Տոնի ակունքները
Վարդավառը գալիս ա,
Ծաղիկը ցնծալիս ա…
Հայերը Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում` նորահրաշ արփիափայլ լույսով պսակված: Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոն է: Տոնակատարություններից հատկապես ճոխ են եղել և բոլորին մեծ զվարճություն պատճառել Համբարձումն ու Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոները:
«Վարդավառ» բառը խեթական ծագում ունի և նույնիսկ խեթերենին շատ մոտ սանսկրիտում այդ բառը գոյություն ունի և նշանակում է ջուր (վարդ) ցողել (վառ):
Որոշ հեղինակների կարծիքով էլ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում և աստվածներից ջուր խնդրում։
Վարդավառը տարվա մեջ նաև ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դեր է ունեցել։ Շատ շրջաններում այդ օրը պարտադիր հավաքվել են հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները։ Նրանք հանդիպել են հայրական հարկի տակ, նվերներ փոխանակել, առել միմյանց կարոտը, արտահայտել փոխադարձ սեր ու նվիրվածություն։ Ի դեպ, մեր ժամանակներում էլ սփյուռքահայերը Հայաստանում իրենց հարազատներին այցելելու համար սովորաբար ընտրում են հենց այս տոնը:
Վարդավառը հայոց հնագույն տոներից է, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները`միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այլն: Հնում դույլերով ու թասերով ջուրը գիշերը դնում էին լուսնի լույսի տակ ու հաջորդ օրը՝ կեսօրին, պարտադիր ցողում իրար վրա՝ որպես ջրով օրհնվելու ու մաքրվելու կարգ: Վարդավառի տոնին մեծ ու փոքր, տղամարդ ու կին կժերով, սափորներով և դույլերով իրար վրա ջուր էին լցնում: Այդ օրը սկեսուրի վրա նույնիսկ չխոսկան հարսն էր համարձակվում ջուր ցողել, ու ոչ ոք վիրավորվելու իրավունք չուներ: Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետև այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ։ Այս ամենն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, խաղերով։ Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան։
Շատ հետազոտողներ գտնում են, որ Վարդավառը հայոց մեջ արմատավորվել է ի հիշատակ Արարատ լեռան վրա Նոյան տապանի հայտնվելուն:
Ըստ որոշ մասնագետների՝ տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ: Նոյի ուղարկած աղավնին վերադարձավ` բերելով կտուցին պահած ձիթենու մի ճյուղ: Տեսնելով այդ ճյուղը` Նոյը հասկացավ, որ ջրերն աստիճանաբար ցամաքում են: Նա պատվիրեց իր որդիներին տարին մեկ անգամ իրար վրա ջուր լցնել, որպեսզի չմոռանան ջրհեղեղը: Ի դեպ, ժողովրդական մի ավանդությամբ, Աստղիկը համարվում է Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրը:
Ըստ հնագույն լեգենդի, հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը վարդաջրեր ցողելով ու վարդեր նվիրելով, սեր էր պարգևում մարդկանց: Վարդեր նվիրելու սովորությունից էլ, ըստ երևույթին, առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը:
Քանի որ Աստղիկը ծնվել էր ջրի փրփուրներից, մարդիկ այդ օրը միմյանց վրա ջուր էին ցողում և զոհաբերություններ անում դիցուհուն՝ անձրև խնդրելով ամառային շոգերից թոշնած իրենց դաշտերի համար, և սեր՝ իրենց ընտանիքների համար: Հայոց սիրո և գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը,Վահագն աստծու սիրեցյալն էր։ Ըստ ավանդույթի՝ ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին: Բայց Վահագնը հաղթելով Վիշապին՝ ազատում է Աստղիկին և շրջելով Արարատով, մարդկանց օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում:
Ըստ մեկ այլ ավանդազրույցի, երբ Աստղիկը քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում, իսկ, երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհի վրա, դրանք աննկատելիորեն հպվում էին հայուհիներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ:
Հայաստանում այս տոնը նշվել է շատ ավելի ճոխ, քան հիմա: Շաբաթներ առաջ երիտասարդները պատրաստվում էին տոնին. նոր հագուստ էին կարում, ծաղիկներով զարդարում էին տունը, իսկ այդ օրը միմյանց նվերներ էին տալիս:
Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերի ակունքները:
Հատկապես նշանավոր էր Մշո սուրբ Կարապետ վանք կատարվող ուխտագնացությունը: Ուխտավորներն օրերով մնում էին սրբավայրերում, կազմակերպում միջոցառումներ (մարմնամարզական խաղեր, ձիարշավներ, ընբշամարտեր, կազմակերպվում էին տոնավաճառներ, զբոսախնջույքներ, լարախաղացների ուրախ հանդեսներ): Ուխտավայրերը դառնում էին նաև աղջիկտեսի և ծանոթության գլխավոր վայրեր:
Վարդավառին Նուրի-ն տիկնիկներ էին պտտում, դրանց վրա ջուր, ձու լցնում և, ալյուր, յուղ հավաքելով՝ կատարում յուրատեսակ զոհաբերություն։ Տոնի ժամանակ մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի՝ օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից ու մորեխներից, խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տապ ու շոգեն…»։
Տարեցները հանգանակություն էին անում մատաղացուի համար: Այս մատաղի հիմնական նպատակը ևս դաշտերը երաշտից, մորեխներից ու զանազան աղետներից պաշտպանելն էր: Երիտասարդները վառում էին խարույկներ և լուսաբացը դիմավորում կրակի շուրջը՝ խմբապարով: Պարերն ուղեկցվում էին երգերով, խաղերով, կատակներով:
Աղբյուրը՝ Արամ Դիլանյան «Տերունի տոներ»
Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»
Լուսանկարը՝ Անահիտ Բեկյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութը` TVmskh-ի
Կարող եք ծանոթանալ նաև «Վարդավառ» մեդիափաթեթին
Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի (Վարդավառ)
Վարդավառը հայ մատենագրության մեջ
Պայծառակերպության տոնի պատկերագրություն
Վարդավառի ծիսական պարագաներ. խաչբուռ
Վարդավառի ծիսական պարագաներ. խնդում
Վարդավառի ծիսական երգեր, խաղիկներ, բանաստեղծություններ
Նունե Մովսիսյան և ընկերներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վարդավա՜ռ է, վարդավառի կիրակի | Սվետա Ճաղարյան
Уведомление: Ուսումնական Սասունիկ — Նելի Արղության
Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի. Վարդավառ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վարդավարի ծես․ Ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Վարդավառի ծես․ Ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա
Уведомление: Վարդավառ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — Նելի Արղության
Уведомление: Դաստիարակների լաբորատորիա. Վարդավառի ծես | Լիլիթ Առաքելյան
Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — Լիլիթ Հովհաննիսյան
Уведомление: Նախագիծ․ «Վարդավառի ծես»-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամառային ուսումնական ճամբարում | Մնացականյան Լուսինե
Уведомление: Բլեյան ցանցով աշխատանքներ Լճաշենի մանկապարտեզում — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
Уведомление: Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
Уведомление: ԵՌՕՐՅԱ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ՎԱՂԱՇԵՆՈՒՄ — Գոհար Իսկանդարյան