Ապրիլի 26-ին ծնվել է անգլիացի նշանավոր թատերագիր Վիլյամ Շեքսպիրը:
Սոնետ 2
Քառասուն ձմեռ երբ որ պաշարեն քո ճակատը վես
Եվ խոր ակոսներ փորեն դաշտի մեջ քո գեղեցկության,
Քո ջահելության չքնաղ զգեստը, որ սեգ է այնպես,
Դառնալու է մի մաշված ցնցոտի, անշուք և ունայն,
Եթե քեզ հարցնեն, թե որտեղ է քո պերճությունն անշեջ,
Կամ ուր են կորել կրքոտ օրերիդ գանձերը ընտրյալ,
Թե պատասխանես՝ միայն փոս ընկած այդ աչքերի մեջ,-
Ինքնաանարգա՛նք միայն կլինի գովեստն այդ շռայլ:
Բայց ի՜նչ գովեստի արժան կդառնար պերճանքդ անմեռ,
Եթե ասեիր. «Չէ որ որդիս է այդ գեղեցկության
Կրողն արժանի, և թողությունս նրա մեջ է դեռ» –
Կիրականանա՜ր պերճանքդ նրա տեսքով աննման.
Այն նոր կլինի, մինչդեռ դու արդեն ահել կլինես
Եվ տաք կտեսնես քո արյունը, որ սառած է այնպես:
Սոնետ 4
Ո՜վ առատաձեռն պերճության պատկեր, ինչո՞ւ ես այդպես
Քո գեղեցկության ժառանգությունը վատնում քո վրա,
Հիշի՛ր, չի տալիս ոչինչ անվճար բնությունը քեզ,
Այլ պարտք է տալիս, որ հատուցանես տվածը նրա
Գեղեցի՛կ ժլատ, ասա՝ ինչո՞ւ ես միրտ չարաշահում
Շնորհն ընչավետ, որ տրվել է քեզ լոկ տալու՛ համար,
Անշահ վաշխառու, ասա՝ ինչո՞ւ ես քո ներսում պահում
Այդ մեծ գումարը՝ գտնելով այսպես ապրելն անհնար:
Ինքդ քեզանից անվերջ գնելով ու սակարկելով՝
Դու քեզ ես խաբում ու քեզնից գնում քո անգին հոգին:
Երբ բնությունը քեզ կանչի դեպ իր հանգրվանն անթով,
Ի՞նչ ընդունելի կտակ կթողնես այդժամ բոլորին:
Անգործ պերճանքդ խավար գերեզման կմտնի քեզ հետ,
Բայց գործածվելով՝ կտակակատար կդառնա հավետ:
Սոնետ 8
Ինքդ մեղեդի՝ ինչո՞ւ ես նվագն ունկնդրում տրտում,
Իզո՜ւր եք մրցում. խինդը իր մեջ է վայելում թովչանք:
Ինչո՞ւ ես սիրում այն, ինչ թախիծ է ծնում քո սրտում,
Ինչո՜ւ ես այդպես սիրով ընդունում ձանձրությունն անկյանք:
Եթե քաղցրալուր հնչյուններն անույշ ներդաշնակության
Համերաշխորեն նախատում են քո լսելիքն անվերջ,
Հիշի՛ր, որ մեղմ է կորովը նրանց հանդիմանության,
Երբ խեղդում ես քո արժանիքները միայնության մեջ:
Նայիր, թե ինչպես մեկ լարը դարձած քաղցր ամուսին,
Ներդաշնակորեն ձայնակցում է մոր և զավակի հետ.
Քաղցր նվագով նա երջանիկ է դարձնում երկուսին,
Եվ երեքն այդժամ հնչում են որպես մի երգ քաղցրավետ:
Այդ երգը նրանց բազմաձայնությամբ մի հնչյուն է ջինջ
Եվ ասում է քեզ՝ մենաձայն մահով չես շահի ոչինչ:
Սոնետ 10
Ամոթ է, չասե՛ս, թե մեկին է քո սիրտը նվիրված,
Դու, որ դարձել ես ինքդ քո հանդեպ այդքան անտարբեր.
Թեկուզ և ասես, թե հազարների կողմից ես սիրված,
Ամեն ոք գիտի, որ ոչ մի կնոջ չես պարգևել սեր:
Քանզի քո սիրտը ատելությունն է պաշարել միայն,
Եվ անգամ քեզ հետ չես կարողանում դու համակերպվել.
Դու միշտ փորձում ես քարուքանդ անել պատերը քո տան,
Մինչդեռ բաղձանքդ պիտի լիներ այն վերստի՜ն կերտել:
Փոխիր քո կյանքը, որ ես իմ հերթին մտքերս փոխեմ.
Ատելությունը միթե հեզ սիրուց բարեկեցիկ է:
Օ՜, եղիր ինչպես արտաքուստ ես դու ազնիվ ու խոհեմ,
Ասա բոլորին, որ չարը քո մեջ միայն կեղծիք է,
Ուրիշ անձ դարձիր, փոխիր քո բոլոր մտքերն իմ սիրույն,
Որ քո պերճանքը հավետ ունենա իր կյանքը ուրույն:
Սոնետ 13
Երանի թե դու քոնը լինեիր, բայց ո՜չ, սիրելիս,
Ապրում ես թեև, սակայն դու արդեն ինքդ քոնը չես:
Պատրաստ պիտ լինես կյանքիդ վախճանը դիմավորելիս
Եվ քո գեղեցիկ պատկերը պիտի ուրիշին հանձնես:
Գեղեցկությունը, որ դարձրել է քեզ իրեն վարձկալ,
Թող որ չունենա ոչ մի հաշվարկում քո կենաց օրոք.
Կգտնես դու քեզ և կսովորես քո պարտքին անսալ
Քո տոհմն հանձնելով ուրիշին և ոչ մահին անողոք:
Ո՞վ է հանդուրժում, որ այդպես փլվի տունը հոյաշեն,
Այն տունը, որին ընտանիքը պիտ դառնա հովանի
Ձմռան ալեկոծ փոթորիկների և հողմերի դեմ,
Եվ մահվան ահեղ ցրտի ցասումից նրան պաշտպանի.
Ասա, ո՞վ է իր պերճանքը վատնում, և հիշիր, անգին,
Հայր ես ունեցել, և թող որ նույնը ասի քո որդին:
Սոնետ 14
Ես չեմ քաղում իմ դատողությունը աստղերից պայծառ,
Բայց թվում է ինձ, թե օժտված եմ ես աստղագիտությամբ՝
Ո՛չ գուշակելու, թե մեր ապագան բարի է կամ չար,
Սով, համաճարակ, կամ եղանակներ ցասկոտ ու անամպ:
Չեմ կարող նաև ճակատագիրը մեկնել մոտավոր,
Վկայակոչել փոթորիկ, անձրև և հողմեր անսանձ,
Մարգարեանալ, թե արքաներից որն է բախտավոր,
Երբ լուրթ երկնքում նշանակներ կան ուղղված նրանց:
Գիտելիքներս ես ձեռք եմ բերում քո վառ աչքերից,
Եվ այդ մշտատև լուսատուներով անվերջ գուշակում,
Որ պերճության հետ ճշմարտությունը կդառնա անբիծ,
Եթե ինքդ քեզ մենակեցությամբ չես շրջափակում,
Իսկ թե ոչ՝ այս մեկն ես գիտեմ որպես նախիմացություն՝
Դու նույն բախտն ունես, ինչ ունեն պերճանք և ճշմարտություն:
Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի
Աղբյուր՝ grqamol.am
Կարող եք ծանոթանալ նաև՝ Վիլյամ Շեքսպիր «Ինչպես կամենաք»
Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայիսի 10-15 – Սաթենիկ Հովհաննիսյան