Ծնունդդ շնորհավոր, Զորավար

Andranik_hat«Եթե իմ ժողովուրդը կուզի իմ ՛մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր,
թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար»։ Անդրանիկ Օզանյան

Նվարդ Թումանյանի հուշերից

Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր, կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:

Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա՜…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:

Աղբյուրը՝  Նվարդ Թումանյան, «Հուշեր-զրույցներ», Երևան, 1987

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։ Անդրանիկ Օզանյան

1916 թվականին Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և գտնվում էր մի երիտասարդ օրիորդ։ Անդրանիկը հրապուրվում է օրիորդով։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։ Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդին դիմում է հետևյալ կերպ.

-Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս։

-Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես…։

Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։ Մի քանի րոպեից նա սթափվում է և որոշում իր անելիքը, իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին, հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին։

Առաքելոց վանքի կռիվը

«Առաքելոց վանքի կռիվը թևեր առավ, ճախրե՜ց Սասնո լեռներում, Մշո դաշտում, ամեն տեղ, ուր մի մոլորված ու հույսը կորցրած հայ կար, հավատ տվեց ու համոզեց, որ երեսունյոթ հոգով հնարավոր է դիմակայել կանոնավոր 6000-անոց զորքին ու դառնալ լեգենդ։ Բայց դա լեգենդ չէ։ Դա Առաքելոց վանքի կռիվն է»։

Վրեժ Սարուխանյան «Առաքելոց վանքի կռիվը»

Andranik Ozanyan

1919 թվականի գարնանը Զորավար Անդրանիկը, իր զորքով լեռնանցում կատարելով Զանգեզուրի վրայով, բռնեց Արարատյան դաշտի ուղղությունը:

Հասնելով Էջմիածինի տաճարի պատերի տակ բոլորը հոգնատանջ նստեցին, վայր դրեցին զենքերը, ամբողջ ռազմական հանդերձանքը, իրենց մոտ եղած հայկական քաղաքների դրոշակները: Բոլորը շունչները պահած սպասում էին Զորավարի խոսքին, և ահա նա խոսեց.

Զորավար Անդրանիկի խոսքը Հայաստանից հեռանալուց առաջ

-Իմ փառապանծ, հավատարիմ զինվորներ, ժամանակն է մեր բաժանման: Ավարտված է մեր մարտական արշավը: Մեր զենքն ու դրոշակները հանձնեցինք հայ կաթողիկոսին: Բաժանումից առաջ ուզում եմ ասել, որ ես էլ ձեզ պես ժողովրդի ծոցից եմ ելած, ձեզ նման զինվոր եմ: Ես արդեն հիսունչորս տարեկան եմ ու դեռևս ամուսնացած չեմ: Ձեզ հետ միասին պայքարել եմ ազատ կյանքի համար, ազգի պատվի համար. այդպիսին է եղել մեր կյանքը: Հայաստանի երկինքն է եղել մեր հովանին: Իմ զինվորական կյանքը սկսել եմ հայդուկների հետ: Իմ փափուկ բարձը Սասնա լեռներն են: Զենքը ձեռքիս` ձիով ու սրով անցել եմ ամբողջ Հայաստանը ծայրից ծայր:

Դուք` իմ զինվորներ, դուք անսովոր մարդիկ եք, դուք կրակե սերունդ եք, որ դուրս է եկել Սասնա առասպելական լեռան հետևից: Հարազատներս, ես մտածում եմ, որ բազմաչարչար հայ ժողովուրդը, որ այնքան տառապանքներ է կրել, պետք է վերածնվի: Նա պարզապես պարտավոր է դա անել: Նա պետք է պահպանի ու շարունակի իր նախնիների ավանդույթները, զարգացնի իր ազգությունը: Այլևս ձեզ ասելու բան չունեմ: Ես այժմ միայն իմ գլխի տերն եմ: Դուք ազատ եք, հողը մերն է, չորս կողմը հայեր են, կարող եք առաջվա պես ծառայել հայ ժողովրդին, ինչպես ծառայել եք մինչև այժմ:

Ովքեր ուզում են ինձ հետ մնալ, ես կվերցնեմ հետս: Ես մեկնում եմ` իմ սրտի կեսը թողնելով այստեղ, հուսալով երբևէ վերստին ձեզ տեսնել: Ձեզ բարի ճանապարհ, և թող օրհնվի մեր ընկած հերոսների պայծառ հիշատակը:

Աղբյուրը՝  life.panorama.am

Լուսանկարը՝  Ռուբեն Շուքյանի ֆեյսբուքյան էջից (Զորավար Անդրանիկի վերջին լուսանկարը Հայաստանում)

Բրաբիոն  ծաղիկը

Մի գիշեր Սմբատ զորավարին շտապ կանչեցին ծովափ: Կալիֆորնիայի Չիքո կոչվող ջերմուկներից մեկում մեռնում էր Անդրանիկը:

— Եկա՞ր, Մախլուտո, — ասաց զորավարը նրա գլուխը գրկելով: — Ես իմ ամբողջ կյանքում Բրաբիոն ծաղիկը փնտրեցի աշխարհում: Ես էլ, դու էլ այդ ծաղկի հետևից գնացինք: …Մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին: Իմ դժվարագյուտ ծաղիկն այդ է, և նրան են վերջին պահին իմ աչքերն ուղղված…

Լուսադեմին Շապինանդը չկար:

Չորս ամիս հետո Ֆրեզնոյի հայերը Սան — Ֆրանցիսկոյի ֆրանսիական հյուպատոսի միջոցով բախեցին Փարիզի դուռը:
Ֆրանսիական կառավարությունը Անդրանիկին պարգևատրել էր «Պատվո լեգիոնի» շքանշանով, և Փարիզը նրան տեղ տվեց իր հերոսների պանթեոնում՝ Կոմունարների պատի մոտ:

Ու 1928 թվականի հունվարի 8 — ին հայերը Ֆրեզնոյից ճամփա ելան դեպի Փարիզ՝ իրենց հետ տանելով ազգային հերոսի դին:
…Դագաղը ուսամբարձ հասավ Պեր Լաշեզ, և Մախլուտոյի դամբանականի և ֆիդայիների պատվո համազարկի ներքո իջավ գերեզման:

Ֆրանսիան նույնպես պատվո համազարկ տվեց:

…Իր կյանքում Մախլուտոն շատ մեծանուն քաջերի միջով անցավ, բայց Անդրանիկի պես քաջի և հայրենասերի այլևս չհանդիպեց:

Շատ վայրեր թափառեց, շատ քաղաքներ տեսավ, բայց մի քաղաք մնաց նրա սրտում և նրա աչքերի առաջ — Մուշը:

Տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա հայացքի տակ՝ Մշո դաշտը և մեն — մի ծաղիկ՝ դժվարագյուտ ու անհասանելի` Երկիր Հայաստան…

Աղբյուրը՝  Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների Կանչը»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Ծնունդդ շնորհավոր, Զորավար

  1. Նունե Մովսիսյան:

    Ռուբեն Շուխյան

    1905 թվականին, հանգրվանելով Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում, հայ ազգային ազատագրական պայքարի մեծ հերոս Անդրանիկ Օզանյանը գրեց իր «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը, որը հրատարակվեց 1906-ին Ժնևում: Հայկական իրականության մեջ այն փաստացի դարձավ հայերեն գրված և հրատարակված առաջին մարտական կանոնադրությունը: Ընդհանրացնելով հայդուկային պայքարի իր անձնական փորձը՝ Անդրանիկը ստեղծեց ֆիդայական կռվի մի ռազմուսույց, որտեղ ներկայացվում էին մարտիկի գործողությունները տարբեր ռազմական իրադրություններում: Գիրքը գրված է պարզ, մատչելի ոճով և կազմված է մի քանի գլուխներից՝ «Զինվորների հայդուկային կյանքը», «Կռիվների մասին անհրաժեշտ գիտելիքներ», «Զինվորների վարվելակերպը երթի ժամանակ» և այլն: Ներկայացնենք հատվածներ այդ գրքից. «Դաշտի վրա. «Դաշտի գյուղերը գտնված ժամանակդ՝ տեղացի զինվորներուն հետ պետք եղած տեղերը հողե դիրքեր շինել տուր: Դաշտի գյուղերն առհասարակ դիրքեր չեն ունենար: Եթե գյուղի շրջակաները ծառեր կան՝ դիրքերդ ծառերեն դուրս շինել տուր, որ թշնամին այդ ծառերը քեզմե չառնե: Երբ այդպես չընես, իրիկունը դուրս եկած ժամանակ շատ մարդ զոհ կուտաս: Եթե գյուղը եկեղեցի ունի, նախօրոք սանդուխը պատրաստե, որ եկեղեցին տանիքը բարձրանաս ու դիրք շինել տաս. այսպիսով քո հրացաններդ թշնամիին վրա կախված կըլլան: Թնդանոթի դեմ հողե դիրքեր ունեցիր, խրամատներ փորել տուր և առաջներդ հողը թումբեր շինել տուր»: «Փոսի մեջ. Եթե գյուղը փոսի մեջ է, պետք է չորս զինվոր և չորս գյուղացի ղրկես բլուրները, որ պահեն ու նայեն չորսդին: Պառկած տեղդ դռանն առջև ալ պահապան մը ունեցիր: Լույսը բացվելուն պես, երբ կտեսնես, որ բան մը չի պատահեցավ, եթե գյուղը հավատարիմ մարդ ունիս՝ ղրկե բլուրները, որ այն չորսին հետ հսկե թշնամիին շարժումները, և երկուքը անմիջապես գան լուր տան քեզ: Եթե գյուղի եզերքները գյուղեն ավելի բարձր լեռներ կան՝ քեզմե 200-1000 քայլ հեռու, մարդ ղրկե հոն ալ, իսկ ավելի հեռուն ըլլա՝ մի ղրկեր, գյուղը մնացիր»: «Կիրճերն անցնելու ատեն. Խումբը առհասարակ կիրճը պետք չի մտցնել՝ երբ երկու կողմի սարերը շատ անառիկ և բարձր են: Իսկ եթե հարկ կա անպատճառ կիրճն անցնելու, այն ատեն չորս կողմը վեց տղա՝ լեցուցած հրացանները ձեռքերին, թող արագորեն կիրճին մեջեն անցնին մյուս կողմը: Երբ տեսնեք, որ ոչինչ չի պատահեցավ և նկատեցիք, որ անցած են, խումբը ցրված կազմով անցնելու է կիրճեն: Եթե աչքի առաջ ունիս որ, օրինակ, դավադրություն մը եղած է, և թշնամին դիրք բռնած՝ առաջքդ կսպասե, առջևեն միշտ ղրկե երկու կամ երեք զինվոր, որոնք շատ լավ ծանոթ ըլլան այդ տեղերուն և միաժամանակ ճարպիկ, դուն ալ խումբին հետ 50-60 քայլ ետևեն գնա»:

    Нравится

  2. Уведомление: Զորավար Անդրանիկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Անդրանիկի կտակը իր զինվորներին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Զորավար Անդրանիկ. առասպել և պատմություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий