Եթե ուզում ես հանդիպել ինքդ քեզ հետ, դատարկվի՛ր մինչև վերջ ու կիմանաս՝ ով ես դու իրականում:
Դա նման է քնից արթնանալուն պես հայելու մեջ նայելուն:
Դա նման է խաղաղված ջրի մեջ սեփական արտացոլանքը տեսնելուն:
Դա նման է մերկության:
Կան մարդիկ, ովքեր մեզ օգնում են լցնել սեփական դատարկությունը: Այնինչ մարդիկ, հարկ եղած դեպքում, պիտի օգնեին նաև հանդիպել սեփական դատարկությանը:
Մարդիկ կան, ում ներկայությամբ դու հեռանում ես ինքդ քեզնից: Մարդիկ էլ կան, ում միջոցով, ինչպես հայելու մեջ, դու հանդիպում ես ինքդ քեզ: Այդ մարդիկ քիչ են, բայց կան, ապրում են քեզ մոտիկ, բայց․․․հեռվում: Նրանք Հայելի մարդիկ են: Հենց այդ մարդիկ են, որ օգնում են քեզ տեսնել ներսդ: Նրանք նաև այնքան մեծահոգի են գտնվում, որ թույլ են տալիս հոսել իրենց միջով: Հոսել ու դուրս գալ այնպես, ինչպես եկեղեցուց ես հեռանում՝ պատարագված, խնկաբույր ու մաքրված․․․
Չէ՛ , ինչ ուզում եք ասեք, պետք է կարողանալ գնահատել սեփական դատարկությունը:
Դատարկությունը մաքրություն է, չգրված էջ, նոր եկած ձյուն, առանց ոտնահետքի կածան․․․
Զարմանալի է, եթե այդքան դատարկվել եմ ու համարյա թե տեսնում եմ իմ հատակը, բա ինչո՞ւ եմ վախենում թափվելուց…
Նունե Մովսիսյան
Уведомление: Հանդիպել սեփական դատարկությանը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)