Բանակային մանրապատումներ 1

5

Դե՛, արդեն գիտեք` մեր չարուկ Արեգն էնքան է մեծացել, որ բանակ է գնացել: Հա, լավ է արել, որ գնացել է ու շատ էլ լավ է արել, որ հումորն էլ հետն է տարել:

Բանակ գնալուց մի քանի օր հետո զգուշորեն հարցնում եմ.

-Տղե՛ս, լսել եմ տանկային զորամասում ես հայտնվել: Բալե՛ս, գլուխ կհանե՞ս էդ տանկերից:

Արեգ դու Արեգ, ի՞նչ պատասխանի, որ լավ լինի.

-Մամ ջան, արխային: Ես պապիի չըխկլտիկ 24-ն եմ քշում, տանկն ինչ ա, որ գլուխ չհանեմ:

Արեգը քմահաճ ուտողներից է, ամեն ինչ չէ, որ ուտում է: Սկզբում համառորեն թաքցնում էր, որ սոված է մնում, համբերեց-համբերեց ու մի օր էլ պոռթկաց.

-Հա՛, բայց ես ինչքա՞ն կարամ պյուրե ուտեմ, ես հո Լիլոն չեմ (պյուրեն աղջկաս` Լիլիթի սիրած ուտելիքներից է. ինչքան տաս` կուտի):

Բանակ գնալու օրը բժշկական հանձնաժողովը պարզեց, որ մեր տղան տախիկարդիա ունի. սիրտը սովորականից արագ է բաբախում:

Խոստովանում եմ.

-Բալե՛ս, ես էլ ունեմ սրտի տախիկարդիա, հավանաբար քեզ է անցել:

Արեգը դինջ-դինջ պատասխանում է.

-Պարզ ա…, քեզնից երբ եմ խեր տեսել, որ հիմա տեսնեմ:

Շարունակում եմ.

-Ես էլ ունեմ, իմ հայրն էլ է ունեցել, Սարգիս պապս էլ: Չվախենա՛ս, տղես:

Արեգի պատասխանը.

-Էլ ինչի եմ վախենում, թող ինքը ինձնից վախենա: Ես մենակ… քեզնից եմ վախում:

Սա ասում է, հետն էլ մի մեծ գլուխ սմայլիկ է ուղարկում` մինչև ականջները բաց բերանով:

Էսպիսի անկարգ Արեգ…

Հետգրություն

Ի դեպ, զորամաս հասնելուն պես Արեգին ուղարկեցին լրացուցիչ բուժզննման, օրեր շարունակ հետևողականորեն ստուգեցին: Ոչ մեկին չենք ճանաչում ու ոչ էլ տեսել ենք, բայց և այնպես, շնորհակալություն զորամասի հրամատարությանը` ցուցաբերած ուշադրության համար:

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.