյան տան նախնիներից մյուսը՝ Աբգարը (Օսմանը) թուրք է սպանում, այն հարցին, թե ինչու սպանեց, պատասխանում է. «թուրք էր, էն պատճառավ»:

Հետաքրքիր է «Գործք հարանցի» ավարտը, երբ Թումանյանը վերլուծում է Թումանյան տան անկման պատճառները: Ըստ Թումանյանի, Տերսանց տան անկման պատճառներից մեկը պիտի փնտրել Հովակիմի՝ «տաճիկ տարրը խեղճացնելու ու վրեժխնդրության ծայրահեղացման մեջ: Երկրորդ պատճառը Աստծո ճանապարհից շեղվելն էր:

«Ահա թե ինչու» հոդվածում Թումանյանը գրում է.  «Այո՛, աշխարհքին հայտնի մի պարզ ճշմարտություն է, որ Տաճկաստանում կոտորում են հայերին։ Բայց պետք է գտնել սրա ետևը թաքնված մյուս ճշմարտությունը- պատճառը, որը կարող է շատ բարդ լինել։ Ինչո՞ւ է Տաճկաստանը, Համիդյան թե ժյոն թուրքական, բռնապետական թե սահմանադրական, հալածում ու կոտորում հայերին և թույլ տալիս կոտորելու նույնիսկ մկների ջգրու, ինչպես ասում է ժողովրդական երգը։ Էս մի հարցին մի քանի պատասխան են տալի։ Ասում են՝ որովհետև հայերը քրիստոնյա են… որովհետև տնտեսական խնդիր կա… որովհետև հեղափոխականներ կան… որովհետև վրեժ կա… որովհետև անկարգ կառավարություն է, խավար է… Էդ ամեն որովհետևներն էլ կարող են լինել և կան, սակայն մի որովհետև կա, որ ինձ թվում է, թե ամենալուրջ պատճառն է հայկական կոտորածների։ Վերցրեք Թուրքիայի քարտեզն ու մտիկ արեք։ Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա։ Եվ էդ երկիրներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ոչ Բալկանյան թերակղզին է, ոչ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, էն երկիրը, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը։ Էս տեսակետից էլ հայկական հարցը Տաճկաստանը հուզող ամենածանր ցավերից մինն է, և հետզհետե թերևս դառնա ավելի ու ավելի ծանր, քանի թուրքն ստիպված լինի սեղմվել դեպի էս կողմերը։ Եվ ահա էս հարցից ազատվելու հնարը էսպես է վճռել թուրքի պետական հանճարը-հայերին կոտորել կամ հալածել, քշել, գաղթեցնել։ Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլև խելագար, սակայն հաստատ»։

Իր մեկ այլ հոդվածում՝ «Հայկական հարցն ու իր լուծումը», Թումանյանը գրում է. «Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է։  Ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։ Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ։ Եվ տեղ չկա խուսափելու»։

«Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը։ Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։ Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար»։

Դժվար է հավատալ, բայց Թումանյանը այս երկու հոդվածներն էլ գրել է 1912-13 թթ-ին՝ նախապես կանխազգալով իր ժողովրդի գլխին կախված վտանգը: Հոգու ամենանուրբ և ամենասուրբ թելերով կապված լինելով իր ժողովրդին, բանաստեղծը հիրավի դարձավ այն հազվագյուտ կանխատեսողներից մեկը, ով դառնորեն գուշակեց հային բաժին պահված պատմության եղերական էջերից մեկը: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնեց Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները: Թե որքան ծանր է եղել այդ օրերին Թումանյանի վիճակը, պատկերացում ենք կազմում Լեոյի գրառումներից. «Հովհ. Թումանյանը այդ դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար չի գժվում»: Ազգի բանաստեղծը իրավունք չուներ գժվելու, որովհետև պիտի մի օր, անսահման երջանկությամբ արձանագրեր. «…Հիշում եմ և էն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե արդեն չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը, ոմանք զվարթ երգում են խմբով, կատակներ անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում: Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքով»:

Իսկ 1915-թ-ին Թումանյանը կգրի հզոր ու հուժկու երկու՝  «Հոգեհանգիստ» և «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունները, որոնք հնարավոր չէ կարդալ առանց փշաքաղվելու: Ու կավարտի, ոչ ավել ու ոչ պակաս, այ այսպիսի շշմելու վերջաբանով.

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․

Թումանեանը օժտուած է եղել դէպքերը կանխազգալու պայծառատեսութեան զգացումով։ Նախազգացել է ոչ միայն իր եւ մերձաւորների կեանքի դէպքերը, այլեւ հայ ժողովրդի կեանքում տեղի ունեցող պատմական իրադարձութիւնները։ Նա գիտէր, որ այդ յատկութիւնը ժառանգել էր իր ծնողներից, յատկապէս՝ մօրից. «Իմ հէրն ու մէրն էլ նախազգացումի, պայծառատեսութեան ու երազի զարմանալի ընդունակութիւն ունէին: Իսկ մէրս մինչեւ օրս էլ ինձ զարմացնում է իր նախազգացումներով, իր պայծառատեսութեամբ ու իր երազներով»։

Տէր Թադեւոսի ընտանիքում, թերեւս, ամէնից շատ անդրանիկ որդին՝ Յովհաննէսն էր ժառանգել դէպքերը նախազգալու այդ յատկութիւնը։ «Երազը իմ կեանքում» գրառման մէջ Թումանեանը վկայում է. «Չեմ սխալուիլ, եթէ ասեմ՝ իմ կեանքում մի որեւէ դէպք չի պատահած, որ առաջուց նախազգացած ու նախատեսած չլինեմ։ Նախազգացած ու նախատեսած էլ որ ասում եմ, ասում եմ ոչ միայն արթուն ժամանակ, այլեւ քնած ժամանակ, երազում, այլաբանօրէն, պատկերներով, խորհրդանշաններով»։

Եվ վերջում՝ «Ամէն ազգի մէջ կան եւ միշտ կը լինեն ամէն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցութիւններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջութիւնը: Եւ եթէ որեւէ սոցիալիստական խմբակցութեան էլ կապուած եմ եղել ու շատ կարճ միջոցով, կապուած եմ եղել ոչ թէ ծրագրային կապով, այլ լոկ ընկերական եւ կոնկրետ գործի շուրջը»:

Աղբյուրը՝  Հովհաննես Թումանյան, «Ուսումնասիրություններ, օրագրեր և այլ նյութեր»

Երկերի Լիակատար Ժողովածու, Երևան 1999թ., 8-րդ հատոր (Գործք հարանց)

Երկերի Լիակատար Ժողովածու, Երևան 1999թ., 6-րդ հատոր (Ահա թե ինչու)

Սուսաննա Յովհաննիսեան, «Թումանեանի դատավարութիինը» 

http://toumanian.am/tangaran/tang.php

Լուսանկարը՝  hraparak.am-ից

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Թումանյանը՝ վերլուծաբան ու պայծառատես

  1. Уведомление: Հովհ. Թումանյան, «Հոգեհանգիստ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Խոնարհումս հայ զինվորին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ցավն այս քննարկման ենթակա չէ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Թումանյանը՝ վերլուծաբան ու պայծառատես — Մարիամեդիաբլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s