Մոր հոտն առաջինն է, որ ճանաչում է նորածինը: Նա դեռ լավ չի տեսնում, բայց հոտից զգում է, որ մայրիկը մոտ է: Մանչուկը ձգվում է դեպի մայրը, պառկում նրա կրծքին և հանգստանում մոր սրտի բաբախյունի տակ` շնչելով նրա հոտը:
Ի՞նչ հոտ ունի մայրիկը: Կաթի ու սիրո:
Երեխան մեծանում է: Նա այլևս չի սահմանափակվում միայն մայրիկով: Նա կտրվում է մոր կրծքից, որպեսզի ճանաչի աշխարհը: Նա քայլում է, ընկնում, բարձրանում, վազում, կրկին ընկնում, ցավ զգում … ու վերադառնում մոր մոտ:
Ի՞նչ հոտ ունի մայրիկը: Աջակցության և քնքշության:
Երեխան արդեն երեք տարեկան է: Նա ըմբոստանում է, նյարդայնանում է, հակառակվում է, փախչում։ Եվ հետո վերադառնում է ասելու, որ ինքը դիտավորյալ չի արել և գրկում մորը:
Ի՞նչ հոտ ունի մայրիկը: Հասկացվածության և ներողամտության:
Նա նվաճում է նոր բարձունքներ, ուժեղանում է, աճում, պայքարում է անկախության համար, փնտրում է իր տեղն արևի տակ: Եվ ավելի ու ավելի քիչ է գրկում մորը: Երբեմն մորը հաջողվում է գրկել զավակին և ամուր սեղմել կրծքին ՝ մի քանի վայրկյան նրան գողանալով էվոլուցիայից:
Ի՞նչ հոտ ունի մայրիկը: Ուժի և հավատի:
Զավակի համար, ժամանակի ընթացքում, մոր հոտը դադարում է կարևոր և անհրաժեշտ լինելուց: Զավակը, հավանաբար, դա նույնիսկ չի էլ նկատում: Աշխարհը նրան պտտում է, պոկում մոր ձեռքերի միջից:
Բայց զավակի հետ մնում է այն, ինչ նրան տվել է մոր հոտը՝ աջակցություն, քնքշություն, հասկացվածություն, ներողամտություն, ուժ, հավատ, սեր … և կիրակի օրերին մի բաժակ կաթ՝ մայրիկի գողտրիկ խոհանոցում:
Աղբյուրը՝ Ольга Липарди
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի