Պարզվում է՝ մինչ այս գրածս հաշվետվությունը տեղով դիջիպատում է, որ կա: Դե, ես էլ որոշեցի փոփոխել, ավելացնել ու շարունակել այն:
Եվ այսպես, սկսեցինք:
Էական ձեռքերում(ներ)
Այս տարվա ընթացքում տպագիր դասագրքեր, որպես այդպիսին, իմ դասավանդած դասարաններում չի օգտագործվել. ոչ պետական, ոչ էլ կրթահամալիրյան, ոչ դասարանում, ոչ էլ տանը: Դասարանում առկա դասագրքերից և մեր գրադարանի գրքերից օգտվել ենք երկու դեպքում. երբ իմ խորհրդով կամ սովորողների խնդրանքով (հիմնականում 7-րդ ժամերին) ընթերցանության դասաժամ ենք արել, կամ էլ, երբ համացանցի հետ են խնդիրներ եղել: Ուսումնական նյութերը ընտրվել են ամենատարբեր աղբյուրներից. տպագիր գրականություն և համացանց՝ mskh., մեդիագրադարան, տարաբնույթ կայքեր, դասավանդողների և սովորողների բլոգներ, ֆեյսբուք սոցցանց և այլն, և այլն: Մեկտեղելով դասարանական և տնային աշխատանքի համար նախատեսված ընթերցանության նյութերը՝ ունենք այ այսպիսի Գրադարակ:
Ուսումնական օրացույցի առկայությունը հնարավորություն է տվել ուսուցումը հիմնականում իրականացնել նախագծերի մեթոդով: Յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ նշվել են ժամկետներ՝ սկիզբ, ընթացք, ավարտ, և սովորողների օգնությամբ կազմվել է գործողությունների պլան: Սովորողները նախագծերը իրականացրել են փուլ առ փուլ: Ամեն փուլի համար եղել են կոնկրետ առաջադրանքներ: Մեկտեղելով դասարանական և տնային աշխատանքի համար նախատեսված առաջադրանքները՝ ունենք այ այսպիսի Շտեմարան:
Մի բան է գրելն ու հանձնարարելը, լրիվ այլ բան է այդ ամենն իրականացնելն ու աշխատեցնելը: Ցանկացած բնույթի հանձարարություն սովորողին ուղարկելուց առաջ ինքս մտովի պատկերացնում եմ կատարվելիք աշխատանքի ընթացքն ու ժամանակատարությունը, բարդություններն ու դժվարությունները: Երկու դեպքում էլ՝ թե առկա հաջողությունների, թե՝ ձախողումների, դիտարկումներ եմ անում՝ ներկայացնելով հոդվածի տեսքով:
Հոդված հիմնականում գրում եմ հետևյալ կերպ. անկողմակալությունն ու անաչառությունն ապահովելու նպատակով իմ արածին նայում եմ կողքի մարդու հայացքով: Պատկերավոր ասած՝ հոդված գրելուց առաջ մտովի բարձրանում եմ մի բարձր տեղ ու վերևից սկսում նայել արածիս. դա հնարավորություն է տալիս ամեն ինչ տեսնել ամբողջության մեջ: Հոդվածի դեպքում աշխատում է հետևյալ մոդելը՝ ուսուցման իրականացում + դիտարկում: Մի քանի ամսվա (այս դեպքում՝ նաև մեկ տարվա ) ընթացքում իրականացված դիտարկում- գրառումները հավաքելուց հետո միայն սկսում եմ հոդվածը գրել: Մեկտեղելով տարվա ընթացքում կատարված դիտարկումները՝ ունենք հոդվածների, առարկայական ծրագրերի, նախագծերի բաժին Մեդիակրթություն անվամբ:
Շատ կարևորում եմ թարգմանությունները, դա հնարավորություն է տալիս ծանոթանալ աշխարհում իրականացվող մեդիակրթությանն ու ծառացած խնդիրներին, հետևել այս բնագավառի հետագա զարգացումներին՝ ավելորդ անգամ հեծանիվ չհայտագործելու համար:
Մեդիայի բերած ամենամեծ առավելությունը, իմ կարծիքով, բացի ժամանակի արդյունավետ օգտագործումից, նաև մտավոր անհատական զարգացումն ու ինքնակրթության լայն հնարավորությունն է: Մեկտեղելով տարվա ընթացքում ինքնակրթության արդյունքում ստեղծված նյութերը՝ ներկայացնում եմ Թարգմանություններ, Ծիսական տոնացույց, Գզրոցներ բաժինները:
2014-ի գլխավոր անելիքը
2014 թ-ի իմ գլխավոր անելիքը, թերևս http://olimp.mskh.am/ է: Ճիշտ է, կատարվել է կարևոր աշխատանք՝ մշակվել են ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը, նախագծին ներկայացվող պահանջները, դասակարգվել են կարճաժամկետ և երկարարժամկետ նախագծերը, ենթակայքում գործում է նաև նախագծի հայտի ավտոմատ համակարգ, բայց դե մեկ է, անելիքներ շատ կան:
Կատարված աշխատանքի համար ամենից առաջ շնորհակալ եմ Սուսան Մարկոսյանին: Չլիներ նրա գործուն աջակցությունը, դժվար թե ինքնուրույն կարողանայի այս կարճ ժամանակահատվածում ու այսչափ արագ գործը գլուխ բերել:
Խնդրանք, առաջարկություն
Առիթից օգտվելով՝ խնդրում եմ մեր այն դասավանդողներին, ովքեր ցանկություն ունեն նախագիծ ղեկավարելու, իրենց գործը սկսել «Ստուգատես» ենթակայքից՝ հայտի ձևակերպումով: Այդ ամենը կխլի ընդամենը 1-2 րոպե, արդյունքում «Ստուգատեսը» ցանկացած պահի կծանոթանա նախագծի ընթացիկ աշխատանքին՝ առանց իզուր ժամանակ ու նյարդեր խլելու ինչպես տվյալ դասավանդողից, այնպես էլ ծրագրի ղեկավարից: Հայտի գրանցումը կարևոր է, որովհետև ամփոփվելու և գնահատվելու են հայտագրված նախագծերը:
Բացի դրանից, նախագծի հայտի գրացման առկա համակարգը թույլ կտա, որպեսզի կրթահամալիրյան նախագծերի ստուգատեսին միանան ինչպես Հայաստանի մարզերից, այնպես էլ՝ Արցախից, Վրաստանից: Հա, ճիշտ եք, ուզում ենք, որ «Ստուգատեսը» Դիջիտեքի նման միջազգային դառնա:
Նախագծերով աշխատելիս միշտ էլ լինում են առավել օժտված սովորողներ, ովքեր աչքի են ընկնում իրենց ստեղծական մտածողությամբ, ուսումնասիրություն կատարելու հմտությամբ: Այդ սովորողների կատարած աշխատանքը առանձին կարելի է խրախուսել (բնականաբար, եթե տվյալ աշխատանքը բավարարում է սովորողի աշխատանքին ներկայացվող պահանջներին):
Նման սովորողները իրենց հասանելիք մրցանակի հետ կստանան նաև «Ստուգատես» ենթակայքում առանձին, սեփական էջ ունենալու հնարավորություն: Սա իր հերթին ժամանակի ընթացքում օժտված սովորողների համար կդառնա միավորող հարթակ, ուր ամեն մեկը յուրովի կներկայանա ու կներկայացնի իր զարմանահրաշ ներաշխարհը՝ ասելիքը, նկարը, ստեղծագործությունը…
Էս էլ իմ դիջիպատումը:
Նունե Մովսիսյան
Լուսանկարը՝ Մարթա Ասատրյանի
Уведомление: Դիջիտեքի նյութեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դիջիամփոփում 2011-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)