Սուրոժսկի «Կյանքի և աղոթքի միության մասին»

armpapaver

Կյանքն ու աղոթքն անքակտելիորեն միահյուսված են։ Այն կյանքը, որտեղ բացակայում է աղոթքը, զուրկ է խորությունից։
Այդպիսի կյանքը սահմանափակված է միայն երկու չափումների՝ տարածության ու ժամանակի մեջ, որը բավարարվում է միայն տեսանելիով, միայն իր մերձավորով, այն էլ նրա ֆիզիկական երևույթով, որի մեջ երբեք հասանելի չի կարող լինել նրա ճակատագրի ողջ անսահմանությունն ու հավերժությունը։ Աղոթքի իմաստը մեր կյանքով իսկ բացահայտել ու հաստատել կարողանալն է, թե ամեն բան հավերժի մասնիկ է և չափողականության սահմաններից անդին։ Այս աշխարհը, որտեղ ապրում ենք, անաստված չէ, այն մենք ենք խեղաթյուրում, իսկ նրա արժեքն Աստծո համար Իր Միածին Որդու կյանքն ու մահն են, ուստի յուրաքանչյուր մարդ, մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա սուրբ է Աստծո համար։ Արարչին թանկ և սիրելի լինելով՝ ամեն իր և էակ թանկ է դաոնում նաև մեզ համար։ Չաղոթել՝ նշանակում է գոյություն ունեցող ամեն բանի սահմաններից դուրս թողնել Աստծուն, և ոչ միայն Նրան, այլև այն կարևորությունն ու նշանակությունը, որ ունի Աստված իր արարչության, նաև մեր երկրի համար։
Մեզ հաճախ թվում է, թե դժվար է կյանքն ու աղոթքը համատեղելը։ Բայց սա մոլորություն է, կատարյալ մոլորության, որի պատճառը կյանքի ու աղոթքի մասին ունեցած մեր թյուր պատկերացումներն են։ Մենք կարծում ենք, թե կյանքի իմաստը վազվզոցի մեջ է, իսկ աղոթքինը՝ ինչ– որ տեղ մեկուսանալու և մեզ նմանների, մեր մարդկային վիճակի ու ամեն ինչի մասին մոռանալու մեջ։

Աղոթել սովորելու համար հարկավոր է նախ լիովին հաշտվել մարդկային ճակա-տագրի իրականության, նաև ողջ աշխարհի ճակատագրի հետ և պատրաստ լինել այդ ճակատագրի մինչև նրա վերջին նշանախեցը մեր ուսերին վերցնելու։ Հենց սրանում է Աստծո մարդեղության էությունը, այս իրողության մեջ է պարփակված Աստծո խոնարհության վեհությանը, որն անվանում ենք միջնորդության։

Սովորաբար Աստծո առջև աղոթական վիճակում կանգնելն ընկալում ենք որպես բարեկիրթ հիշեցում այն մասին, ինչ Նա մոռացել է անել։ Իսկ իրականում դա քայլ է, այնպիսի մի քայլ, որը մեզ կանգնեցնում է ողբերգական իրականության կենտրոնում, քայլ՝ նման այն քայլին, որով Աստված մեկընդմիշտ դարձավ մարդ։

Աղոթքը երկու աղբյուրներից է սկիզբ առնում. այն կամ մեր հիացական զարմանքն է Աստծո հանդեպ, Նրա գործերի, մեր մերձավորի ու շրջապատի նկատմամբ, կամ մեր և հատկապես օտարի ողբերգության զգացումը։ Նիկոլայ Բերդյաևն ասում է. «Իմ սոված լինելը ֆիզիկական երևույթ է, իսկ հարևանիս քաղցը՝ բարոյական»։ Եվ ահա ողբերգությունը, որ ամեն ակնթարթ հառնում է մեր առջև. իմ հարևանը միշտ քաղց է զգում, բայց դա միշտ չէ որ հացի պակաս է։ Երբեմն այդ զգացումը մարդկային արարքի, ջերմացնող հայացքի ու վերաբերմունքի սով է։ Հենց այստեղից՝ հիացականին և ողբերգականին արձագանքելու մեր զգայունությունից էլ սկսվում է աղոթքը։ Հիացման մեջ հեշտ է աղոթելը, հեշտ է նաև, երբ մեզ խոցում է ողբերգության զգացումը։

Իսկ այլ դեպքերո՞ւմ։ Այլ ժամանակ էլ աղոթքն ու կյանքն անբաժան պիտի լինեն։ Ահա թե ինչ կցանկանայի ասել. վեր կացեք առավոտյան վաղ, կանգնեք Աստծո առջև և ասեք. «Տեր Աստված, Քո օրհնությամբ լցրու ինձ և այս սկսվող օրը»: Իսկ հետո այդ օրն ու օրվա ընթացքում պատահող ամեն բան ընդունեք որպես Աստծո պարգև, իսկ ձեզ նայեք որպես Աստծո պատգամաբերի՝ այն նորի ու անհայտի մեջ, ինչ բերում է սկսվող օրն իր հետ։ Ինչ էլ պատահի օրվա ընթացքում, Աստծո կամքով է կատարվում. յուրաքանչյուր իրադրության մեջ էլ որ Աստված մեզ դրել է, ցանկացել է. որ մենք Իր ներկայությունը, Իր սերը, Իր կարեկցությունը, Իր ստեղծագործ միտքն ու բարությանը լինենք։ Եվ ամեն անգամ, երբ կանգնեք այս կամ այն իրադրության առջև, իմացեք, որ դուք հենց այն անձն եք, որին Աստված է դրել տվյալ իրավիճակի մեջ՝ քրիստոնեաբար գործելու, Քրիստոսի Մարմնի մասնիկը և Աստծո ներգործությունը լինելու։ Եթե այսպես վարվեք, շատ հեշտությամբ կարող եք զգալ, որ ամեն ակնթարթ ստիպված եք լինելու դառնալու առ Աստված և ասելու. «Տեր իմ Աստված, լուսավորի՜ր իմ միտքը, զորացրու և ուղղորդիր կամքս, բոցավառիր սիրտս և օգնիր ինծ»։

Այլ պահերի էլ Ձեր սրտից խորը գոհունակությամբ ինքնաբերաբար դուրս է թռչելու՝ «Փառք քեզ, Տեր»։ եվ եթե դուք խելամիտ եք և գիտեք երախտապարտ լինել, կխուսափեք սնափառաթյուն կամ հպարտություն կոչված հիմարությունից, որն այն երևակայումն է, թե արել եք մի բան, որը կարող էիք նաև չանել։ Դա Աստված է անում. Աստված մեզ պարգև է ուղարկում՝ բարին գործելու առիթը շնորհելով։ Եվ երբ երեկոյան կրկին աղոթքի կանգնեք Աստծո առաջ և մտաբերեք անցնող օրվա դեպքերն ու մտքերը, կարող կլինեք օրհնել Աստծուն, փառք տալ, գոհություն մատուցել Նրան, արտասվել ուրիշների և սեփական անձի համար։ Եթե կարողանաք այսպես շաղախել Ձեր կյանքն աղոթքով, երբեք կյանքի ու աղոթքի միջև խզում չի առաջանա, և Ձեր կյանքը կվերածվի կենդանի, ամեն ակնթարթ ջերմացնող կրակի, որն ավելի ու ավելի կբորբոքվի՝ դառնալով առավել վառ, ջերմացնող ու լուսավորող՝ անկեզ մորենու նման։

Աղբյուր՝  qahana.am

Սկզբնաղբյուր՝  Մետրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Սուրոժսկի «Բառը ոչինչ չի կարող փոխանցել»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Սուրոժսկի «Կյանքի և աղոթքի միության մասին»»

  1. Уведомление: Սուրոժսկի «Սիրո գաղտնիքը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Անտոնի Սուրոժսկի «Մարդն Աստծո առաջ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Սուրոժսկի «Ճշմարտության ոգին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s