Իսկապես դժվարանում եմ ասել դպրոցը` վկայականից ու համալսարանը` դիպլոմից բացի ինձ էլ ինչ են տվել, բայց, որ իմ ընտանիքն ինձ լիուլի տվել է ու շարունակում է տալ անգամ այսօր, երբ նրանք` իմ ընտանիքի մեծերը, ֆիզիկակապես իմ կողքին չեն, դա հաստատ է:
Ընտանիքում միշտ լինում է մեկը, ով առավել հոգեհարազատ ու սրտամոտ է լինում քեզ: Այ, հենց այդ մեկի մասին էլ ուզում եմ ձեզ պատմել: Պատմելու եմ իմ Սարգիս պապի մասին: Նա երբևէ ինձ հանդիպած ամենաՍարգիսն է եղել: Զարմանալի մարդ էր` արտասովոր ու անսովոր: Ամբողջ կյանքում գրավել էր մի շարք ղեկավար պաշտոններ, բայց միայն տեսնել էր պետք, թե ինչ սիրով ու նվիրումով էր զբաղվում այգեգործությամբ, ինչ քնքշանքով ու շշուկով էր խոսում հողի, ծառ ու թփի հետ: Ու չէր դադարում կրկնել. «Սա երբևէ իմ ունեցած ամենամեծ պաշտոնն է»:
Չափազանց մարդասեր էր: Մի առիթով էլ եմ ասել` իր նախագահ եղած տարիներին գյուղից ոչ մեկը աքսորի ճամփան չի բռնել ու սովից չի մահացել: Բայց, արի ու տես, երբ մեկնել է պատերազմ, նույն այդ գյուղացիները կարիքից դրդված` անընդհատ անհանգստացել են տատիկին, վախեցրել, անգամ` հարձակվել տան վրա:
Երբ վիրավոր պապիկին զորացրել են տուն, տատիկս ամեն ինչ պատմել է պապիկին` հույս ունենալով, որ նա կմեղադրի «իրենց հաց ու ջրով» ապրած համագյուղացիներին: (Ջրով, որովհետև այն ժամանակ միակ աղբյուրը սարերից բերել, գյուղ է հասցրել պապիկը: Հիմա էլ կա այդ աղբյուրը, համագյուղացիները այն կնքել են «Սարգիսի աղբյուր» անվամբ): Ու գիտե ՞ք` պապիկն ինչ է պատասխանել.
-Լռիր, կին, դու չգիտես` ինչ է սովը, որովհետև ոչ մի օր սոված չես եղել: Եղել ես ռեսի (գյուղապետ) աղջիկ, հետո` նախագահի կին: Դու իրավունք չունես մեղադրելու սովահար մարդկանց:
Հիշում եմ, երբ տան հինգ երեխաներիցս մեկը հիվանդանում էր, պապիկս բացում էր Նարեկը, կանգնում հիվանդի գլխավերևում, խաչակնքում ու կարդում: Ու մենք լավանում էինք: Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, որ մեզնից մեկն ու մեկը հիվանդանալիս դեղ խմած լինի:
Լինում էին դեպքեր, երբ մենք վիճում էինք ու վազում պապի մոտ, որպեսզի նա ասի` ով է սխալ, ով` ոչ:
Նա թողնում էր գործը, ուշադիր լսում մեզնից առաջինին ու ասում.
-Դու ճիշտ ես:
Հետո նույն ուշադրությամբ լսում էր երկրորդին ու ասում.
-Դու հմնուց ճիշտ ես:
Մենք համբերություններս կորցրած` բղավում էինք.
-Այ պապի, հիմա մեզնից ով է ճիշտը:
Ու միշտ ստանում էինք նույն պատասխանը.
-Երկուսդ էլ ճիշտ եք, դե հիմա բարիշեք ու վազեք միասին խաղալու:
Ութսուն անց մարդ էր, բայց անդադրում աշխատում էր: Մի բան սարքում, վերջացնում էր, հետո թաքուն քանդում էր, որ էլի գործ ունենա անելու…
Ինքը չէր տեսել էրգիրը, բայց կարոտով ու առանձնակի հուզմունքով էր վերապատմում իր Մովսես պապու պատմածները:
Երբ արդեն ուսանող էի ու սկսեցի տեղեկություններ հավաքել իմ պապերի ծննդավայրի` Դիադին գավառի մասին, զարմանքից քար էի կտրել: Այդքան ճշգրիտ ու այդքան պատկերավոր: Պատկեր առ պատկեր պապիս պատմածն էր: Հատկապես հիշում եմ տարածքի հանքային աղբյուրների և Դիադին անունով վանքի, իրենց ջրաղացի մասին պապիս պատմածները:
Երբ հայրս ցանկություն հայտնեց մեր ազգանունը ի պատիվ պապիկի դարձնել Սարգսյան, պապս ընդդիմացավ` ասելով.
-Մովսիսյանի մեջ 200 տարվա պատմություն կա, մեր պապերի ու էրգրի պատմությունը կա: Մի փոխիր, տղաս:
Սովորական առավոտ էր: Պապս պատրաստվում էր գնալ իրենց գյուղ: Պապ ու թոռ նախաճաշեցինք: Այդ օրը ինքը մի տեսակ ուրիշ էր. անհանգիստ էր, նստում էր, վեր կենում, գնում-գալիս էր: Հետո գնաց, բերեց ժանգոտված բանալիների մի խուրձ ու տվեց ինձ: Բանալիները ես էլի էի տեսել. Դիադինի` իր պապի տան բանալիներն էին:
-Պահիր քեզ մոտ,-ասաց ու շտապ դուրս եկավ տնից:
Դա մեր վերջին հանդիպումն էր:
Հետգրություն
…Առ այսօր, երբ պապիկենցս գյուղում` Լուսագյուղում, հարսանիք է լինում, երախտապարտ գյուղացիները առաջին բաժակը բարձրացնում են ի հիշատակ և խորին հարգանք Սարգիս Մովսիսյանի, նոր հետո միայն շարունակում իրենց ուրախությունը…
Սարգիս պապս հեղափոխությունից առաջ եղել է եկեղեցու սպասավոր: Այդ տարիներին հրաման են ստանում հավաքել եկեղեցու սուրբ գրքերն ու այրել: Գիշերով, բոլորից ծածուկ (անգամ` կնոջից), գրքերի մի մասը տեղափոխում է տուն ու գոմի մի հեռավոր անկյունում թաղում հողի մեջ:
Որոշ ժամանակ անց, Արմանուշ տատս սկսում է մղձավանջային երազներ տեսնել, և երբ ծանր գիշերներն արդեն անտանելի են դառնում, խնդրում է Տիրոջից օգնել հասկանալու կատարվածը: Հաջորդ գիշեր հայտնվում է սպիտակ ու լուսավոր հագուստով մեկը, տատիկիս լուռ ուղեկցում է և մատով ցույց տալով կոնկրետ տեղ` հայացքով պատվիրում փորել հողը: Բացում են հողը և ի՜նչ տեսնում: Պապիկի` եկեղեցուց բերած գրքերը, խոնավությունից ու կաթոցի տակ հայտնվելուց, սկսել են փչանալ: Պարզ է` պապս տեղափոխում է գրքերն ավելի ապահով մի տեղ, ու այդ օրվանից մղձավանջները դադարում են:
Անցնում են անաստվածության տարիները: Պապիկս գրքերը, բացի մեկից, հանձնում է: Հիմա էլ պապիկիս գիրքը կա, պահվում է իմ Սարգիս եղբոր տանը:
Նունե Մովսիսյան
Уведомление: Մերոնք | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ) | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ) | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ) | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պապս պատմում էր… | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Հիշողությունն էլ գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիշողությունն էլ գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիշողությունն էլ գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Անդրանիկ Օզանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ինչ տվել եմ, քոնն է… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Մայրս
Ինձ համար իսկական քրիստոնյայի կատարելատիպ եղել և մնում է մայրս, ով, ի դեպ, Աստվածաշունչ չէր կարդացել, եկեղեցի չէր գնում, պահք չէր պահում, ավելին` մկրտված էլ չէր: Բայց իր ողջ էությամբ նա համակ Սեր էր ու Նվիրում…
НравитсяНравится
Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գովազդ «Հայկական կակաչի» եթերում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դիադին (Թիադին, Տիատին) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դիադինի հրաշալիքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հետադարձ հայացք իմ ու իմ կրթահամալիրի կյանքին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Խոնարհումս, մամ․․․ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հավաքից հավաք. հետադարձ հայացք իմ ու իմ կրթահամալիրի կյանքին — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հավաքից հավաք. հետադարձ հայացք — Սեբաստացիական մեդիադարակ