Վերջապես կամակոր գեղեցկուհուն՝ հայկական կակաչին, հաջողվեց համոզել ու լեռներից բերել-իջեցնել մեր կրթական պարտեզ: Բանն այն է, որ մասնագետների և այգեգործների պնդմամբ, անհնար կամ գրեթե անհնար է այլ պայմաններում լեռնային այս ծաղիկը աճեցնել: Մեր այգեգործի ասելով՝ հազար սերմից կամ տնկիից կարող է պատահաբար ծլել մեկը:
Անցյալ տարվա փորձից հետո որոշեցինք այս տարի սերմերից հրաժարվել ու փորձել այս անգամ էլ տնկիներ աճեցնել: Շնորհակալ եմ իմ լավ ընկերոջը՝ Լուսինե Սարգսյանին, առանց նրա աջակցության հազիվ թե կարողանայինք գործը գլուխ բերել: Տնկիների մեծ մասը ոչ միայն իրենց լավ են զգում մեր կրթական պարտեզում, այլև այսօր ծաղկել են: Հետն էլ ծաղկել է հայկական կակաչի` բնության մեջ հազվադեպ հանդիպող սպիտակ ծաղիկ ունեցող տեսակը:
Պատկերացրի՞ք Լուսինեի, իմ ու սովորողների ուրախությունը: Իսկ հիմա փորձեք պատկերացնել այգեգործ Հրաչի զարմանքը…:
Հայկական կակաչի մասին
Հետգրություն
Հավանաբար շատերը գիտեն, որ ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ հայկական կակաչի նկատմամբ: Կդժվարանամ ասել` որն է այդ անդիմադրելի սիրո պատճառը. մշեցի տատիցս անցած գենետիկ հիշողությո՞ւնն է մեջս խոսում (պարզվում է` կակաչի այս տեսակը, որին տեղաբնակները անվանել են հազրէ, այսօր էլ Մուշ քաղաքի խորհրդանիշն է), թե՞ քնքշության, գույնի, գեղեցկության իմ ընկալումը: Միայն մի բան կարող եմ հաստատ ասել՝ ես անվերջ ու անհագ կարող եմ հիանալ բնության այդ հրաշքով…
Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)