Գեղեցկություն ասված աստծու լույսը

hrantՓետրվարի 12-ին ծնվել է հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը: 

Հրանտ Մաթևոսյանը Վահան Տերյանի մասին (հատված)

Նա չարտագրված բառ չունեցավ: Նա չքաղաբերված տող չունեցավ։ Նա լեզու դրեց հայ գրականության բերանը, բնազդային անորոշ թրթիռները, որ անգամ Թումանյանից ճանաչվելուց էին խուսափում, Տերյանից անուն ու նշանակություն առան և իրենից հետո եկողի համար արդեն կայուն բառամթերք էին, իրենից հետո եկողն արդեն կարող էր հայոց լեզու հրավիրել նաև այնպիսի գրողների ու մտածողների, ում համար մինչև Տերյանի հայտնությունը մեր լեզուն տեղ չուներ: Արդյո՞ք այս նույն երևույթը ի նկատի չունի Աստվածաշունչը խոսքի մասին իր առակում. «Ի սկզբանե էր բանն…»: Միա՛յն:
Տերյանն, այո, հայոց լեզվին բան տվեց, և լեզուն, որ ամբողջ մշակույթի հիմքն ու հենքն է, յուրացնել սկսեց երևույթներ, որ մինչև Տերյանը միայն ուրվագծել էր զորում: Սա զուտ Տերյանի՞ վաստակն է, թե՞ նաև իր ժամանակի: Իր գործի նշանակությունը ոչ ավելացնելով և ոչ էլ նվազեցնելով ասենք, որ նաև ինքը Տերյանն էր բազում ժամանակների ու սերունդների համառ աշխատանքի արդյունք, բայց ասենք նաև, որ իրենի՛ց հետո հայ նկարչությունն սկսեց այլ կերպ տեսնել ու նկարել, քան մինչև Տերյանն էր նկարում. իրենի՛ց հետո հայ ճարտարապետությունը սկսեց նկարել ու կառուցել այլ կերպ, քան մինչև Տերյանը. և՛ երաժշտությունը, և՛ բուն բանարվեստը: Այլապես՝ հնադավաններ կլինեին և ժամանակավրեպ կկոչվեին:
Նկատված երևույթ է, որ գաղթածները նոր վայրերում փնտրում ու գտնում են իրենց հին հայրենիքին հնարավորինս նման հայրենիք և հին տունը նոր գյուղում նույնությամբ վերականգնում են. առջևները հեռվում սար է եղել՝ նոր վայրերում են սար փնտրում, գյուղը գետի ակունքներում է եղել՝ այստեղ են ակունք գտնում, դուռն արևելք է նայել՝ դարձյալ արևելք է նայում: Մեր խոսքը հիմա, սակայն, Բյուրակն ու Ջավախք աշխարհների անվերապահ նմանության մասին չէ  միմյանց նույնությամբ կրկնելու մասին է երկու, թվում է, հեռավոր աշխարհների՝ Ջավախք աշխարհի և Տերյանի բանաստեղծության: Ժողովրդի և բնության այս գեղեցկապաշտությունը և Տերյանի բանաստեղծության այդ գեղեցկապաշտությունը փոխկանչի մեջ են և իրարու գտնում են: Եթե աչքերս կապած ինձ պտտեին հայրենի երկրում և միայն մի փոքրիկ պատկեր տեսնեի, որ տեսա  սիրունիկ հագնված աղջնակը ինքը իրեն չափ էր տալիս և ուլի ու հորթի առջև պարում, կամ հեռվի գետակից մի ոլորան տեսնեի, կամ վանքի մի պատը, կամ հացի ու կարտոլի խնամված ցանքերից մի գորգաչափ տեղ, պիտի ասեի. դուք ինձ բերել եք Տերյանի Ջավախք, այսքան գեղեցիկ միայն Տերյանի պոեզիան է:
Ամենամյա մեր այս ուխտագնացությունը և մե՛զ է հարկավոր, և իրեն պոետին. մենք նրա անմահությունն ենք, ինքը մեր կարիքը ունի, առանց մեզ՝ նաև իր ղողանջն էր մարելու, ինչպես որ մարել է, ասենք, Աղթամարի ղողանջը. և մեծից փոքր ու ղեկավարից հասարակ մենք բոլորս իր կարիքը ունենք, քանի որ մարդու նպատակը վեհ ու վեր մի գեղեցիկ բանի առնչվելն է:

Դեպի ինքը ձգտելով՝ մենք այդ վեհին ու վերին ենք ձգտում:

26.07.1987

Աղբյուր՝  Հրանտ Մաթևոսյանի պաշտոնական կայք

Կարող եք ծանոթանալ նաև՝  Հրանտ Մաթևոսյան, «Ինքնանկար»

Հրանտ Մաթևոսյան, «Լինել», «Ինչ որ դուք ուզեք, այն էլ գալու է»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Գեղեցկություն ասված աստծու լույսը

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Գնալու և հասնելու ճանապարհը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s