Մարտի 9-ին ծնվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը:
Համալսարանական իմ ուսանողական տարիները, ինչպես շատ-շատերինը, լիքն են եղել: Լիքն են եղել հատկապես հետաքրքիր մարդկանցով: Բանասիրական ֆակուլտետում ինձ դասավանդած դասախոսների անունների թվարկումն արդեն իսկ տպավորիչ է. ակադեմիկոս լեզվաբաններ՝ Էդուարդ Աղայան, Գևորգ Ջահուկյան, Հովհաննես Բարսեղյան, ակադեմիկոս գրականագետներ` Էդվարդ Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Վազգեն Գաբրիելյան, ժամանակակից հայոց լեզվի իմ դասախոսները՝ պրոֆեսորներ Աշոտ Սուքիասյան, Մանվել Ասատրյան, Ռաֆայել Իշխանյան: Առանձնակի հուզումով եմ հիշում իմ գրաբարի դասախոսին՝ երջանկահիշատակ Խորեն Պալյանին: Ինչպես ուսանող ժամանակ, հիմա էլ Բուն TV-ով հաճույքով լսում եմ իմ փիլիսոփայության դասախոսին՝ Աշոտ Ոսկանյանին: Բա արտասահմանյան գրականության մեր արտիստիկ դասախոսները՝ մեկը մեկից ինքնատիպ ու յուրօրինակ. Լևոն Ներսիսյան, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան: Ուսումնասիրելու, հետազոտելու ինչ-ինչ որակներ ձեռք բերելուս համար շնորհակալ եմ իմ դիպլոմային աշխատանքի («Սիրո հոգեբանությունը Գրիգոր Զոհրապի նովելներում») ղեկավարին՝ պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանին:
Նրանք բոլորն էլ իմ ներաշխարհում, ինչ խոսք, անտեսանելի հետք թողել են: Բայց եղել են դասախոսներ, որոնց թողածը տեսանելի է ու շոշափելի-նյութական: Դրանցից մեկը, անշուշտ, Ռաֆայել Իշխանյանն է:
Բարի, հանդարտ մարդ էր: Բաց կապույտ աչքեր ուներ, մանկան անմեղ ժպիտ: Թեև ինքը մեզ դասավանդում էր «Ժամանակակից հայոց լեզու», բայց քննության ժամանակ՝ քննաթերթ քաշելուց առաջ, արտասանել էր տալիս Վահան Տերյանի բանաստեղծություններից և Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ», «Միրհավ» պատմվածքներից հատվածներ:
Հիշողությանս մեջ հատկապես տպավորվել է մի դեպք: Իշխանյանի հերթական դասն էր, ու ես, դասախոսությունը գրելու փոխարեն, նստել էի պարապ-սարապ ու մտքում երաժշտություն էի մտմտում: Շատ էի տարվել ու չէի նկատել, որ Իշխանյանը ամբիոնի մոտից եկել, հասել է ինձ: Մեկ էլ գլխիս վերևից լսեցի Իշխանյանի ձայնը.
-Կարո՞ղ եմ իմանալ՝ ինչու չես գրում:
Ի՞նչ պիտի պատասխանեի, ազնվորեն խոստովանեցի, որ նախորդ օրվա տեսածս «Ամադեուս» ֆիլմից երաժշտական հատվածներ եմ «երգում»: Համ պատասխանում եմ, համ էլ սպասում, որ Իշխանյանը ուր որ է բարկանալու է: Հանկարծ, ինձ համար անսպասելի, Իշխանյանը հարցրեց.
-Ո՞ր հատվածն ես երգում:
Ես սկսեցի կամացուկ հատվածը երգել, մեկ էլ, ի զարմանս ինձ, Իշխանյանը ռիթմը բռնեց ու սկսեց շարունակել: Այդպես ինքնամոռաց, մեկ-երկու րոպե միասին՝ Իշխանյանն ու ես, Մոցարտ «դընդընացինք»:
Հավանաբար զգալով ուսանողների զարմացած հայացքները՝ Իշխանյանը թողեց երգելը, ինձ նայեց աչքերի կապույտ ժպիտով, ապա դեմքով շրջվեց դեպի լսարանն ու բոլորին լսելի ձայնով բարձրաձայնեց.
-Իսկ դասախոսությունը կարող ես չգրել: Մոցարտին կարելի է, Մոցարտին կարելի է…
Ասաց ու հանդարտ շարունակեց դասախոսությունը:
Այսպիսի Ռաֆայել Իշխանյան…
Երախտագիտությամբ և խոնարհումով՝ Նունե Մովսիսյան
Նունե ջան,ես էլ պատմականում եմ սովորել,կարող է նույն ժամանակ ենք ուսանող եղել:Ինձ էլ են դասավանդել Խորեն Պալյանը,Վազգեն Գևորգյանը…
НравитсяНравится
Մի բուռ ազգ ենք, ծանոթ դուրս եկանք, Գայանե ջան:
НравитсяНравится
Նման Մարդ տեսակը շատ քիչ է հանդիպում. ես երջանիկ եմ,որ եղել եմ Նրա ուսանողը,և հպարտ եմ,որ նրա համար եղել եմ «սիրելի ու հրաշալի Նարինե»,և երախտապարտ եմ,որ Նրա շնորհիվ այսպիսի ուսուցիչ եմ…
НравитсяНравится
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր | Բլե Իշխանի կամ Բլեյանների տոհմ
Նունե ջան, Ռաֆայել Իշխանյանը եղել է մեր ընտանիքի լավագույն բարեկամը՝ հայրիկիս երկար տարիների ընկերը և ես հպարտ եմ որ նման գիտնականը, հրաշք անձնավորության ժամանակակիցն եմ եղել,լսել եմ նրա խոսքը՝ լակոնիկ, ոսկեղենիկ հայերենը,իմաստուն մտքերը: ՌաֆայելԻշխանյանի խորքային, ճշմարիտ հայի քրիստոնեա տեսակը մեր ազգին շատ է պակասում:
НравитсяНравится
Уведомление: Ռաֆայել Իշխանյան «Երրորդ ուժի բացառման օրենքը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռաֆայել Իշխանյան. հարցեր անուղղելի ռուսասերին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ