Դանիել Վարուժան «Կերթամ աղբյուրն լույսին…»

Varujan (2)

Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թ.-ի ապրիլի 20-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, 1902 թվականին տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոց։ 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարան, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ 1909-ին վերադառնում է ծննդավայր, ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում: 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսուչի պաշտոնով։ Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Բանաստեղծի խոսքերով ասած՝ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ 31-ամյա Դանիել Վարուժանը։ 1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը ծնվեց Վարուժանի երրորդ զավակը՝  Հայկակը:

Գեղեցկության արձանին

Կ’ուզեմ ըլլա քու մարմարիո՛նդ պեղված
Ոլիմպոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հրեղեն
Միս մը կնոջ, լույսով, տենդով սրարբած:

Աչքերդ ըլլան վիհեր՝ ուր մարդ երբ սուզի՝
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անե՛ղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանդ ներքև
Տառապի՛ մարդն, ու չըկրնա դպչիլ քեզ:

Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթվիլ՝
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:

Հունձք կը ժողվեմ

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
–Լուսնակը յարս է–
Ակոս ակոս ման գալով,
–Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
–Անո՜ւշ են հովեր–
Արտերուն մեջ թափառիկ,
–Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
–Կաքավը կու լա–
Կապեցի մե՛կ նարոտով,
–Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
–Ասուպը անցավ–
Աստղեր մյուռոն կը ծորեն,
–Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
–Վարդենին թաց է–
Ես կապեցի խաղերով,
–Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
–Կ’երթա՜ լուսնակը–
Դեզերով լեռ եմ շինած,
–Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
–Յարըս յա՜ր ունի–
Քարեն լորիկը թըռավ,
–Լե՜րդըս կ’արյունի:

Ցորյանի ծովեր

Հովե՜ր կ’ացնին.

Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Հասուն արտ 

Արտս ոսկո՜ւն է…
Նման բոցերու,
Ցորենն է բռնկել
Առանց այրելու։
Արտս ոսկո՜ւն է…
Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտների տակ։
Արտս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև են հագել։
Արտս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ
Քիստերի միջից
Կանցնեն զերթ փայլակ։
Արտս ոսկո՜ւն է…
Մերթ ելնում հովից,
Մի դեղձանիկ թի՛ռ
Ոսկեծուփ ծովից։
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասուն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ։

Հուշեր Վարուժանի մասին

«…Իր (Դանիել Վարուժանի մասին է խոսքը) աքսորի ընկերները պատմած են ինծի, թէ անընդհատ կը կարդար ու կը գրէր իր աքսորի օրերուն: Նոյնիսկ Պոլսէն Հոմերոս ուզած էր՝ իր ուղեղը մարզելու համար նո՛ր տեսիլքներու:
Ու պատմած են նաեւ, թէ ան աւարտած ունէր շա՛տ մը քերտուածներ: Երբ Կոմիտաս Վարդապետ Պոլիս դարձաւ աքսորէն՝ գիշեր մը գաղտուկ իրեն գացի, լուր առնելու տարագիր եղբայրներու մասին: Ա՛ն էր, որ ըսաւ, թէ Դանիէլը արդեն շատ մը գեղեցիկ էջեր է գրած: Նոյնիսկ մանրամասնութիւններ պիտի տար, երբ ջղայնութիւն մը եկաւ վրան ու սկսաւ պոռալ երեսիս, ոէ ինչո՛ւ թաքստոցէս դուրս կ’ելլեմ…»:

Աղբյուր՝  Յ.Ճ.Սիրունի «Գիծեր Դանիէլ Վարուժանի կեանքին», Գահիրե 1955

Daniel Varujan

Այս լուսանկարում Դանիել Վարուժանի հայրն է` Գրիգոր Չպուգքարյանը, «կրթված և գրագետ մարդ մը», Թագուհին, «միջահասակ, շնորհալի և ժպտերես… ճերմակ մորթով, երկար մազերով… մի կին», և ինքը Դանիելը` աջ կողմում: Ո՞վ է ձախ կողմում կանգնած երեխան, դժվարանում եմ ասել, քանի որ Դանիելի կրտսեր եղբայրը` Վահանը ծնվել է բավականին ուշ` 1900 թվականին, իսկ այստեղ Դանիելը 5-6 տարեկան է` մոտավորապես 1890 թվականի լուսանկար է: Այնուհետև հայրը մեկնելու Պոլիս, ուր երկար տարիներ կաշխատի «Խավյար խանին մեջ», իսկ մայրը Դանիելի հետ կմնա Բրգնիքում: 8-10 տարվա բաժանումից հետո Թագուհին Դանիելի հետ կմեկնի Պոլիս: «Կարոտից մղված թե որդուն ուսման տալու մտահոգությամբ` Գրիգո՞րն է Պոլիս կանչում կնոջն ու զավակին, թե՞ ջարդերի պատճառով ամուսնուց լուր չստացող, տագնապած կինն է մեկնում Պոլիս` հետը վերցրած որդուն, հայտնի չէ»:

Աղբյուր՝  Վազգեն Գաբրիելյան, «Դանիել Վարուժան», Երևան, 2009, էջ 12-13

Դանիել Վարուժանի և Արաքսիի սիրո պատմությունը

Վերջին լուսանկարում՝ Դանիել Վարուժան և Արաքս Թաշճյան

Ինչպես նաև՝  «Արևմտահայ գրականություն» 

Daniel Varujan

 Վահագն Դավթյան «Դեպի աղբյուրը լույսի»

«…Հարց տանք այդ նույն պատմաբաններին՝ մահվան ու ու հանցանքի այդ սպասարկուներին և փաստաբաններին. եթե չի եղել եղեռն, ու՞ր անհայտացավ, ինչպե՞ս անհայտացավ, ինչու՞ անհայտացավ երեսունմեկամյա բանաստեղծը, ո՞րն էր նրա մեղքը, երբ նրա միակ զենքը բանաստեղծական լուսեղեն տողն էր.

Կերթամ աղբյուրն լույսին…

Սա բանաստեղծի առաջին և հիմնական նշանաբանն էր:
Մեծ բանաստեղծներն իրենց ժողովրդի ոգին են, նրա երազանքների, տենչերի կրողները, նրա պատգամախոսները: Վարուժանի շուրթերով ժողովուրդն է խոսում, որ ուզում էր ընթանալ դեպի աղբյուրը լույսի, դեպի արդարության, ճշմարտության ու բարության ակունքները: Այդ ժողովուրդը, որ հզոր մշակ էր, սերմնացան, շինարար, տենչում էր իր պապենական հողերի վրա սեփական ձեռքով տնօրինել սեփական բախտը, ուզում էր լինել պատմության առաջադիմական ուժերի հետ, խոչընդոտ այդ հողերը զավթածների պանթուրքիստական ցնորամիտ ծրագրերի իրականացման ճանապարհին:
Ուրեմն պետք էր գլխատել նրան:
Բայց քանի որ բանաստեղծը ժողովրդի ոգին էր, ուրեմն նախ պետք էր այդ ոգին գլխատել:
Ահա թե ինչու և ինչպես անհետացավ երեսունմեկամյա կորովի, մեծատաղանդ, ասպետորեն շքեղ ու գեղեցիկ Վարուժանը, ահա թե ինչու ցեղասպանության հենց առաջին օրը նրա հետ անհետացավ նաև արևմտահայ մտավորականության ամբողջ ընտրանին:
Բայց ապրել ցանկացող ժողովրդի հոգին անհնար է անգամ ցեղասպանությամբ ոչնչացնել…

Աղբյուր՝  Վահագն Դավթյան,  հատված «Դեպի աղբյուրը լույսի» հոդվածից

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

29 отзывов на “Դանիել Վարուժան «Կերթամ աղբյուրն լույսին…»

  1. Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. aramazdg:

    սուպեր, գեր-գեր նյութ էր, Նունե ջան։ շատ շնորհակալ եմ։

    Нравится

  5. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ի հիշատակ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողների — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ուսումնական ապրիլ. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Ուսումնական ապրիլ. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  10. Уведомление: Ուսումնական ապրիլ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Ուսումնական մայիս. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Գրականություն Ապրիլ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  13. Уведомление: Գրականություն Մայիս | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  14. Уведомление: Դանիել Վարուժան «Գողգոթայի ծաղիկներ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Пьер Огюст Ренуар: «Боль проходит, а красота остается»

  16. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ

  17. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Անի Արղության

  18. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ

  19. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

  20. Уведомление: Արևմտահայ գրականություն | Վիգեն Հովակիմյան

  21. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Անգելինա Ղազարյան

  22. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Տաթև Գրիգորյան

  23. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ալբերտ Զախրաբեկյան

  24. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Լևոն Ավետիսյան, Ավագ դպրոց 9․7-րդ դասարան

  25. Уведомление: Արյմտահայ գրողներ | Վահան Մանուչարյան

  26. Уведомление: Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ – Վանյան Էլեն

  27. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — 🤍Անիտա Սահակյան🤍

  28. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Սամվել Հարութունյան, Միջին դպրոց, 8.2 դասարան

  29. Уведомление: «Տիգրան Հայապետյան» գրադարանի օրացույցը 2023-2024 ուստարում — Գրադարանավարի բլոգ

Оставьте комментарий