Ինչքան ուզեցա չգրել, չեղավ: Փեշիցս քաշեցի, ջղայնացա, ինձ համոզեցի, չստացվեց: Լուսահոգի հայրս նման դեպքերում ասում էր. «Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ: Որ որոշել ես, ուրեմն կանես: Մեկ է՝ անելու ես, քո հերն էլ դեն անիծած, արա՛…»: Նեղսրտելով ասում էր ու ժպտալով ավելացնում. «Չվախենաս՝ թիկունքիդ կանգնած եմ…»:
Ես չեմ կարող հենց այնպես որոշել, ճամպրուկը հավաքել, վեր կենալ, սահմանը հատել ու հասնել Արևմտյան Հայաստան: Գնում եմ այն ժամանակ, երբ ներքին պահանջ եմ ունենում:
Այնտեղ ոտք դնելու պահից սկսած ու Էրգրում եղած ամբողջ ընթացքում ներսս սկսում է տակն ու վրա լինել, շատ բաներ փլուզվում են, շատ արժեքներ իմաստազրկվում ու գրոշ են դառնում: Մարդկանց, երևույթներին, ընդհանրապես՝ աշխարհին ուղղված հայացք եմ փոխում: Ներսումս իսկական խառնաշփոթ է ստեղծում: Պատճառը կարո՞տն է, կորստյան ցա՞վը, թե՞ մեկ այլ բան:
Կարծես…մեկ այլ բան: Ուրի՜շ մի բան կա, շատ ավելի բարձր, շատ ավելի հզոր, շատ ավելի ազդեցիկ, շա՜տ ավելի ոգեղեն: Ու դրա անունը Ինքնություն է:
Էրգիրն ինձ համար ժամադրավայր է: Ես ամեն անգամ գնում եմ այնտեղ հանդիպելու ինքս ինձ, նայելու հոգուս աչքերի մեջ, նայելու անթարթ ու համառ՝ առանց հայացքս փախցնելու:
Մեկ էլ գնում եմ, երբ կարևոր բաներ հասկանալու խնդիր եմ ունենում: Օրինա՞կ՝ ոնց է լինում, որ այդ հողի վրա զգայություններս սրվում են ծայրաստիճան կամ ասենք՝ ինչից է, որ տեսողությունս ժամանակավորապես վերականգնվում է:
Հա՛, գնում եմ, երբ մաքրվելու պահանջ եմ զգում: Այդպես եկեղեցի եմ գնում: Էրգիրը Եկեղեցու արժեք ունի ինձ համար:
Էրգրում հանդիպում են անցյալը, ներկան ու ապագան: Ժամանակները խառնվում են: Ու դրանից ծնվում է մեկ ընդհանուր, միասնական ժամանակ՝ տիեզերականը:
Էրգրից՝ ինչպես Եկեղեցուց, դուրս եմ գալիս մի քիչ ավելի լավը դարձած, ինձ հրաշալի եմ զգում՝ ազատ ու թեթև, մաքրված ու օրհնված:
Ու, գիտե՞ք, էնպես չէ, որ ուզում եմ էնտեղ մնալ, ավելին ասեմ՝ ոչ էլ ուզում եմ: Վերադառնալիս միշտ մտածում եմ. «Ի՜նչ լավ է, որ ես Երևանում եմ ծնվել»:
Մի բան հասկացա՞ք, բա կարծում եք՝ ես հասկանո՞ւմ եմ…
Քաղաքա-տնտեսա-հայրենագիտական, չգիտեմ էլի ինչական բաներ հայավարի վերլուծելու ոչ մի ցանկություն չունեմ: Գրողի ծոցը գնան բոլոր «սիրուն-սիրուն» բառերը, «խելոք-խելոք» մտքերը, «պուպուշ-պուպուշ» շինծու ու արհեստական զգացմունքները: Չե՛մ ուզում: Ամեն ինչից շատ հոգնում եմ հենց դրանցից: Մեկ-մեկ ինձ հազիվ եմ զսպում, որպեսզի ձանձրույթից չհորանջեմ: Ասե՞մ՝ ինչու:
Որովհետև հավատում եմ ոչ թե խոսքին, այլ գործին:
Էսքանը: Հասկացողը հասկացավ:
Լուսանկարը՝ անձնական արխիվից. Թորթումի ջրվեժ (Էրզրում)
Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ նաև՝
Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր
Ինչպես նաև՝ «Էրգիր» կայքէջին
Նունե Մովսիսյան
Уведомление: 2015-2016 ուսումնական տարի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մուշեղ Գալշոյանի կանչը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տպավորություններ Պարսկահայքից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տպավորություններ Պարսկահայքից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտի իմ խորհրդանիշը. Մուշ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շնորհակալ եմ, Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ☆ ˙·•●❤ •●❣ԿՅԱՆՔԸ ԻՐ ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐՈՎ●• ❤ ●•·❣˙☆ ☆
Уведомление: Թուրքիային պատուհասած հրդեհներ․ Աստծո պատիժ, թե՞ վրեժխնդրություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)