«Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»:
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի
Հայ առաքելական եկեղեցին, Զատիկից 28 օր հետո, նշում է Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երևման հիշատակի տոնը:
351 թվականին, ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:
Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երևման տոնին:
Մեր բազմադարյան պատմության մեջ էլ քիչ չեն խաչի երևումները: Երանելի Կորյունը, ինչպես նաև՝ քերթողահայր Մովսես Խորենացին, Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մահվան և թաղման կապակցությամբ արձանագրում են, որ խաչի լուսապայծառ նշանը Վաղարշապատ քաղաքում օրեր շարունակ փայլել է այն տան վրա, ուր սուրբ Մեսրոպն ավանդել էր իր հոգին, և հենց այդ նույն նշանն է առաջնորդել բազմությանն ամբողջ հուղարկավորության ընթացքում:
Մեկ այլ ավադություն` Վարագա Սուրբ խաչի հետ կապված: 7-րդ դարում Վարագա լեռան քարայրներից մեկում ապրում էին Թոդիկ ճգնավորն ու նրա աշակերտ Հովելը: Նրանք շարունակ աղոթում էին Աստծուն` խնդրելով ցույց տալ Քրիստոսի խաչի մասունքի տեղը: «Գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը, ահավոր ձայն են լսում, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը, որտեղ պայծառ լույս են տեսնում:Լույսն իր չափով ու ձայնով այնպիսին էր, ինչպիսին այնտեղ գտնվող մասունքը: Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր` լուսավորելով Վարագա լեռը: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ,որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Վարագա լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով: Կրոնավորները վայելում էին այդ սքանչելիքը, որը տևեց կեսգիշերից մինչև օրվա վեցերորոդ ժամը: Այդ սքանչելի տեսիլքը ոչ միայն նրանց էր երևում, այլ լեռան շրջակայքում ապրող մարդկանց: Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում են լեռան գագաթը, իսկ անուշահոտությանը դեռ երկար ժամանակ շարունակում էր բազմությանը զմայլել, ովքեր էլ հիացած օրհնում էին ու փառաբանում Աստծուն` սուրբ Խաչի երևման համար»:
Խաչն ունի խորհրդանշական երկու մաս. մեկը ուղղահայաց, մյուսը՝ հորիզոնական, որը ցույց է տալիս դեպի երկինք գնացող և դեպի աշխարհը ծավալվող ճանապարհները: Ըստ սուրբ հայրերի, խաչի խորհուրդը Աստծո և աշխարհի հետ հաշտ ապրելն է:
Աղբյուր` www.qahana.am, Խաչի տոներ
Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»
Լուսանկարները` անձնական արխիվից, Դադիվանք
Կարող եք ծանոթանալ նաև` Գրիգոր Տաթևացի «Խաչը Կենաց ծառ է ամենքի համար»
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Խաչվերաց կամ Սուրբ խաչ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Գրիգոր Տաթևացի «Խաչը կենաց ծառ է ամենքի համար» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)