Նարեկացի «Մեկնություն Երգ Երգոցի»

papaver

Սողոմոն Իմաստունի Երգ Երգոցը, իրավամբ, համարվում է աստվածաշնչյան դժվարըմբռնելի և բարդ գործերից մեկը, քանզի «անմեկնելի է այդ սարսափելի խոսքերի մեջ թաքնված խորհուրդը»:

Բանն այն է, որ այս գործն ամբողջությամբ այլաբանություն է և խորհրդաբանություն: Ընդ որում, այլաբանորեն են ներկայացված ոչ միայն պատկերները, այլև յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր բառ:

Երգ Երգոցի մասին մեկնություն ունի թողած ս. Գրիգոր Նարեկացին: Նարեկացին այդ պատվերը ստացել է Գուրգեն Խաչիկ թագավորից: Առաջին անգամ հրաժարվել է պատվերը կատարել, պատճառաբանելով, որ դա իր ուժերից վեր մի բան է, քանի որ ինքը բավարար չափով «հոգիաբնակ» չէ: «Մեկնել Երգ Երգոցը վայել է նրանց, ովքեր հոգով Սողոմոնի պես են»,-իր մերժումն այսպես է ձևակերպել Նարեկացին: Բայց, երբ թագավորը կրկնել է պատվերը, Նարեկացին ընդունել է, մտածելով, որ իր մերժումը կդիտվի որպես անհնազանդություն:

Գրիգոր Նարեկացի «Մեկնություն Երգ Երգոց-ի» (հատված)

Արդ, նախ պետք է պարզել, թե ինչ է նշանակում Երգ Երգոց, և դրանով իսկ ուսանել նրա անբավ արժեքը: Երգ Երգոց նշանակում է օրհնությունների օրհնություն այնպես, ինչպես մենք սովոր ենք խորանի սուրբ սեղանը կոչել «սրբությունների Սրբություն», ինչպես ասում է հենց առաքյալը: Այսինքն, եթե եկեղեցին սրբություն է, ապա խորանը ևս սուրբ է, կրկին սուրբ և ավելի սուրբ: Նույնպես և այն բոլոր երգերից ու օրհնություններից գերազանց է: Ինչպես նորերից Ավետարանն այլ գրքերից ավելի սուրբ և պատվական է կոչվում, այնպես էլ նա է` հների մեջ: Հարկ է ասել, որ տաճարում երգում էին եղանակով, առավել ևս հանգավոր և մարգարեական հոգով, քան Դավթի սաղմոսները, որովհետև անմեկնելի է այդ սարսափելի խոսքերի մեջ թաքնված խորհուրդը: Եվ մարմնեղեններից ոչ ոք չի կարող հասկանալ դա, եթե հոգով Պողոսի պես չէ, որ երրորդ երկինքը բարձրացավ և լսեց անճառելի խոսքերը, որոնք խոսելը վեր է մարդու կարողությունից: Որովհետև այս լսելիքը ի զորու չէ լսելու Աստծո խորհուրդները, և ոչ էլ այս աչքերը` (հայելու) Աստծո տեսությունը:

Արդ, Սողոմոնը, կամենալով անճառելի բաներ պատմել, դրանք նմանեցրեց մարմնեղենների, այսինքն` հարսի և փեսայի, եղբորորդու և օրիորդի, դստեր և աղավնու, ստինքների և խունկի, թափված յուղի, խնձորի, այծյամի, Սողոմոնի, թագավորի, Երիուսաղեմ քաղաքի, պարտեզի և նմանատիպ` ակնահաճո, ախորժալուր և մտափափագ բաների: Քանզի ինչպես մանկանց ծնողները արժեքավոր բաները բարետես ամանի մեջ են թաքցնում, որովհետև նրանց համար արտաքին տեսքն ավելի ցանկալի է լինում, քան ներսում պահված գանձը, որպեսզի դրանով իսկ նրանց հորդորեն զգուշությամբ պահպանել ներսում եղածը, նույն կերպ և անուշ ու թանկագին յուղը` նարդոսը, ինչպես ինքն է ասում, ամանում է ամփոփվում, որովհետև անուշ հոտը բաց տեղում չի կարող մնալ, ինչպես որ Տերն իսկ սուրբ Ավետարանում ասում է, թե «Մի՛ նետեք ձեր մարգարիտները խոզերի առաջ», այսինքն` թե տկար լսելիքներին անճառելի բաներ մի՛ տվեք: Նույն հոգին Սողոմոնին սովորեցրեց հոգու լույսով տեսածը հայտնապես չսփռել և ամենևին չթաքցնել եկեղեցու խորհուրդները` թե՛ փրկությունը, թե՛ Քրիստոսի մարմնանալը և թե՛ այն ամենը, ինչ կրեց մարդկանց հանդեպ ունեցած սիրո համար` թե՛ մահը, թե՛ հարությունը, թե՛ մյուս անգամ գալուստը: Եվ այն ամենը, ինչ որ կա այնտեղ, պահվում է որպես սրբերի անիմանալի պարգևներ և առ Քրիստոս սրբերի սիրո տռփանք, որ արյամբ ու մահով կրեցին իրենց անձերի մեջ` սիրելով Քրիստոսին, ինչպես որ նա` մեզ, որ իր անսահման սերը մեզ հայտնելու համար ստիպված էր մարմին առնելու, նաև` իր սուրբ արյունը հեղել մեզ համար:

Նա, որ իբրև Աստված կարող էր մեզ իշխանաբար փրկել սատանայական բռնություններից, այդ արեց արդարությամբ և նրան բռնությամբ կապեց: Նույնիսկ դա խաղաղաբար արեց և ոչ տիրաբար:

Որպեսզի արդարությամբ և ողորմությամբ փրկվի մարդու գերությունը, այսինքն` մահը, որով արդարորեն դատապարտվեցինք հող դառնալ` պտղից չուտելու պատվիրանն անարգելու պատճառով, և արդար դատը, հակառակ որ ուներ իշխանություն, առանց արդարության չկատարեց: Եվ ինքը Ադամի մարմինը հագավ և նրա մահը իր վրա առավ և արդարությամբ փրկեց: Նաև արդարությանը ողորմություն խառնեց և ողորմությանը` արդարություն: Եվ այս ամենով ի ցույց դրեց մեր հանդեպ ունեցած անսահման սերը:

Այս ամենն է պատմում Երգ Երգոցը` եկեղեցու պայծառազարդությունը խաչով և խորանով, Տիրոջ մարմնով և արյունով, սուրբ ավազանով և սուրբ յուղով, Հին և Նոր Կտակարաններով, առաքյալներով և մարգարեներով, վարդապետներով, քահանաներով և ճգնավորներով, կույսերով և մարտիրոսներով, քրիստոնյա թագավորներով և համայն անբիծ ժողովրդով, որ պիտի հաստատեր եկեղեցու մեջ: Եվ նմանատիպ այլ անքննելի պարգևները, ինչպես նաև ուրիշները, որոնք առակավոր խոսքերով ցույց տվեց մեզ:

Աղբյուր`  Ս. Գրիգոր Նարեկացի «Մեկնություն «Երգ Երգոցի»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2007 թ., էջ` 19-23

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Նարեկացի «Մեկնություն Երգ Երգոցի»»

  1. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s