Ժամանակը թևես բռնած կը տանի.
Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր,
Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի,
Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր:
Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ,
Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ,
Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ,
Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ:
Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ,
Ինչպես բոլոր երազներուս ծերունի,
Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ,
Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի:
Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,
Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,
Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար,
Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի:
1908
Լուսանալու դեմ
Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։
Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։
Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։
Համկերպություն
Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր,
Ես կերթամ մութ արահետես,
Երջանիկ այն համոզմամբ, որ
Սրտով գոնե ինծի հետ ես:
Ու անխռով կայքես նըսեմ
Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ
Դալուկ լույսըս, պիտի սպասեմ
Քեզի որչափ որ ես ապրիմ:
Մեկ խնդիրք մը միայն. վերջին
Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս,
Եվ երբ ամենքն ինե փախչին,
Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս:
Եվ ամեն փառքի փոխարեն,
Միայն պատկերըդ հստակ ու ջինջ
Հետըս տանիմ այս աշխարհեն
Չը հիշելով ուրիշ ոչինչ:
Զատկի առթիվ
Անկյուն մ’ունիմ սրտիս մեջ ուր՝
Կառանձնանամ ամեն ատեն,
Վերհիշումներ երբոր տըխուր
Երկրեն զիս պահ մը կանջատեն։
Հոն` կը կենամ ես ծնադիր
Ինչպես առաջքը խորանին,
Եվ ուր միայն կը ծաղկի իր
Կես սուգին մեջ եղրևանին։
Հոդ շարված են իրարու մոտ
Մութ փոսերը իմ իղձերուս,
Հիշատակներ` հիմա աղոտ,
Անուններ` զոր չըսեր լեզուս։
Խոլ տենչանքներ, թռիչք անհուն
Զոր ձեռքովըս տվի հողին,
Մեռելներ` զոր ուրիշներուն
Պես հարության հույսը չունին։
Ոչ ոք
Դաշնակ մըն է հոգիս լեցուն
Նվագներով շատոնց լռած`
Որ մատիդ ծայրը դիպչելուն
Կը սարսըռա, կերգե հանկարծ:
Երգեր մոռցուկ, երգերս իմ հին,
Խոր քուներնին թողածի պես,
Որ շըփելով գոց աչվընին
Կանցնին կարգով ահա դեմես:
Նախ երգերը օրորոցիս
Որոնցմով մայրս զիս մեծցուց.
Ու խոլ երգերն իմ փողոցիս
Զոր տակավին գիտեմ բերնուց:
Վերջը, սիրո երգերը որ
Կես մը իրավ, կես մը կատակ,
Նետեցի չորս դին ամեն օր,
Ծաղկանց նըման ոտքերու տակ:
Վերջը, վերջը բոլոր զվարթ
Այդ երգերուն, — դադարը մեծ,
Լըռությունը, զոր մինչև ցարդ
Քեզնից զատ ո՛չ ոք չէ վըրդովեր:
Ձյունը
Ակնախըտիղ անբըծություն մը վերեն
Երկնից վճիտ բարձրութենեն կիջնար վար,
Վարանելով, օրորվելով, ծուլորեն,
Քալվածքին պես կնոջ մը մարմնեղ և ըստվար:
Ու փողոցին մայթին վրա կը փռեր
Ճերմակությունն իրեն քընքուշ` ցեխին քով.
Ոտքերու տակ կը կոխկըրտվեր, կը լռեր,
Անտրտունջ միշտ ու քիչ մըն ալ հաճույքով:
Վերեն հիմա ձյունը առատ կը մաղվեր,
Հոժարակամ թողլով եթերը կապույտ.
Անձնամատույց կին էր ան որ կը թաղվեր
Փոսի մը մեջ ցեխի, անհոգ ու անփույթ:
Уведомление: Հունիսի 26-ին ծնվել է Գրիգոր Զոհրապը « Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 8-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ի հիշատակ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողների — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Գրականություն Ապրիլ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ