Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն
քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:
Աղբյուր՝ Վիքիդարան
Կարող եք ծանոթանալ նաև՝ Նարեկացի «Մատյան Ողբերգության», Նարեկացու հետ, Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը
Ինչպես նաև՝ «Գրիգոր Նարեկացի» մեդիափաթեթ
Գրիգոր Նարեկացի «Մեղեդի Ծննդյան»
Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից՝ վառ
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թևերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելևեջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծոցը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:
Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն Փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:
Уведомление: Ավետումն Սբ Աստվածածնի. ապրիլյոթյան խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Քննական հարցեր — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Առասպելական… | Լիրա Խաչատրյան
Уведомление: Հայկական առասպելները. – Անի Հարությունյան
Уведомление: Առասպելներ | Նարեկ Մանուկյան