«Մի բաժակ թեյ. Օշոյի 365 նամակները»

«Մի բաժակ թեյ. Օշոյի 365 նամակները» գիրքը 365 նամակներից կազմված հավաքածու է: Օշոն այս գիրքը նվիրել է իր սիրելի մարդկանց, աշակերտներին և ընկերներին: Գրվել է 1962-1971 թթ.-ին, երբ նա ճամփորդում էր Հնդկաստանով մեկ:

Մի բաժակ թեյ. նամակ 1

Երբ սերը շնչում է կյանքի բառերով, այն ի վերջո գտնում է ոչ թե այս պահի արտահայտությունը, այլ այն, ինչը կուզենար, որ ասվեր…

Մեզնից յուրաքանչյուրի մեջ պոետ կա, պոեզիա էլ կա, բայց քանի դեռ մենք ապրում ենք մակերեսային կյանքով, նրանք երբեք չեն ծնվի:

Սեր:

Ես ստացա քո նամակը:

Ի՜նչ քնքշորեն ես դու ինձ պարտադրում ինչ-որ բան գրել: Ահա և ես՝ խոր լռության մեջ խեղդվողս:

Ես խոսում եմ, ես աշխատում եմ, բայց իրականում ներքուստ ընկղմված եմ դատարկության մեջ:

Այնտեղ չկա շարժում:

Այնպես որ, թվում է՝ ես ապրում եմ միաժամանակ երկու կյանքով:

Ա՜յ քեզ դրամա:

Բայց, հնարավոր է, որ ամբողջ կյանքը դրամա է, ընդ որում, սրա գիտակցումը յուրահատուկ ազատության դուռ է բացում:

Այն դուռը, որը անգործություն է գործի մեջ, անշարժություն է շարժման մեջ, հավերժություն է փոփոխման մեջ. սրա մեջ է ճշմարտությունը, սրա մեջ է գոյության իմաստը:

Ճշմարիտ կյանքը հավերժական է, մնացածը` ընդամենը երազատեսության հոսք:

Այս աշխարհը, ըստ էության, լոկ երազ է. և հարցն այդ երազը լքել-չլքելը չէ, այլ պարզապես այդ երազը գիտակցելը:

Այդ գիտակցումն ամեն ինչ փոխում է:

Կենտրոնը շարժվում է:

Մարմնից հոգի տեղաշարժ է լինում:

Հարցադրում է առաջանում՝ ի՞նչ կա այնտեղ: 

Դրա մասին անհնար է պատմել:

Դրա մասին երբեք չեն պատմել և երբեք էլ չեն պատմելու:

Դրա մասին, բացի սեփական փորձից, իմանալու այլ միջոց չկա:

Մահը ճանաչում են միայն մեռնելով, իսկ ճշմարտությունը ճանաչելի է միայն ինքդ քո ներսում դեպի խորք գնալով:

Թող Աստված քեզ ընկղմի այդ ճշմարտության մեջ:

Մի բաժակ թեյ. նամակ 2

Սեր:

Ես երանության մեջ եմ:

Ես վաղուց էի ուզում գրել, բայց գործերը թույլ չէին տալիս:

Այդուհանդերձ, ամեն օր ես ուղարկել եմ իմ օրհնությունները …

Սերը սադխանա է, որքան շատ ես ձգտում, այնքան աստվածային է դառնում:

Լույսը խավարի մեջ է, ճշմարտությունը թաքնված է. այստեղից է սկսվում որոնման ուրախությունը:

Ես հիշում եմ ռիշի բառերը:

«Ճշմարտությունը թաքնված է ոսկե կափարիչի տակ»:

Ճշմարտությունը թաքցնող ոսկե կափարիչը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր միտքը:

Միտքը շղարշում է մեզ. մենք ապրում ենք մեր մտքերի մեջ, մենք նույնացվում ենք մեր մտքերի հետ` տառապելով, անազատության մեջ հայտնվելով և վերածնունդ ապրելով:

Վե՛ր բարձրացիր մտքից, գիտակցի՛ր, որ դու և քո միտքը նույնը չեք:

Միայն այդ դեպքում այն կբերի երանություն և ազատություն` վերջ դնելով ծնունդին ու մահին:

Մենք պարտավո՛ր ենք լինել այնպիսին, ինչպիսին որ կանք իրականում. դա է միակ սադխանան:

Հենց կյանքի հիասթափությունները և բուռն ցանկություններն են բերում այդ սադխանան :

Ճանաչի՛ր քո ցանկությունները, և դու կսկսես կապվածություն չցուցաբերել դրանց նկատմամբ:

Սա այն չէ, որը կարելի է ստիպողաբար պարտադրել, այլ այն, որը տեղի է ունենում ինքնաբերաբար:

Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր կապվածությունը` մնալով գիտակցության մեջ:

Անգիտակցաբար ոչինչ պետք չէ անել:

Եթե սա հիշենք, ապա մի գեղեցիկ օր մեր գիտակցության մեջ տեղի կունենա հեղափոխության բոլորովին նոր տեսակ:

Աստված քեզ ուղղորդում է այդ հեղափոխությունը. ես դա գիտեմ:

Ծանոթագրությունը` Ն.Մ.-ի

սադխանա-սանսկրիտերեն բառ է, որը հինդուիզմի և բուդդիզմի մեջ նշանակում է հոգևոր փորձառություն` «միջոց ինչ-որ բանի հասնելու համար»: Ենթադրում է հոգևոր կարգապահության շնորհիվ հասնել հոգևոր կյանքի զարգացման: Տղամարդը, ով իրեն նվիրում է սադխանային, անվանում են սադխակա, կնոջը` սադխիկա: «Սադխանա» եզրույթը իր նշանակությամբ մոտ է յոգա ասվածին:

ռիշի-սանսկրիտերեն բառ է, նշանակում է պայծառատես, իմաստուն: Ռիշին այն իմաստունն էր, ով կարողանում էր մեկնաբանել վեդայական հիմները և ռիգվեդաները: Ռիշի երեք դաս կար` արքայական, աստվածային և ռիշի-բրախմա:

Մի բաժակ թեյ. նամակ 3

Ողջունում եմ քեզ:

Չափազանց հաճելի էր քո նամակը ստանալը:

Ես դեռ ոչինչ չեմ գրել` այստեղ մեդիատացիոն կենտրոն է բացվել, որտեղ մի քանի ընկերներ փորձեր են իրականացնում:

Հենց որ որոշակի արդյունքներ լինեն, ամենայն հավանականությամբ, ես կգրեմ քեզ:

Ինչ վերաբերում է ինքս իմ վրա արած փորձերին, ես վստահ եմ և կասկած անգամ չունեմ, որ դրանք հաջողությամբ են պսակվելու, բայց ես ուզում եմ դրանք ուրիշների բարօրության համար կիրառել:

Ես չեմ ուզում փիլիսոփայել, քանզի իմ հայացքը գիտական է:

Ես ուզում եմ ինչ-որ բան ասել յոգայի մասին` հիմնվելով որոշակի հոգեբանական և պարահոգեբանականփորձերի վրա:

Յոգայի մասին բազմաթիվ իլուզիոն պատկերացումներ գոյություն ունեն, որոնք հարկավոր է հերքել:

Հենց այդ պատճառով ես այստեղ եմ և փորձեր եմ անում:

Ինձ համար ակնհայտ է` այս աշխատանքը չի իրականացվում որոշակի խմբի կամ գաղափարի ծառայելու համար:

Եթե դու երբևէ գալու լինես այստեղ, մենք կարող ենք ավելի շատ խոսել այս մասին:

Ծանոթագրությունը` Ն.Մ.-ի

Պարահոգեբանություն-անբացատրելի հոգեֆիզիոլոգիական-ֆիզիկական որոշ պրոցեսների մեկնաբանումը որպես՝
ա․ արտազգայական (մեզ հայտնի զգայարանների գործունեությամբ չհիմնավորվող) ընկալում
բ․ արտաքին ֆիզիկական երևույթների, օբյեկտների, ինչպես նաև իրադարձությունների վրա մտովի ներգործություն։

Պարահոգեբանները տարբերում են արտազգայական ընկալման հետևյալ ձևերը․
1․ հեռազգայություն (տելեպաթիա)՝ մտովի հաղորդակցում, երբ ինդուկտորի մտքերը, նրա ցանկությունից անկախ հայտնի են դառնում պերցիպիենտին (ընկալող)
2․ պայծառատեսություն (տելեստեզիա)՝ առանց ինդուկտորի մասնակցության, որևէ իրադարձության կամ առարկայի մասին ինֆորմացիա ստանալու ընդունակություն
3․ կանխատեսություն՝ (պրոսկոպիա)՝ ապագա իրադարձությունների կամ այլ անձի ապագա մտքերի գուշակում
4․ կենսաբանական էֆեկտ՝ օժանդակ ինդիկատորի (շիվ, կոր մետաղալար են) օգնությամբ ընդերքի «հետախուզում»,
5․ պարաախտորոշաբանություն՝ առանց հիվանդի հետ շփվելու, պայծառատեսության վրա հիմնված ախտորոշում։

Պարահոգեբանների կարծիքով, որպես կենսաբանական կապի միջոց և ինֆորմացիա կրող հանդես է գալիս օրգանիզմների էլեկտրամագնիսական դաշտը։

Աղբյուրը՝  Чашка чая. 365 писем Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» կայքէջին

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “«Մի բաժակ թեյ. Օշոյի 365 նամակները»

  1. Уведомление: Օշո «Մի բաժակ թեյ. նամակ 4» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s