Էքզյուպերի «Միջնաբերդ» (հատվածներ) 

Ասա նրան.

«Այո՛, ես շտապում էի քեզ մոտ գալ և ուրախանում էի այդ հանդիպումներով: Կատարում էի քո քմահաճույքները: Տալիս էի նվերներ: Ինձ համար քո զայրույթը սիրո քաղցրություն էր. իշխանություն, որ ես էի քեզ տվել: Ես  քեզ իրավունք տվեցի անելու ամեն ինչ, որպեսզի դու իմ հանդեպ կապվածություն զգաս: Ինձ կապող օղակ էր պետք, արմատներ և ճյուղեր: Ես թույլ տվեցի ղեկավարել ինձ, որպեսզի կարողանամ օգնել քեզ: Այդպես ինձ հետ կապվում են իմ վարդերը, որոնց ես աճեցնում եմ: Ես իմ վարդերի հպատակն եմ: Այդ ծառայության մեջ իմ արժանապատվության դեմ գնացող վիրավորական ոչինչ չկա: Նրանց ես պարտական եմ իմ սիրով:

Ես չեմ վախենում պատասխանատվությունից, ընդհակառակը՝  խնդրում եմ դրանք ինձ համար: Ես իմ կամքով եմ ընտրել այդ ճանապարհը, քանզի ոչինչ այս աշխարհում ինձ չի պարտադրել դա անել: Բայց դու սխալվեցիր, երբ իմ՝ քեզ մատուցած ծառայությունները համարեցիր կախվածության արդյունք: Ես քեզնից կախվածություն չեմ ունեցել: Ես ընդամենը մեծահոգի եմ գտնվել:

Դու հաշվե՞լ ես, թե ես որքան քայլեր եմ արել դեպի քեզ գալով: Քեզ սնել է ոչ թե իմ սերը, այլ իմ սիրո ակնածանքը: Դու անտեսեցիր այն արմատները, որոնք սնունդ էին առնում իմ շռայլությունից: Եվ ես հեռանում եմ քեզանից: Ես հոգ եմ տանում, որպեսզի օգնեմ իմ սիրուն, ծառայեմ իմ սիրո առողջությանը: Ինձ ճանապարհ է պետք, և ոչ թե պատ:

Դու ոչ թե սեր ես պահանջում, այլ աստվածացում: Դու իմ առաջ փակել ես ճանապարհը: Ու այդ ճանապարհի վրա կանգնել ես որպես կուռք: Ես ոչինչ չունեմ անելու նրա հետ: Ես կգնամ մեկ այլ ճանապարհով:

Ես աստվածիկ չեմ, ում առաջ պետք է խնկարկեն, ես ստրուկ չեմ, ում տեր է հարկավոր: Ով կփորձի ինձ կապել, ես կհեռանամ նրանից: Ես իր չեմ պահարանում դրված, և ոչ մեկն էլ չի կարող կիրառել ինձ: Եվ ոչ էլ ես նման պահանջներ ունեմ ուրիշներից: Նա, ով սիրում է ինձ, տալիս է առանց հաշիվի:

Դու ումի՞ց ես ինձ առել, որ համարես քո սեփականությունը: Ես քո էշը չեմ: Հնարավոր է՝  Տերն է ինձ պարտավորեցնում քեզ հավատարիմ լինել: Բայց քո առաջ ես պարտավորություն չունեմ»:

Իսկ, եթե սերը պարտավորություն է, ապա Աստծո առաջ:

Հետգրություն. Էքզյուպերիի «Цитадель»  («Միջնաբերդ», կամ էլ՝ «Ամրոց») գրքի այս հատվածը, ամենայն հավանականությամբ, հասցեագրված է կնոջը՝ Կոնսուելո Կուպրինին, ով, ի դեպ, ըստ ուսումնասիրողների, համարվում է «Փոքրիկ իշխանի» վարդի նախատիպը:

*****

Եթե զինվորի պարտականությունը կյանքը տալն է թագավորության համար, դա զինվորի համար պարտք է Աստծո առաջ, ոչ թե թագավորության: Աստված հոգ է տանում, որ մարդը գիտակցի դրա էությունն ու իմաստը: Այդ մարդու էությունն ու իմաստը թագավորության զինվոր լինելու մեջ է:

Պահապանների պարտականությունը ինձ պատիվ անելն է: Արդյո՞ք նրանք ինձ են ծառայում: Ես պատրվակ եմ, որպեսզի նրանք իմ միջոցով իրականացնեն իրենց պարտականությունը: Ես հանգույց եմ, որն ինձ կապում է իմ պահապանների պարտականություններին:

Պատերազմ հայտարարելով՝  ես ստեղծում եմ թշնամիներ: Ստեղծում եմ նրանց ու դաժանացնում:
Եվ ես իզուր եմ հավատացնում, որ այսօրվա բռնությունը ծնունդ է տալու վաղվա ազատության: Ես արմատավորում եմ միայն բռնություն: Կյանքին մատերի վրա չես խաղացնի: Չես խաբի ծառին, այն ձգվում է այնտեղ, որտեղ նրան ուղղորդում են: Մնացածը՝  բառերի քամի է: Եվ, եթե ինձ թվում է, որ ես այս սերունդին զոհաբերում եմ ի բարօրություն հաջորդների, ես պարզապես զոհաբերում եմ մարդկանց: Ոչ թե սրանց, ոչ թե նրանց, այլ բոլորին միանգամից: Բոլորին ես դատապարտում եմ դժբախտության: Մնացածը՝  բառերի քամի է: Եվ, եթե ես կռվում եմ հանուն խաղաղության, ես պատերազմն եմ ամրապնդում: Պատերազմի օգնությամբ խաղաղություն չի հաստատվի: Ես խաղաղություն կարող եմ հաստատել միայն խաղաղության շնորհիվ:

Ես գիտեմ մի ազատություն. սեփական հոգին մարզելու ազատություն:

Դու պտտվում ես բառի շուրջբոլորը: Ծառայիր կյանքին, և ամեն ինչ կկարգավորվի: Ծառայել կարգին՝  նշանակում է անկենդանություն տարածել: Կարգ հանուն կարգի՝  կյանքի խեղում է:

Ես գիտեմ. դեմ առ դեմ դուրս են գալիս միայն բառերը, իսկ մարդը, քայլ առ քայլ բարձրանալով վերև, ամեն ինչ տեսնում է այլ կերպ, և նրա համար չկա ոչ մի հակասություն:

Բառերի քամին ունայնություն է, ես միշտ արհամարհել եմ դրանք: Ես չեմ հավատում բանավոր հնարքների արդյունավետությանը:

Եթե դու աշխատանքի ընթացքում ժամանակ ես խնայում (ես նկատի չունեմ հանգիստը. հոգնած ձեռքերի անուժությունը, լարված մտքի ընդարմացած վիճակը), քեզ տրվում է մեռած ժամանակ:

Եթե դու կյանքը բաժանել ես երկու անհամատեղելի մասերի՝  աշխատանքի և հանգստի, ապա աշխատանքը վերածվում է լուծի, որը ցավ է պատճառում հոգուն, իսկ հանգիստը՝  դատարկ ունայնության:

Եթե դու կյանքը ապրել ես ու չես ենթարկվել հոգու կամ սրտի թելադրանքին, այլ առաջնորդվել ես որոշակի նկատառումներից ելնելով, որոնք հնարավոր է արտահայտել բառերով և, որպես ամբողջություն տեղավորել բառերի ներսում, ապա մենք քեզ հետ խոսելու ոչինչ չունենք:

*****

Երբ ցորենը մգլոտում է, մի՛ ջոկիր, այլ ամբարը փոխի՛ր:

Եթե մարդիկ ատում են իրար, մի՛ հորինիր հիմար պատճառներ հասկանալու համար ատելությունն այդ: Նրանց մոտ կգտնվեն պատճառներ և՛ Սիրո համար, և թե՝  անտարբերության, բայց նրանք մոռացել են այդ մասին:

Ես ուշադրություն չեմ դարձնում բառերի վրա, ես գիտեմ՝  դրանք նշաններ են դժվար ընթեռնելի:

Ի վերջո, չեն կարող, չէ՞, քարերը լռություն և սառնություն փոխանցել տաճարին, ջուրը և հանքային աղերը՝ ստվեր և ծառի տերևներ, այդ դեպքում իմ ինչի՞ն է պետք իմանալ, թե ինչից է ծնվել նրանց ատելությունը:

Այն բարձրացել է ինչպես տաճար, և տաճարն այդ կառուցվել է նույն այն քարերից, որոնցով կարող էր և Սեր կառուցվել….

Նրանք իրենց ատելությունը կարող են հիմնավորել ամեն տեսակի պատճառաբանություններով, իսկ ես նայում եմ՝ չխանգարելով նրանց «բուժվել» արդարության դեղերով: Արդարության որոնումը միայն ամրապնդում է ծանրակշիռ պատճառները և մեղքը ուրիշների վրա գցելով՝ հաստատում իրավացիությունը: Դա կարող է ամրապնդել պատժվողի դառնությունը և արդարացնել ինքնագոհությունը: Եվ նրանց միջև առաջանում է անդունդ:

*****

Վատ է, երբ սիրտը գերիշխում է հոգուն:
Վատ է, եթե զգացմունքը գերիշխում է ոգուն:
Նայելով իմ թագավորության ներսը՝ ես հասկացա, որ մարդկանց ավելի հեշտությամբ միավորում է ոչ թե ոգին, այլ զգացմունքը, այն դեպքում, երբ ոգին առավել է զգացմունքից:

Նշանակում է՝ ոգին պիտի զգացմունք դառնա, բայց ոչ նրա համար, որ զգացմունքը կարևոր է: Ահա թե ինչու չի կարելի, որ նկարիչը դառնա ժողովրդի ենթական: Ստեղծագործողը պետք է ժողովրդին ցույց տա, թե ինչ է ինքը՝ ժողովուրդը, ուզում իրականում: Նա պետք է ոգուց շնորհ ստանա ու իր ստեղծածը զգացմունք դարձնելով վերադարձնի ժողովրդին: Ժողովուրդը ստամոքս է, ստացված սնունդը նա պետք է ընդունի գոհունակությամբ ու երախտագիտությամբ:
…Հարևան արքայազնը իր սրտի ուզածով ստեղծեց մի թագավորություն: Նրա ժողովուրդը երգերով մեծարեց ստեղծված տիրությունը: Բայց ժողովուրդը չէր վստահում  միայնակ անհատներին: Վախենում էր նրանցից, ինչպես վախենում են լեռնային արահետներից ու աստղերի հետ զրուցելուց: Վախենում էր նրանց սառցե հարցերից այնպես, ինչպես վախենում են լռությունից ու լռության մեջ հնչող ձայներից:
Նա, ով լեռ է բարձրանում միայնակ, վերադառնում է Աստվածային խորհրդով սնված: Նա իջնում է հանգիստ ու արժանապատիվ՝ թիկնուցի տակ թաքցնելով խորհրդավոր մեղրը: Մեղր բերում են միայն նրանք, ովքեր առանձնացել են ամբոխից: Եվ նրանց բերած մեղրը, որպես կանոն, միշտ դառն է լինում: Նոր խոսքը, որը բեղուն է, միշտ դառն է, այլապես չի կարող լինել վերածնունդ:
Ես աճեցնում եմ ձեզ, իսկ դա նշանակում է՝ ինչպես դանակն են պատյանից հանում, այնպես էլ դուք եք դուրս գալիս ձեր միջից, ճիշտ այնպես, ինչպես սեփական կաշին փոխող օձն է նորանում:

Միայն այդպես են երգերից սաղմոսներ ծնվում ու կայծից՝ անտառ հրդեհվում: Բայց մարդը, ով հեռացել է այս պարզ մեղեդուց, նույնպես և ժողովուրդը, ով խանգարում է իր նմանին լինել ազատ ու լեռ բարձրանալ, սպանում է ոգին:
Լռությունը միակ տիրույթն է, ուր ոգին տարածում է իր թևերը…

*****

Դու կխոսես ու որպես պատասխան կլսես զայրացկոտ բացականչություններ. ուշադրություն մի՛ դարձրու: Նոր ճշմարտությունը միշտ էլ նորի ու անսպասելիի միասնությունն ունի և սկզբում միշտ էլ հեռու է թվում տրամաբանականից ու ապացույցներից, այդ պատճառով էլ գրեթե անհնարին է դառնում գործընթացին հետևելը, ուսումնասիրելն ու հետազոտելը:
Ամեն անգամ, երբ դու կմատնանշես քո նոր կտավի մի փոքր մասը միայն, քեզ կկշտամբեն ու չեն հասկանա, որ հենց դո՛ւ պիտի նրանց այդ ամենը ցույց տաս, քեզ հետ կվիճեն ու կվիճեն: Եվ այդ ժամանակ դու կասես. «Հրաժարվե՛ք այն ամենից, ինչը կարծում եք, որ ձերն է, մոռացե՛ք ձեր գործընկերներին, բայց մի՛ դիմադրեք ընդունել իմ ստեղծագործության նորույթները: Դարձե՛ք խամաճիկ, միայն այդպես դուք կարող եք վերափոխվել: Իսկ փոխվելուց հետո դուք ինձ կասեք, որ ձեր մեջ ավելացել է լույսը, դուք դարձել եք ավելի թեթև ու հանդուրժող…»:
Ո՛չ ճշմարտությունը, ո՛չ արձանը, որը ես ծեփում եմ, չեն բացվում դետալ առ դետալ կամ մաս առ մաս: Այն ամբողջություն է, և դատել դրա մասին հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այն կավարտվի: Գտնվելով նկարի ներսում՝ հնարավոր չէ այն ուսումնասիրել:

Իմ ճշմարտության ճշմարտությունը այն մարդու մեջ է, ով ծնվում է ինքն իր մեջ ու իր շնորհիվ:

Պատկերացրե՛ք, որ ես որոշել եմ ձեզ վանք ուղարկել, որպեսզի դուք վերափոխվեք: Եվ դուք խնդրում եք, որ վանքի պատերը ձեզ հիշեցնեն կենցաղային հոգսերի ու կյանքի ունայնության մասին: Ու դուք դեռ ուզում ես հասկանալ, թե ինչ է վա՞նքը: Ես անգամ հարկ չեմ համարի պատասխանել քեզ, ես ուղղակի կլռեմ ի պատասխան քո խնդրանքի: Թե ինչ է վանքը, ոչ թե դու, այլ ուրիշ մեկը կհասկանա, և ես հենց նրան դուրս կհանեմ իր ներսից: Ես կստիպեմ նրան ձևավորվել ու դառնալ ինքը:
Քեզ կնյարդայնացնեն և կփորձեն պարտադրել. ուշադրություն չդարձնե՛ս:
Մարդիկ կլինեն, ովքեր կվայրահաչեն, թե դուք կործանում եք ամենակարևորը, զրկում եք իրենց մեծությունից: Մարդու պատիվը հարգում են միայն ազնվությամբ: Նրանք արդարությունը միայն տեսնում են առանց փոփոխությունների ապրելու մեջ, անգամ եթե ապրում են հոտած խոցերի մեջ, մեկ է, դա լավ է, որովհետև աշխարհ են եկել դրա հետ միասին:
Եթե դու բուժես նրանց, դու վիրավորած չես լինի Տիրոջը:

*****

Երբեք մի՛ լսեք նրանց, ովքեր ցանկանալով ձեզ օգնել խորհուրդ են տալիս հրաժարվել ձեր ունեցած ճշմարտությունից:

Դու համառորեն քո կոչումին կառչիր ճիշտ այնպես, ինչպես որ ինքն է քեզ համառորեն ուղեկցում:

Հանձնել այն՝  նշանակում է վնասել ինքդ քեզ, բայց իմացիր. քո ճշմարտությունը տեղ կհասնի շատ դանդաղ, այն չես կարողանալու խցկել հանկարծակի հայտնաբերած բանաձևի մեջ, այն աճելու է ծառի պես և պահանջվելու է աշխատանքի նույնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ծառը աճեցնելու համար:

Իսկ դո՞ւ: Քեզ հարկավոր է վեր բարձրանալ կտրուկ զառիթափին աճած ծառի նման:

Ակնթարթային աշխարհում ծնվել ամբողջական, (այն դուք հաստատում եք ձգտելով հասնել դրան), ոչ թե գլուխկոտրուկի գուշակություն է, այլ հնարավոր է հակասությունները հաղթահարելով  և արյունահոսող վերքերը բժշկելով:

Հասնելով այս ամբողջականությանը՝  դու զգալու ես և նրա բերած զորությունը:

Ահա թե ինչու եմ ես այս ամենը այդքան կարևորում մարդու կյանքում:

Մարդուն, վաղուց մոռացված աստվածների նման, հարկավոր է դանդաղ ընթացք և լռություն:

*****

Ես հասկացա` ուժեղությունը և հնազանդությունը մեդալի երկու կողմերն են:

«Պինդ ընկույզ» արտահայտությունը մի կողմից հաստատում է «ինքն իր գլխի տերը» լինելու մասին, մյուս կողմից հետևյալը. «Ես գրկեցի նրան, բայց նա այնքան հեռու էր ինձանից, ինչպես առագաստանավը ծովի հորիզոնում»:

Հենց այս տեսակին եմ ես անվանում մարդիկ. նրանք առևտուր չեն անում, գործարքի մեջ չեն մտնում, չեն հարմարվում, փոխզիջման չեն գնում:

Իրենք իրենց չեն դավաճանում հանուն շահի, ցանկասիրության, հոգնության:

Նրանց սիրտը ամուր է ձիթապտղի կորիզի նման:

Ես կարող եմ նրանց մաքրել ինչպես փոշու, բայց նրանցից գաղտիքի և ոչ մի կաթիլ չեմ կարողանա քամել:

Եվ ես թույլ չեմ տա և ոչ մի բռնակալի կամ ամբոխի բռնանալ նրանց ադամանդե սրտերին, որովհետև հենց այդ մարդիկ են իրականում հնազանդ լինում:

Հենց նրանք են, որ հեզ են, կարգապահ, հարգալից, ունակ են հավատալու և զոհաբերության՝  դառնալով խորքից բխող իմաստության հնազանդ որդիներ և առաքինության պահապաններ …

Աղբյուր՝  АНТУАН ДЕ СЕНТ-ЭКЗЮПЕРИ. «Цитадель»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Էքզյուպերի «Միջնաբերդ» (հատվածներ) »

  1. Уведомление: Էքզյուպերի «Նամակ պատանդին» (հատված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s