Սովորաբար, երբ մարդը վատ է կատարում իր աշխատանքը, սրտնեղում է ու ասում. «Իսկ դուք գիտե՞ք` որքան են ինձ վճարում»: Գիտե՛մ: Եվ չեմ հասկանում, թե այդ դեպքում ինչու ես աշխատում: Իմ կարծիքով, ամեն ինչ շատ պարզ է` դուր չի գալիս` մի՛ աշխատիր:
Նույն կերպ վարվել է պետք և մյուս դեպքերում:
Եթե դու վատ ես զգում մարդու կողքին` նրա հետ մի՛ ապրիր: Բիզնեսի քո գործընկերները քեզ հետ վա՞տ են վարվել` փոխի՛ր նրանց: Կոստյումը վա՞տ է նստում վրադ, տուր նրան, ում սազում է: Վա՞տ ես քնում` հոգ տար հոգեվիճակիդ: Քեզ վա՞տ ես զգում` բուժվի՛ր: Վա՞տ ես զգում այս երկրում` մեկնի՛ր:
Միով բանիվ` գործի՛ր, ոչ թե բողոքիր:
Իսկ, եթե դու ոչինչ չես ձեռնարկում և չես փոխում, նշանակում է` քեզ այդպես լավ է: Ազնիվ եղիր քեզ հետ` այդպես լա՛վ է: Նվնվալը լավ է: Դժգոհելը լավ է: Տառապելը լավ է: Լավ է զոհի կարգավիճակում լինելը: Լավ է, երբ քեզ կարեկցում են: Լավ է, երբ քեզ որոշում են օգնել: Լավ է, երբ սեփական կյանքի հետ ոչինչ չես անում: Այդպես հանգի՛ստ է: Կանխատեսելի՛ է: Դա քո հարմարավետության գոտին է: Ճահիճի մեջ գտնվելը քո հարմարավետության գոտին է:
Այս ամենի մեջ իմաստ կա և պատկերացրու` հենց դա է կյանքի ամենամեծ իմաստը: Եթե դու զոհ չես, հապա ո՞վ ես: Եթե չբողոքես` ի՞նչ պիտի անես: Հակառակ դեպքում ստիպված ես լինելու ինչ-որ բան անել, չէ՞: Եթե դու քեզնից վանես միտքը` «ինձ համար անտանելի դժվար է, բայց ես կտանեմ իմ խաչը», ապա այդ դեպքում ի՞նչ կմնա: Ո՞ւր կգնաս առանց խաչի: Եվ ընդհանրապես` ինչպե՞ս կարող ես ապրել առանց խաչի:
Որոշում չկայացնելը նույնպես որոշում է: Չփոխվելը ևս ընտրություն է: Եթե դու նման ընտրություն ես կատարել, եղի՛ր որոշմանդ կողքին, ընդունի՛ր այն, ստացի՛ր բոնուսներ, վայելի՛ր դրանք: Բայց, բարի՛ եղիր, մի՛ արդուկիր ուրիշի գլուխը. նա պարտավոր չէ խաղալ քո խաղերը:
Ընդունի՛ր` դու այնտեղ ես, որտեղ ուզում ես լինել: Եվ սա ճշմարտությո՛ւն է:
Աղբյուր` Лилия Ахремчик
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Լիլյա Ախրեմչիկ «Մարդուն հարկավոր է զգալ»
Уведомление: Սերն այնտեղ ուրի՜շ է… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Այսպիսի անտեսանելի, նուրբ սահման… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Այսպիսի նուրբ, անտեսանելի սահման… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)