Ֆերիտ Օրհան Փամուկը թուրք գրող է, 2006թ. արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի հետևյալ ձևակերպմամբ. «Նրան, ով իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»:
Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Իր հայացքների պատճառով Փամուկը ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
Օրհան Փամուկ «Ձյունը» (հատված)
Ձյան փաթիլի պատկերը, որ այն երեկո տեսա Մելինդայի տեսաժապավենները ձեռքիս հյուրանոց վերադառնալուց և մի քիչ խմելուց հետո, պատահաբար բացած տետրում, ես զետեղել եմ այս վեպի քսանիններորդ գլխի վերջում: Ես կարծում եմ, որ հետագա օրերին, տետրերը ուսումնասիրելով, սկսեցի քիչ-քիչ հասկանալ, թե ստույգ ինչ էր ցանկանում անել Կան` Կարսում իրեն տրված տասնինը բանաստեղծությունները տեղադրելով փաթիլի պատկերի տասնինը կետերում: Հետագայում, գրքեր ուսումնասիրելով, Կան իմացել է, որ փաթիլը երկնքում վեցաթև աստղի ձևով բյուրեղանում և երկիր իջնելով` ձևը կորցնում ու անհետանում է մոտ ութսուն րոպեի ընթացքում, որ յուրաքանչյուր փաթիլ իր ձևն ստանում է բազմաթիվ անբացատրելի և խորհրդավոր պատճառներով, այլևայլ գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են քամին, ցուրտը, ամպերի բարձրությունը, և այդ ժամանակ էլ նա կռահել է, որ գոյություն ունի կապ մարդկանց և փաթիլների միջև: Կարսի գրադարանում նա իր «Ես` Կան» բանաստեղծությունը գրել է փաթիլի մասին խորհրդածելով, իսկ հետագայում մտածել, որ «Ձյունը» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուի հիմքում ընկած է այդ նույն փաթիլը: Առաջնորդվելով այդ տրամաբանությամբ` նա իր գրառումներում ցույց է տալիս, որ «Դրախտ», «Շախմատ», «Շոկոլադի տուփը» և մյուս բանաստեղծությունները նույնպես իրենց տեղն ունեն ձյան երևակայական փաթիլի վրա: Ուստի, օգտվելով գրքերից, ուր պատկերված են տարբեր տեսքի փաթիլներ, նա նկարել է իր սեփական փաթիլը և Կարսում տրված բոլոր բանաստեղծությունները տեղադրել այդ փաթիլի վրա: Այդպիսով, ստացվել է, որ փաթիլը ի ցույց է հանում և՛ բանաստեղծությունների նոր ժողովածուի կառուցվածքը, և՛ այն ամենը, ինչ արարել էր Կային: Ինչպես նա էր համարում, յուրաքանչյուր մարդ ունի այդպիսի փաթիլ, որը կարող է ներկայացնել նրա կյանքի ողջ ներքին պատկերը: Հիշողության, երևակայության և տրամաբանության առանցքները, որոնց վրա նա տեղադրել է իր բանաստեղծությունները, վերցրել է Բեկոնից` մարդկության իմացության ծառի դասակարգման օրինակով, և Կարսում գրած բանաստեղծությունները մեկնաբանելով` երկար մտորել, թե ինչ են նշանակում վեցաթև փաթիլի բյուրեղների վրա գտնվող կետերը: Այդ իսկ պատճառով, Կարսում գրած բանաստեղծությունների վերաբերյալ Ֆրանկֆուրտում Կայի կատարած գրառումները, որոնք զբաղեցնում են երեք տետր, հարկ է մեծ մասամբ դիտարկել որպես ներքին բանավեճ միաժամանակ և՛ փաթիլի իմաստի, և՛ Կայի կյանքի վերաբերյալ: Օրինակ, երբ նա մտորում է փաթիլի վրա «Սպանվել, մահանալ» բանաստեղծության տեղադրման մասին, նախ ներկայացնում է այն վախը, որ զգացվում է բանաստեղծության մեջ, բացատրում, քննում, թե ինչու է անհրաժեշտ այդ բանաստեղծությունը և իր վախը տեղադրել երևակայության բյուրեղին ի մերձ, և բացատրելով, թե ինչու է «Այնտեղ, ուր ավարտվում է աշխարհը» բանաստեղծությունը տեղադրված հիշողության բյուրեղի ճիշտ ներքևում` նրա անմիջական հարևանությամբ և ձգողական դաշտի ազդեցության տակ, հավատում էր, որ ներկայացնում է խորհրդավոր բազում երևույթների հագուրդ տվող նյութ: Ըստ Կայի` յուրաքանչյուր մարդու կյանքի հիմքում ընկած է նման փաթիլ և նման պատկեր, և յուրաքանչյուր մարդու անձնական փաթիլը մեկնելով` հնարավոր է ապացուցել, որ մարդկային էակները, որոնք հեռավոր նմանություն ունեն միմյանց, իրականում խիստ տարբեր են, տարօրինակ և անհասկանալի:
Բազում էջեր ընդգրկող գրառումների մասին, որոնք Կան կատարել է իր բանաստեղծությունների գրքի կառուցվածքի և իր փաթիլի կառուցվածքի կապակցությամբ (ինչ իմաստ, որ «Շոկոլադի տուփը» բանաստեղծությունը գտնվում է երևակայության բյուրեղի վրա, «Համայն մարդկության աստղաբույլը» բանաստեղծությունը ինչ տեսք է հաղորդել Կայի անձնական փաթիլին և այլն), ես ավելին չեմ խոսի, քան պահանջում է մեր վեպը: Երիտասարդության տարիներին Կան ծաղրում էր այն բանաստեղծներին, ովքեր, սնապարծությունից տապակվելով, չափազանց կարևորում էին իրենց անձը, դեռ կենդանության օրոք իրենք իրենց վերածում հուշարձանի, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում. որովհետև վստահ էր, որ ինչ անհեթեթություն էլ նրանք գրեն, միևնույն է, ապագայում դրանք ուսումնասիրության նյութ են դառնալու:
Աղբյուր՝ Գրական թերթ
Օրհան Փամուկի լուսանկարը՝ famousauthors.org-ից
Կարող եք ծանոթանալ նաև` Թուրքական ժամանակակից արձակ. Էլիֆ Շաֆակ
Уведомление: Ժամանակակից հունական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Միջմշակութային հաղորդակցություն — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ