Ինձ համար կարևոր էր տեսնել Դիադինը:
Ուզում էի իմանալ, որտեղից է սկիզբ առել իմ ազգանունը: Դիադինում ծնվել է հորական Սարգիս պապի պապը` իմ ապուպապ Մովսեսը` ծնունդ տալով իմ էրգրոտ ազգանվանը: Երբ որոշեցի տեղեկություններ հավաքել Դիադինի մասին, զարմանքից քար էի կտրել, ինչպե՞ս է հնարավոր հիշողությունն այդքան ճշգրտորեն փոխանցել: Զարմանքս էլ ավելի կրկնապատկվեց, երբ թուրքական կայքերում տեսա Դիադինի լուսանկարները՝ ճիշտ և ճիշտ իմ Սարգիս պապի պատմածն էր. հանքային ջրերով հարուստ գետի ակունքը, քիչ այն կողմ երևացող բարդիները, անգամ ջրաղացի ավերակ քարերը դեռ կային…
Պատմական ակնարկ
Դիադինը հյուսիսում սահմանակից է Երևանի նահանգին, հարավում` Վանի նահանգին, արևելքում` Բայազետին, արևմուտքում` Կարաքիլիսեի գավառակին: Այսօրվա Դիադինում հայկական հետքերը վաղուց ջնջվել են, չկան: Բանն այն է, որ հայերը Դիադինից սկսել են գաղթել դեռևս 1828-29 թվականներին` ռուս-թուրքական պատերազմից հետո: Հայ բնակչության մեծ մասը գաղթել է Արևելյան Հայաստան և հաստատվել ներկայիս Վարդենիս քաղաքում և Ապարանում: Իմոնք, մի դիպվածի պատճառով, շատ ավելի վաղ են թողել Դիադինը:
Քանի որ խոստացել էի, որ կպատմեմ տեսածս, հիմա կփորձեմ ականատեսի աչքերով ներկայացնել այն, ինչ տեսա Դիադինում:
Դիադինի առաջին հրաշալիքը, անշուշտ, Արածանին է: Հենց այս բնակավայրում է սկիզբ առնում Արածանին կամ Արևելյան Եփրատը: Թուրքերը գետին այսօր անվանում են Մուրատ: Գետի երկարությունը 722 կմ է: Գետը հայերիս համար համարվում է սուրբ, որովհետև Արածանիում է տեղի ունեցել առաջին մկրտությունը: Արածանիում են մկրտվել Հայոց թագավոր Տրդատ Գ, զորքը և ժողովուրդը։
Ահա թե ինչ է գրում Ագաթանգեղոսը «Հայոց պատմություն»-ում: «…Երբ լրացավ պաս կատարելու տրված ժամկետը, երանելի Գրիգորը առավ աշխարհաբնակ զորքը և Տրդատ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծն օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծերին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Երբ բոլոր մարդիկ և թագավորը իջնում էին ջրերի մեջ մկրտվելու, Աստծուց սքանչելի հրաշք երևաց, քանզի գետի ջրերը կանգնելով՝ ետ դարձան: Սաստիկ լույս երևաց լուսավոր սյան նման և կանգնեց ջրերի վրա, ու նրա վրա՝ տերունական Խաչի կերպարանքը. և լույսն այնքան ծագեց, մինչև որ արգելեց ու նվաղեցրեց արեգակի ճառագայթները: Օծության յուղը, որ Գրիգորը մարդկանց վրա էր հեղում, գետի մեջ շրջան կատարելով՝ մարդկանց շուրջն էր պտտվում: Օրվա երեկոյան հրաշքը աներևույթ եղավ և նրանք դեպի վար ավանը վերադարձան: Նրանք, որ այդ օրը մկրտվեցին, ավելի քան տասնհինգ բյուր [150 հազար] էին, արքունական զորքից: Դրանից հետո հոգևոր մխիթարության համար այնտեղ յոթ օր մնացին: Այդ յոթ օրում արքունական բանակից մկրտվեցին ավելի քան չորս հարյուր բյուր այր, կին ու մանուկ»:
Քաղաքից 5-6 կմ հեռու` Արածանիի վրա գտնվում է հռչակավոր բնական կամուրջը, որն առաջացել է կրաքարային և ծծմբային բաղադրությամբ ջրերի երկարատև գործունեությունից: Կամուրջն ունի ավելի քան 21 մետր բարձրություն և 21 մետր լայնություն:
Կամրջից մի փոքր հեռու` Արածանիի աջ ափին գտնվում է Գերմավը` Դիադինի հանքային ջրերի մեծ ակը: Ջրի ջերմաստիաճանը բավական բարձր է: Տեղանքը պատված է տաք գոլորշիներով, ծծմբի ծանր և տհաճ հոտ է գալիս:
Հաջորդ հրաշալիքը Ուչքիլիսեի (այժմ` Թաշթեքեր) գյուղի Ս. Հովհաննու վանքն է: Այն գտնվում է Արածանի գետի ձախ ափին` Դիադինից 15 կմ հեռավորության վրա, Նպատ լեռան հյուսիսային լանջին` Գումլուպուճախ գյուղի մոտ ( ի դեպ, այս գյուղում է ծնվել գրող Հրաչյա Քոչարը): Ուչքիլիսեի վանքը եղել է նշանավոր գրչօջախ: Այստեղ է գտնվել Բագրևանդի (Վաղարշակերտի) եպիսկոպոսությունը: Հիմնահատակ քանդել են 1940-ական թթ. վերջերին:
Սա Բագավանի Սբ. Հովհաննու վանքի լուսանկարն է, որ 1911թ.-ին արել է Հովսեփ Օրբելին: Դժվար է հավատալ, բայց այսօր այս հսկա կառույցից, ինչպես ասենք` Մշո Սուլթան սուրբ Կարապետից, մնացել է այսքանը միայն…
Ծանոթացեք` սա էլ մեր ժամանակների Դիադին քաղաքը:
Դիադինի լուսանկարները` ֆեյսբուքյան իմ էջում
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Դիադին (Թիադին, Տիատին) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թուրքիային պատուհասած հրդեհներ․ Աստծո պատիժ, թե վրեժխնդրություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտագնացություններ Էրգիր և Երուսաղեմ — Սեբաստացիական մեդիադարակ