Արևմտահայերը սովորաբար կոչում են Տիատին։ Ոմանք նույնացնում են պատմական Ծաղկոտն գավառի Շահապիվանի որսարանի, ոմանք նույն գավառի գլխավոր բնակավայրի՝ Զարեհավան ավանի հետ։ Գավառակի կենտրոնը Դիադին (Թիադին, Տիատին) գյուղաքաղաքն էր: Այն գտնվում էր Արածանիի ափին: Ըստ տարածված ավանդության` Արածանու հովտում է եղել դրախտը։
Ղևոնդ Ալիշանն այն նույնացնում է հին Տատյանս (կամ Տատեոնս) ավանի հետ, որը հիշատակվում է IV դարից։ Նա գրում է, որ ս. Հովհաննես (Ուչքիլիսե) վանքի միաբաններն այդ անունը հիշատակել են նոր Դիատուն ձևով, իբր ի հիշատակ Ձիրավի ճակատամարտում (371թ.) զոհված հույն զինվորների, որոնց որպես պատիվ իբր թաղել էին այստեղ և հենց այդ Դիատուն ձևն էլ աղավաղելով դարձել է Դիադին:
Կարնեցին գրում էր. «…աստի ելանէ մեծ մասն Եփրատայ, և. գնացեալ ի մէջ դաշտին, և լինի գետ մեծ և անհուն»: Ինճիճյանը, նկարագրելով գավառակը, գրում էր. «Ի գարնանային ժամանակս առհասարակ չքնաղ վայելչությամբ զարդարի բիւրազգի երփներանգ ծաղկոց, որոյ վրա ի վաղ ժամանակաց անտի եղաւ անվանուն ծաղկոց»: Արածանու հմայիչ ձորը, որր նաև գետի հունն էր, Ա-Դոն նկարագրում է այսպես. «Լեռ քարերի վիթխարի ձուլվածքներ, շեշտակի բարձրանում են վեր, ինչպես պարիսպներ, մեկտեղ թողնելով մի անցք Եփրատի կոհակների համար, այղ ձուլված կողերը և բարձր են և գեղեցիկ և՛ տպավորիչ. կարծեք մարդկային ձեռքը հղկիչ գործիքներով հղկել է այգ քարափ պարիսպները»:
Դիադինը գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Բայազետից մոտ 38 կմ արևմուտք, Ծաղկանց (Ալադաղ) լեռների արևելյան փեշերին, Էրզրում-Բայազետ ճանապարհի վրա, տեղական մի քանի ճանապարհների ելման կետում: Քաղաքից 5-6 կմ հեռավորությամբ գտնվում է Արածանիի բնական հռչակավոր կամուրջը, որը Որոտանի վրայի Սատանի կամուրջի նման գոյացել է կրաքարային և ծծմբային բաղադրությամբ հանքային ջրերի երկարատև գործունեության շնորհիվ` կրի և ծծմբի միացությունից։ Կամուրջի բարձրությունն ու լայնությունն ավելի քան 21 մ է։ Կամրջի երկու կողմերում բխում են հանքային ջրեր: Կամրջից փոքր-ինչ վերև Գերմավն է` հանքային ջրերի ակունքը, որն ամռանը վեր է ածվում բազմամարդ բուժարանի: Ջրի ջերմությունը շատ բարձր է. ականատեսների վկայությամբ նրա վրա նույնիսկ կարելի է ոչխարի միս եփել: Այդ աղբյուրները համապատասխանում են պատմական Վարշակի ջերմուկներին, որոնց մասին կան պատմական մի ամբողջ շարք վկայություններ։ Դիադինի համար յուրովի
հանգստավայր է վերը նշված հանքային ջրերի շրջանը, որտեղ բնական վիճակում լոգանք են ընդունում հոդացավերով տառապող տեղացի և եկվոր հիվանդները։
Դիադինն ուներ իր բերդը, որը գտնվում էր Արածանիի ժայռոտ ափին։ Մինչև 1843 թվականը այն կանգուն էր, իսկ հետագայում վերածվել է ավերակների կույտի։ Գյուղաքաղաքում կար հայկական մեկ եկեղեցի ս. Աստվածածին անունով։ Այն փայտածածկ էր, ուներ 3 խորան և կանգուն է եղել մինչև XX դարի սկզբները։ Կային վարչական շենքեր, հեռագրատուն, Դիադին անունով մի ավերակ վանք և այլ կառույցներ ու հնություններ։
Հաջորդ հրաշալիքը Ուչքիլիսայի Ս. Հովհաննես վանքն է: Այն գտնվում է Դիադինից 15 կմ հեռավորության վրա, Նպատ լեռան հյուսիսային լանջին` Գումլուպուճախ գյուղի մոտ:
Դիադինը ունեցել է 35 գյուղ: Գավառակի նշանավոր հայաշատ գյուղերից են եղել` Ուչքիլիսան, Միրզաջանը, Աղբաձորը, Գորանին, Գմբեթը, Դավթին, Լեշկոն, Մարտիկը, Սորան, Ջուջան: Մինչև XIX դարի 20–ական թվականների վերջերը Դիադինի բնակչության մեծ մասը կազմում էին հայերը։ Սակայն 1828-29թթ, ռուս-թուրքական պատերազմից հետո այստեղի հայերը համարյա ամբողջությամբ գաղթեցին Արևելյան Հայաստան և հիմնականում բնակություն հաստատեցին այժմյան Վարդենիսի (նախկին՝ Բասարգեչարի) շրջանի գյուղերում: Մյուս գյուղաքաղաքների բնակչության նման, Դիադինի բնակիչները նույնպես հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով ու առևտրով։ Նրա արհեստավորներն ու առևտրականները գերազանցապես հայեր էին։ Արհեստների նշանակությունը սահմանափակվում էր գավառակի սահմաններով, ներքին առևտուրը մանրածախ էր, իսկ արտաքինը տարանցիկ առևտուր էր՝ Բայազետ-Էրզրում ճանապարհով կատարվող առևտրի բաղկացուցիչ մասը, որին Դիադինը քիչ մասնակցություն ուներ։ Քաղաքի շուկան փոքրիկ էր և ուներ ընդամենը 40—50 կրպակ ու արհեստանոց (1909թ.), որոնց տերերը հայ արհեստավորներն ու մասամբ առևտրականներն էին:
Դիադինի գավառակը տարածքով համընկնում է պատմական Ծաղկոտն գավառին: Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, հետագայում անցնում է Արշակունիների արքունիքին։ Լեռնային զով կլիմա ունենալու պատճառով ծառայում էր որպես հայկական զորքերի ճամբարային կայանատեղի` «Բանակատեղ Հայոց թագավորաց»։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ հայ ժողովուրդն այնտեղ է խմբվել՝ նշելու համար Նավասարդի տոնը:
Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում…
Ինչպես օրենքն էր թագավորների:
Հյուսիսում սահմանակից է Երևանի նահանգին, հարավում` Վանի նահանգին, արևելքում` Բայազետին, արևմուտքում` Կարաքիլիսեի գավառակին:
Գավառակն ունի հիասքանչ բնություն, խոտավետ սարալանջեր, սառնորակ աղբյուրներ, ծառաստաններ: Հոսում է Արածանին իր բաղմաթիվ վտակներով, որոնք ոռոգում են Ալաշկերտի դաշտի մաս կազմող Դիադինի դաշտը: Արածանիում են մկրտվել Հայոց թագավոր Տրդատ Գ, զորքը և ժողովուրդը։
Աղբյուր` ArmenianHouse.org, Հովհաննես Զատիկյան «Կարինի (Էրզրումի) նահանգի Դիադինի գավառակը, Ագաթանգեղոս «Հայոց պատմություն», Փավստոս Բուզանդ «Հայոց պատմություն», հայալեզու և թուրքալեզու վիքիպեդիաներ
Լուսանկարները` diyadinnet.com կայքից, Anatolian Armenians ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև` անձնական արխիվից
Գնամ, իմ աչքով տեսնեմ Դիադինը և գամ, ձեզ պատմեմ: Առաջ Աստված:
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ) | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիշողությունն էլ գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիշողությունն էլ գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայրենագիտական-արշավախմբային ճամփորդություն «Նարեկացու ոտնահետքերով» — Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Դիադինի հրաշալիքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտագնացություններ Էրգիր և Երուսաղեմ — Սեբաստացիական մեդիադարակ