Մուշեղ Գալշոյանի կանչը

galshoyan_portrait

«Կարոտ, զորե՛ղ-զորեղ է, կարոտից զորեղ բան աշխարհք չկա: Կարոտի հետ տխրություն կմեծանա, գառ… կարոտ տխրություն է, անո՛ւշ-անուշ տխրություն է: Ու էդ տխրություն… էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս»: Մուշեղ Գալշոյան «Ձորի Միրո»

Եթե Վահան Տերյանը հայ գրականությանը պայծառ թախիծ բերեց, ապա Մուշեղ Գալշոյանը եկավ անուշ մի կարոտով: Կարոտ մի անուշ՝  վեհացնո՜ղ, ազնվացնո՜ղ, ոգեղեն դարձնող անո՜ւշ կարոտ…

Ես այնքան եմ ապրել այս երկրի վրա, որ երբեմն ինձ թվում է՝ մի ամբողջ հավերժություն այստեղ եմ ու այստեղ: Ու հիմա չեմ հասկանում իմ ապրածը կյանք է, թե՞  երազ:

Ապրել եմ այնքան, որ սեփական կյանքի փորձով գիտեմ՝  ինչ է պետք Երկիր մոլորակում հայտնված մոլորյալներիս…

Առաջին հերթին Սեր է պետք: Սերը մարդուն անհրաժեշտ է առողջ ապրելու համար: Ու, եթե սիրո մեջ գտնվող մարդն առողջ է ֆիզիկապես, ապա հավատ ունեցող մարդն առողջ է հոգեպես:

Հավատն ու Սերը մարդուն պետք են ազատ-արժանապատիվ ապրելու, արարելու-ստեղծելու, մեկ էլ՝  Տունդարձի Ճամփեն չկորցնելու համար…

Իսկ հո՞ղը…հողը ինչի համար է պետք մարդուն: «Հողը մեր ոտքի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ՝ չծնվածներին: Հողի այսօրվա տված հարցը մերն է, իսկ հողը՝ չծնվածներին»: Մուշեղ Գալշոյան

Հիմա մեր ոտքի տակ «մի թիզ հող» է և մեր գլխավերևում «մի գիրկ երկինք»: Սա է իմ, մեր պապերի թողած պատմությունը: Ուրեմն՝ ի՞նչ, Գալշոյենց Մուշեղ, ես իմ պապից հաշի՞վ եմ պահանջելու: «Ապրող մեղավորներին ներում են, եթե, իհարկե՝ պատժում են. պատժում են, ուրեմն և ներում: Իսկ մեղապարտ գնացածներին այլևս պատժել չեն կարող, հետևապես նաև ներել հնարավոր չէ»:  Հացը մերն է, իսկ հողը՝ չծնվածներինը

Հա, հենց էլ հաշիվ եմ պահանջում: Բայց… պահանջելու եմ ներում խնդրելով. «Արժանի չեղանք Քեզ ունենալու, Էրգիր, ներիր, եթե կարող ես…»( Ն. Մ.)

«Էրգիրը Եկեղեցու արժեք ունի ինձ համար: Էրգրից՝  ինչպես Եկեղեցուց, դուրս եմ գալիս մի քիչ ավելի լավը դարձած, ինձ հրաշալի եմ զգում՝  ազատ ու թեթև, մաքրված ու օրհնված»:  Զգացողություններս հանձնում եմ ընթերցողին, ֆիդայի Գալշոյի ժառանգ, բայց մտավախություն ունեմ՝ բա որ ճիշտ չհասկացվե՞մ ու հետն էլ բարձրաձայն ինձ մխիթարում եմ. «Հասկացողը կհասկանա» (Ն.Մ.):

«…Դեմքը ավելի մոտեցավ հողին, մո՜տ, շա՜տ մոտ զգաց հողի շունչն ու շշնջոցը՝ կանչում էր, սիրտն ուզեց, որ գլորվի, գլորվի՝  երեսնիվայր մեկնվի այդ գթասիրտ հողին, բայց, չիմացավ, ինչու, չգլորվեց: Եվ, հողի շշնջոցը ականջում, նորից բռնեց թոռան ձեռքը.

-Գինարբ ծաղիկներ կթողնի՜մ իմ թոռանն ու կերթամ…»: Գինարբ ծաղիկ

Գինարբ ծաղիկները կթողնենք մեր թոռներին ու կգնանք…

«Աշխարք հող ու ջրից անուշ բան չկա: Մարդու ուժ հողի մեջ է: Քանի հող չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է, խլեցին՝ գերի է… Աշխարհք ամենամեծ կորուստ մարդու կորուստն է: Մարդու կորուստ անդարձ կորուստ է: Էրգրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՛, կսպասե՛, ու օրերից մի օր կհանդիպին: Հողի կորուստ անդարձ կորուստ չէ»: Ձորի Միրո

Ու հեռվի՜ց, շա՜տ հեռվից լսվում է մի ձայն…

Ձայնը այդ գալիս, ականջներով, մաշկով, նյարդերով ներս է մտնում, ներծծվում է քո մեջ, հետո ամբողջ մարմնով մեկ արյան շրջանառության նման երակներով հոսում-տարածվում է ու …դառնում Կանչ:

Կանչն այդ նման է հոգին ու սիրտը տակնուվրա անող Զորոյի կանչին՝  Ալեեե՜…Ալե, իմ հոգին, Ալեեե՜…

Ու քանի կա, լսում ես այդ Կանչը, ուրեմն և կա, ապրում է, կապրի Մուշեղ Գալշոյանը, կապրի նրա «խորոտիկ հեքիաթը», կապրի նրա անուշ կարոտը…

Ես այնքան եմ ապրել այս երկրի վրա, որ երբեմն ինձ թվում է՝ մի ամբողջ հավերժություն այստեղ եմ ու այստեղ: Ու հիմա չեմ հասկանում, Գալշոյան ջան, իմ ապրածը կյանք է, թե՞ երազ:

«Չէ, մարդու կյանքն աշխըրքի համար երազ է, իր համար՝  կյանք: Մոռացված օրերը կդառնան էրազ, մնացողը կյանք է: Էսօրվանից ու հիշողությունից փախչել չի էղնի, ու երազ չկա: Երազ չկա մեջ իմ օրերուն…»: Ձորի Միրո

Իմ կյանքը աշխարհի համար երազ է, ինձ համար՝  կյանք: Ու երազ չկա…

Մուշեղ Գալշոյան, Ծնունդդ շնորհավոր:

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s