Իմ հայրական օջախում ծնվել-մեծացել է 5 երեխա: Ինձ համար իմ Սարգիս եղբայրն ու երեք քույրերը մի-մի աշխարհ արժեն՝ նախշուն ու հետաքրքիր, պայծառ ու անուշ:
Իսկ, երբ պատահում է՝ հինգով միասին ենք լինում, ես պարզորոշ զգում-գիտակցում եմ՝ ինչ ասել է տիեզերք և տիեզերքի տեր լինել:
Հասկանում եմ՝ ինչ ասել է իրական անչափելի հարստություն և հարաբերությունների շքեղ հրավառություն: Փառքդ շատ, Տեր Աստված…
Նման հարաբերությունների համար, ինչ խոսք, իրենց լուրջ դերակատարումն են ունեցել մեր ծնողները: Աստված հոգիները լուսավորի…
Հայրս օդաչու էր ու գրականության, արվեստի մեծ սիրահար: Նա է եղել նաև փիլիսոփայության, հոգևոր թեմաներով զրույցների իմ առաջին ուսուցիչն ու իմաստուն ընկերը: Ես առաջինը նրանից եմ լսել մեր շատ գրողների անուններ, պատմություններ ու հուշեր նրանց մասին:
Բայց մեր ընտանիքում կար մեկը, ում անունը, թերևս, ամենանվիրականն էր, ով առանձնահատուկ հարգանքի էր արժանանում: Ավելին, ում ծննդյան օրը ամեն տարի նշվում էր: Եվ այդ մեկը Եղիշե Չարենցն էր:
Բանն այն է, որ քույրերիցս մեկը ծնվել է մարտի 13-ին: Ու ամեն տարի, երբ մենք հավաքվում էինք տոնական սեղանի շուրջ, հայրս, ընդունված կարգի համաձայն, առաջինը բաժակ էր բարձրացնում և շնորհավորում Եղիշե Չարենցի ծննդյան օրը…
Այդ սովորությունը ավանդույթի ուժով շարունակվում է նաև այսօր. Մոսկվայում բնակվող մեր քույրիկին շնորհավորելիս հիշում ենք նաև մեր Չարենցին:
Միայն թե, ի տարբերություն մանկության տարիների, հիմա արդեն դա անում ենք նաև որպես հարգանք մեր հայրիկի լուսե հիշատակի…
Եղիշե Չարենց, հարազատ մարդ, ծնունդդ շնորհավոր:
Հայկանուշ ջան, իմ անուշ քույրիկ, չարենցոտ ծննդյանդ օրը շնորհավոր:
Նունե Մովսիսյան
Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Խոնարհումս, մամ․․․ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)