Հովհաննես Թումանյան, բանաստեղծություններ

H.Tumanyan

 «Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը՝  դպրոցի բովանդակությունը»: Հովհաննես Թումանյան

Ժպտուն աչքեր

Դու մի՛ հավատա ժըպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ՝
Բուսած կորըստյան անդունդի ծերին,
Միամիտ մարդկանց քաշելու համար։

Ահա պոետն էլ, պատրանքով հարբած,
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքան տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքան սըրտում գանգատներ ունի…

Դու շատ մի՛ խաբվի ժըպտուն աչքերից,

Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից
Տըխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սըրտում էնքան գանգատներ ունի,

Բայց հաճախ էնպես ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի։

Քրիստոսն անապատում

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա։

Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր-լույս ծավալի
Մարդկային կյանքի մութն անապատում։

Աչքի առաջև անց էին կենում

Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր…

Եվ անապատում մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա…

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շընորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տրվածն եմ տալիս իրեն։

 Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Թե հոգնել ես…

Թե հոգնել ես հաղթահարված,

Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։

Տիեզերքի ընթերցումը

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել՝
Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
Բարձըր ճակատիս ժըպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով

Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ։

Վերանում է վեր հոգիս զըվարթուն—
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,

Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված։

Տպավորություններ

Հա՜, կյանքում ես միշտ այսպես եմ եղել —
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչեւ եմ «ա՛խ»:

Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին —
Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները ճընշում են իրար:

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի — տեսնում է շատ բան
Ե՜վ մոտ, և՜ հեռու, և՜ փայլուն, և՜ սև…

Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
Լցվում են նրանք իմ անտակ հոգին
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում:

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթև:

Եվ ամեն կողմից ձայնե՛ր ու ձայնե՛ր,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ…
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ:

Լրբենի մի ձայն, — և ինչպես մրրիկ
Վազում է արյունս իմ երակներում,
Պայթում է սիրտս, և օձի նման
Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում:

Մի ձայն էլ ահա, — տկա՛ր, խղճա՛լի…
Եվ ես փոխվում եմ նորից ու նորից.
Ա՛հ, աստվա՛ծ, աստվա՛ծ, իմ փոթորկալի
Հոգին տանջվում է այսքան ձայներից:

Վայրէջք

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,

Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից

Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս…

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով

Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։

Աղբյուր՝   Վիքիդարան

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Թումանյան» կայքէջին

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Հովհաննես Թումանյան, բանաստեղծություններ»

  1. Уведомление: Փետրվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Նունե Մովսիսյան:

    Երջանկությունը, իմ շնորհալի բարեկամ, հենց նրանով է լավ, որ աշխարհի բոլոր լավ բաների նման, լույսի նման, օդի նման՝ միշտ ու ամեն տեղ կարող ենք գտնել, դեռ նրանցից էլ ավելի առատ: Երջանկության աղբյուրը մարդու սիրտն է: Եվ մեծ ու հարուստ սրտով մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում:
    Հովհաննես Թումանյան

  3. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Ուսումնական փետրվար. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Ուսումնական փետրվար. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական մարտ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ուսումնական մարտ. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s