Մայր Թերեզայի Նոբելյան ճառը

Tereza

Դեկտեմբերի 11, 1979թ.

Մենք այստեղ ենք հավաքվել միասին երախտագիտություն հայտնելու Տիրոջը` Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Եվ ինձ թվում է` հիանալի կլինի, եթե մենք միասին աղոթենք, առ երկինք բարձրացնենք սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու աղոթքը, որն ամեն անգամ ինձ հուզում է: Մենք այս աղոթքն անում ենք ամեն օր` Սուրբ Հաղորդությունից հետո, այն շատ կարևոր է մեզնից յուրաքանչյուրի համար: Ես չեմ դադարում զարմանալ, որ մարդիկ 400-500 տարի առաջ ապրել են նույն դժվարությունները, ինչ հիմա մենք ունենք, այդ պատճառով էլ սուրբ Ասսիզեցու աղոթքը ընդունելի է նաև մեզ համար: Կարծում եմ` ձեզնից ոմանք լսած կլինեն այն, այնպես որ աղոթենք միասին:

Գոհունակություն հայտնենք Տիրոջը` այսօր մեզ այստեղ միասին հավաքելու հնարավորության համար: Սա պարգև է, որ մեզ հիշեցնում է հետևյալը` մենք ստեղծվել ենք, որպեսզի միասին ապրենք այս աշխարհում, իսկ Հիսուսը մարդեղացավ, որպեսզի բարի լուր բերի նեղյալներին: Նա աստվածանալուց առաջ մարդ էր ճիշտ այնպես, ինչպես մենք ենք` բացի մեր մեղքերից: Նա մեզ մոտ եկավ ավետիսով: Այդ լուրը խաղաղություն բերեց բոլոր բարի կամքի տեր մարդկանց, դա հենց այն է, ինչը բոլորս կամենում ենք` հոգևոր հանգստություն և խաղաղաղություն: Եվ Աստված այնքան սիրեց իր ստեղծած աշխարհը, որ իր Որդուն տվեց աշխարհին: Արարքը զոհողություն էր,  նույնն էր, եթե ասենք. «Աստված ցավով տվեց Նրան, քանզի Աստված սիրում էր այդ աշխարհը»: Աստված Նրան տվեց Կույս Մարիամին, և ի՞նչ արեց նա:

Հենց Նա մուտք գործեց Կույս Մարիամի կյանք, Մարիամը նույն պահին, առանց հապաղելու շտապեց այդ բարի լուրը հաղորդել իր զարմուհուն և գնաց նրա տուն: Եղիսաբեթի արգանդում գտնվող երեխան` դեռ չծնված երեխան, ուրախությունից սկսեց խաղալ: Նա հենց այն դեռ չծնված մանկիկն էր` աշխարհի առաջին ավետաբերը:

Նա հասկացավ, որ եկել է Քրիստոսը` ձեզ և ինձ բարի լուր բերելու: Բայց դա բավարար չէր: Դա բավարար չէր մարդ լինելու համար: Նա մեռավ խաչի վրա` մեզ բարձրագույն սեր ցույց տալու համար: Նա մեռավ և՛ ձեզ,  և՛ ինձ, և՛ բոլոր մեղավորների, և՛ այն սովահար մարդու, և՛ փողոցում պառկած այն մերկ ու թշվառ մարդու համար, ով ապրում է Կալկաթայում, Աֆրիկայում, Նյու-Յորքում, Լոնդոնում, Օսլոյում: Նա պատգամ է հղում, որ մենք միմյանց սիրենք այնպես, ինչպես Նա է մեզնից յուրաքանչյուրին սիրում: Մենք այս մասին կարդում ենք Ավետարանում. «Սիրե՛ք, ինչպես Ես եմ միշտ սիրել, ինչպես Ես եմ սիրում ձեզ: Ինչպես իմ Հայրը սիրեց ինձ, այնպես էլ Ես եմ սիրում ձեզ»: Եվ այնքան ուժգին սիրեց Աստված-հայրը իր Որդուն, որ Նրան տվեց մեզ, և մենք նույնքան  ուժգին պիտի սիրենք միմյանց, որ մենք ևս կարողանանք մեր անձերը տալ մեկ մեկու` տալ ցավ զգալու աստիճան: Մենք չենք կարող ասել. «Ես սիրում եմ Աստծուն, բայց չեմ սիրում իմ մերձավորին»: Հովհաննես առաքյալն ասում է. «Եթե ասում ես, որ սիրում ես Աստծուն, ում չես տեսնում` դու ստո՛ւմ ես, եթե չես սիրում քո մերձավորին, ում տեսնում ես, ում կարող ես դիպչել, ում հետ ապրում ես»:

Այնպես որ, մեզ համար շատ կարևոր է գիտակցել, որ սերը, եթե այն ճշմարիտ է, պետք է  որ ցավ պատճառի: Հիսուսը ցավ էր ապրում, երբ սիրում էր մեզ, այդ սերը ցավ էր պատճառում Նրան: Եվ, որպեսզի վստահ լինենք, որ մենք հիշում ենք Նրա մեծ սերը, Նա իրեն կենաց հացի վերածեց, որպեսզի Իր սիրով բավարարի մեր քաղցը, չէ՞ որ մենք արարվել էինք հանուն այդ սիրո: Մենք ստեղծվել ենք Աստծո նմանությամբ և պատկերով: Մենք ստեղծվել էինք, որպեսզի սիրեինք և լինեինք սիրելի, և Նա դարձավ մարդ, որպեսզի մենք ևս հնարավորություն ստանանք սիրել այնպես, ինչպես Նա է սիրում մեզ: Նա դարձավ սովյալ, մերկ, տկար ու հիվանդ, դարձավ գերի բանտում, մենակ մնաց, ոչ մեկին պետք չեկավ: Եվ Նա ասաց մեզ. «Դուք ինձ դարձրիք այդպիսին»: Նա սոված մնաց մեր սիրո պատճառով, դա է հենց  սովը մեր` սովյալներիս համար: Քաղց, որը մենք պետք է փնտրենք, և շատ հնարավոր է, որ գտնենք մեր սեփական տան ներսում:

Ես երբեք չեմ մոռանա իմ մի քանի այցելություններ այն տուն, ուր զավակները բերում էին տարիքն առած իրենց ծնողներին, բերում էին նրանց և հաճախ մոռանում: Ես շրջեցի այդ տնով, ես տեսա, որ բոլորն այնտեղ ունեն ամեն ինչ, գեղեցիկ իրեր կան, բայց նրանք շարունակ նայում էին դռանը: Ես ոչ մեկի  դեմքին ժպիտ չտեսա: Այդ ժամ ես դիմեցի քրոջը և հարցրի. «Ինչի՞ց է, որ այդպես է: Այս մարդիկ այստեղ ունեն ամեն ինչ, ինչո՞ւ են նրանք ամբողջ ժամանակ նայում դռանը, ինչո՞ւ նրանք չեն ժպտում»: Ես սովոր էի մեր հիվանդների դեմքին ժպիտ տեսնել, անգամ մահացողների դեմքին է ժպիտ լինում…

Եվ քույրը ի պատասխան իմ հարցի` ասաց. «Նրանք ամեն օր, միշտ, անընդհատ սպասում են, հույս ունենալով, որ իրենց տղան կամ աղջիկը կտանեն: Նրանք ցավ են զգում, որ իրենց մոռացել են, նրանց սեր է հարկավոր»:

Աղքատությունը լինում է այնտեղ, որտեղ սեր չի լինում, և այդպիսի աղքատությունը, հնարավոր է, որ բնակություն հաստատի  մեր սեփական տանը, եթե այնտեղ սիրո համար տեղ չի գտնվում: Հնարավոր է, որ մեր սեփական ընտանքիում կա մեկը, ով իրեն մենակ է զգում, հիվանդ է կամ անհանգիստ: Արդյո՞ք մենք նրա կողքին ենք, պատրա՞ստ ենք, ինչ էլ լինի, ընդունել նրան և, կամ մի՞շտ է մայրը կարողանում ընդունել իր հարազատ զավակներին:

Ինձ ապշեցրեց, թե Արևմուտքում որքան շատ երիտասարդ տղաներ և աղջիկներ կախվածություն ունեն թմրանյութերից, և ես ուզում էի հասկանալ`  ինչո՞ւ, ինչո՞ւ է այդպես:

Իսկ պատասխան կա. որովհետև ընտանիքում ոչ մեկը չի զբաղվել նրանցով: Հայրն ու մայրը զբաղված են, նրանք ժամանակ չունեն: Երիտասարդ ծնողները աշխատում են, և երեխան գտնվելով փողոցում` ընկնում է վատ շրջապատ:

Մենք խոսում ենք աշխարհի մասին: Շատ բաներ կան, որոնք կործանում են աշխարհը, բայց ինձ թվում է, որ ամենակործանարարը աբորտներն են, դա իսկական պատերազմ է, ուղղակի սպանություն, այնպիսի սպանություն, որ կատարվում է մոր կողմից: Իսկ Աստված բավական հստակ ասում է Ավետարանում. «Եթե անգամ մայրը կարող է մոռանալ իր զավակին, Ես քեզ չեմ մոռանա: Ես քեզ գրել եմ իմ ձեռքի ափի մեջ: Այնպես, ինչպես մենք բոլորս ենք Նրա ձեռքի ափի մեջ գրված, այնպես  էլ Ես եմ ձեզ գրում իմ ձեռքերի ափերի մեջ: Մենք գրված ենք Նրա ձեռքի ափի մեջ, մենք այնքան մոտ ենք Նրան»: Փաստորեն, դեռ չծնված երեխաներն էլ են գրանցվում Աստծո ձեռքերում:

Ինձ ամենից շատ զարմանք է պատճառում Ավետարանից բերված հատվածի առաջին մասը. «Եթե անգամ մայրը կարող է մոռանալ այն, ինչը հնարավոր չէ, եթե անգամ մայրը ամեն դեպքում ի վիճակի է մոռանալ դա, Ես քեզ չեմ մոռանա»:

Այսօր աշխարհի մեծագույն թշնամին` ամենամեծ կործանիչը աբորտներն են: Եվ, եթե մենք այսօր և հիմա կանգնած ենք այստեղ, պատճառն այն է, որ մեր ծնողները ցանկացել են մեզ ունենալ: Մենք այստեղ չէինք լինի, եթե մեր ծնողները մեզ չուզենային ունենալ: Մեր երեխաները…մենք ցանկանում ենք նրանց, մենք սիրում ենք նրանց, իսկ այն միլիոնավոր երեխանե ՞րը: Բազմաթիվ մարդիկ Հնդկաստանում, Աֆրիկայում շատ են մտահոգված իրենց երեխաների ճակատագրով, այնտեղ նրանք մահանում են թերսնումից, սովահարությունից և այլն: Բայց միլիոնավոր երեխաներ էլ մեռնում են միտումնավոր` իրենց մայրերի կամքով: Ահա հենց սա է այսօր աշխարհի մեծագույն թշնամին: Եթե մայրը կարող է սպանել իր սեփական երեխային, այդ դեպքում ի՞նչը կարող է ինձ խանգարել սպանել ձեզ և հակառակը` ի՞նչը կարող է խանգարել ձեզ` սպանելու ինձ: Եվ ես ձայն եմ բարձրացնում Հնդկաստանում, ձայնում եմ ամենուր. եկե՛ք երեխաներին կյանք վերադարձնենք, թող որ այս տարին լինի Երեխայի տարի: Մենք ի՞նչ ենք արել և ի՞նչ ենք անում երեխաների համար: Տարվա սկզբին ես ամենուր ասում էի. «Եկե՛ք այնպես անենք, որ այս տարի ամեն մի ծնված և դեռ չծնված երեխա լինի ցանկալի»: Ահա և մենք հասել ենք տարվա ավարտին. հաջողվե՞ց մեզ այնպես անել, որ երեխաները դառնան իսկապես ցանկալի:

Ես ձեզ պետք է ինչ-որ բան պատմեմ: Մենք պայքարել ենք աբորտների դեմ` որդեգրելով երեխաներ, մենք փրկել ենք հազարավոր կյանքեր, մենք դիմեցինք բոլոր կլինիկաներին, հիվանդանոցներին, ոստիկանական բաժանմունքներին խնդրանքով` մի՛ ոչնչացրեք երեխաներին, մենք նրանց կվերցնենք: Այդ ամբողջ ընթացքում` ամեն ժամ, օր ու գիշեր, ինչ-որ մեկը գալիս էր մեզ մոտ: Գալիս էին շատ չամուսնացած մայրեր, և մենք ասում էինք նրանց. «Եկե՛ք, մենք հոգ կտանենք ձեզ, մենք կվերցնենք ձեր երեխային և նրա համար տուն կգտնենք, որը ձեր երեխայի համար կդառնա հարազատ»:

Եվ մենք երեխա չունեցող ընտանիքներից ստացանք անթիվ-անհամար խնդրանքներ: Դա մեզ համար Աստծո օրհնություն էր: Մենք իրապես մի բարի գործ էլ արեցինք`  օգնեցինք աղքատ, բորոտ ու հիվանդ, ետնախորշերում ապրող, անօթևան մնացած մարդկանց պլանավորել ընտանիքների աճը: Միայն Կալկաթայում, վեց տարիների ընթացքում 61 273 քիչ երեխա ծնվեց այն ընտանիքներում, ուր երեխաները կարող էին և ծնվել, բայց չծնվեցին` բնական ժուժկալության և ինքնատիրապետման արդյունքում: Մենք նրանց սովորեցրինք ջերմաստիճանի չափման մեթոդը, որը հեշտ է  ու պարզ, և մեր աղքատներն ամեն ինչ հասկացան: Եվ գիտե՞ք, թե նրանք ինչ ասացին ինձ. «Մեր ընտանիքը առողջ է, մեր ընտանիքը համերաշխ է և, երբ որ ուզենանք, մենք կարող ենք երեխա ունենալ»:

Ու սա այն դեպքում, երբ այս մարդիկ փողոցից էին ու աղքատ: Եթե նրանք կարող են դա անել, ապա որքան ավել կարող եք դուք անել, և բոլոր նրանք, ովքեր գիտեն ուղիները և միջոցները, որպեսզի չոչնչացնեն այն կյանքը, որը  Աստված ստեղծում է մեզ համար:

Աղքատները հրաշալի մարդիկ են: Նրանք կարող են մեզ սովորեցնել շատ գեղեցիկ բաներ: Մի անգամ, ինձ մոտ եկավ նրանցից մեկը, որպեսզի շնորհակալություն հայտնի և ասաց. «Դուք կուսության երդում եք տվել, որովհետև դուք բոլորից լավ եք կարողանում մեզ սովորեցնել ընտանիքը պլանավորել»:  Որովհետև չկա ոչինչ ավելի արդյունավետ միջոց, որքան ինքնատիրապետումը: Ինձ թվում է` նա ուշագրավ միտք է արտահայտել: Այն մարդիկ, ովքեր հնարավոր է` ոչինչ չունեն և հնարավոր է` ապրելու տեղ էլ չունեն, որովհետև տուն չունեն, մեծ մարդիկ են:

Աղքատ մարդիկ հիանալի ժողովուրդ են: Մի անգամ, երեկոյան մենք դուրս էինք եկել շրջայցի և փողոցում գտանք չորս մարդու: Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում էր, և ես ասացի քույրերին. «Դուք հոգ տարեք մնացած երեքին, ես կտանեմ այս մեկին, ով ամենավատն է»: Մի խոսքով, ես նրա համար արեցի այն ամենը, ինչ կարող էր տալ իմ սերը: Ես նրան անկողին դրեցի, ի՜նչ սիրուն ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Նա բռնեց իմ ձեռքը, ասաց մի հատիկ բառ՝ շնորհակալություն, և մեռավ:

Նրան օգնել ես չկարողացա, բայց նրա առաջ ես դրեցի իմ խիղճը և ինքս ինձ հարցրի՝ ի՞նչ կանեի, եթե ես լինեի նրա փոխարեն: Եվ իմ պատասխանը ավելի քան պարզ էր: Ես կփորձեի իմ անձի հանդեպ փոքր-ինչ ուշադրություն գրավել: Կասեի, որ ես սոված եմ, որ մեռնում եմ, որ մրսում եմ, ցավ եմ զգում, միգուցե որևէ այլ բան: Բայց նա ինձ տվեց շատ ավելին, նա ինձ տվեց իր երախտագիտությունը, սերը: Եվ նա մահացավ ժպիտը դեմքին: Ինչպես այն՝ կոյուղու խողովակի միջից դուրս բերված մարդը, ում մարմնի կեսը կերել էին որդերը: Մենք նրան տուն բերեցինք, և նա ասաց. «Ես ապրել եմ փողոցում` ինչպես անասուն, բայց մեռնում եմ ինչպես հրեշտակ՝ շրջապատված ինձ սիրող ու հոգ տանող մարդկանցով»: Ի՜նչ գեղեցիկ էր տեսնել այդ մարդու մեծությունը, ով կարողանում էր այդպես խոսել և այդպես մեռնել՝ ոչ մեկին չմեղադրելով, չանիծելով, ոչինչ և ոչ մի բանի հետ չհամեմատելով: Ինչպես հրեշտակ՝ ահա հենց սա է մարդու մեծությունը: Եվ այդ պատճառով ենք մենք հավատում Հիսուսին. «Ես սոված էի, Ես մերկ էի, Ես տանիք չունեի իմ գլխին, Ինձ չէին կարեկցում, չէին սիրում, հոգ չէին տանում Իմ մասին, և դուք այդ ամենը արեցինք Ինձ համար»:

Ես գտնում եմ, որ մենք իսկական սոցիալական աշխատողներ չենք: Հնարավոր է, որ մենք այլոց համար իրականացնում ենք որոշակի սոցիալական աշխատանք, բայց իրականում մենք վկաներ ենք հենց աշխարհի սրտում, քանզի 24 ժամ մենք դիպչում ենք Քրիստոսի մարմնին, Նա օրվա մեջ 24 ժամ շարունակ ինչպես մեզ հետ է, այնպես էլ ձեզ հետ է: Դուք նույնպես փորձեք այնպես անել, որպեսզի Նա ներկա գտնվի ձեր ընտանիքներում՝ հանուն ձեր ընտանիքների, որպեսզի միասին աղոթեք, միասին լինեք: Եվ ես կարծում եմ, որ մեր ընտանիքներում պետք չեն ռումբեր և զենք, պետք չէ ոչինչ ոչնչացնել խաղաղություն ունենալու համար, մենք ուղղակի պետք է միասին լինենք, սիրենք միմյանց, բերենք խաղաղություն, ուրախություն, մեկս մյուսի ներկայությամբ ուժեղ լինենք մեր տան ներսում: Այդ ժամանակ մենք կկարողանանք հաղթահարել աշխարհին պատուհասած բոլոր չարիքները:

Երբ մեր շրջապատում այսքա՜ն շատ տառապանք կա, այսքա՜ն շատ ատելություն և չքավորություն, սրան մենք փորձում ենք հակադրվել մեր աղոթքներով, մեր տանը ունեցած մեր իսկ զոհողություններով: Սերը սկսվում է տնից, և բանն այն չէ, թե որքան շատ բան ենք մենք անում, այլ այն, թե որքան սեր ենք դնում այն ամենի մեջ, ինչ անում ենք: Այս ամենը անում ենք հանուն Ամենակալ Տիրոջ, և կարևոր չէ,  թե որքան ենք մենք անում, քանզի Նա անսահման է, կարևոր է այն, թե որքան սեր ենք ներդնում մեր արածի մեջ, որքան շատ ենք Նրա անունի համար անում՝ օգնելով այս կամ այն մարդուն:

Մեզ մոտ՝ Կալկաթայում, որոշ ժամանակ առաջ շաքարի հետ կապված դժվարություններ առաջացան, ես չգիտեմ՝ ինչպես այս մասին իմացան շրջապատում, բայց մի անգամ չորս տարեկան հինդի տղան տուն մտնելով՝ ասել է ծնողներին. «Ես երեք օր շաքար չեմ ուտելու, ես ուզում եմ իմ շաքարը տալ Մայր Թերեզայի երեխաներին»: Երեք օր հետո, հայրն ու մայրը իրենց երեխայի հետ եկան մեր տուն: Ես մինչ այդ երբեք չէի տեսել այդ երեխային, նա անգամ չէր կարողանում իմ անունը ճիշտ արտաբերել, բայց նա հստակ գիտեր՝ ինչու է եկել և ինչ է ուզում անել: Նա գիտեր, որ ուզում է իր սիրուց բաժին հանել:

Ահա, թե ինչու եմ ես այսքան շատ սեր ստանում ձեզնից: Այն պահից, ինչ ես եկել եմ այստեղ, ես իրապես շրջապատվել եմ սիրով, իրական սիրով, ճշմարիտ, հասկացված սիրով: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ յուրաքանչյուր մարդ Հնդկաստանում և, կամ Աֆրիկայում հետաքրքիր և կարևոր է ձեզ համար: Ես ինձ զգում եմ ինչպես տանը, ես հենց դա եմ այսօր ասել իմ քույրերին: Ես ինձ զգում եմ այնպես, կարծես գտնվում եմ մեր եկեղեցում՝ իմ քույրերի հետ միասին: Այստեղ, հենց այստեղ եմ ես ինձ մեր տանը զգում:

Ես այստեղ եմ և խոսում եմ ձեզ հետ, ես ուզում եմ, որ դուք աղքատ մարդիկ գտնեք այստեղ՝ տանը, հատկապես ձեր սեփական տանը: Եվ որ դա անեք սիրով: Թող որ դա բարի լուր դառնա ձեր ժողովրդի համար: Եվ նայենք մեր հարևանների դռներին՝ արդյո՞ք գիտենք, թե ովքեր են նրանք:

Ինձ հետ պատահել է առանձնահատուկ մի դեպք, այն կապված է հինդի ընտանիքի հետ, որն ուներ ութ երեխա: Մի անգամ, մեզ մոտ եկավ մի ինչ-որ տղամարդ և ասաց. «Մայր Թերեզա, մի ընտանիք կա, ուր մեծանում են ութ երեխա, արդեն երկար ժամանակ է, որ նրանք ոչինչ չեն կերել, մի բան արեք»: Ես բրինձ վերցրի ու անմիջապես գնացի նրանց մոտ: Ես տեսա երեխաներին, նրանց աչքերը խամրել էին քաղցից, չգիտեմ՝ դուք երբևէ տեսե՞լ եք սովյալի: Բայց ես նման մարդկանց տեսնում եմ շատ հաճախ: Մայրը վերցրեց բրինձը, բաժանեց և մի մասը ձեռքին՝ դուրս եկավ տնից:

Երբ նա վերադարձավ, ես հարցրեցի, թե նա ո՞ւր գնաց և ի՞նչ արեց: Եվ նա պարզ պատասխան տվեց ասելով, որ հարևանները նույնպես սոված էին և, որ ինքը բաժին հանեց նաև նրանց: Ինձ ամենաշատը ապշեցրեց այն միտքը, որ կինը գիտեր՝ ինչ անել: Նա գիտեր, որ իր հարևանությամբ ապրող մահմեդական ընտանիքը սոված է: Ես երեկոյան նրանց բրինձ չտարա, որովհետև ուզում էի, որ նրանք ուրախանան իրենց ունեցածը ուրիշների հետ կիսելու մտքից: Եվ երեխաները փայլում էին ուրախությունից՝ հրճվանքը կիսելով իրենց մոր հետ, որովհետև նրա սերը հերիքեց նաև տալու համար: Դուք տեսնո՞ւմ եք՝  որտեղից է սկսվում սերը. այն սկսվում է տնից: Ես սա ցանկանում եմ և՛ ձեզ, և ես շատ երախտապարտ եմ այն բանի համար, ինչ որ այստեղ ստանում եմ: Սա զարմանահրաշ զգացողություն է. մենք ընդունակ ենք տալ մեր սերը, այն նվիրել ուրիշներին, սա՛ է Աստծո պարգևը: Դա նույնն է, թե մենք դա անենք հանուն  Հիսուսի: Եկեք սիրե՛նք զմիմյանս, ինչպես Նա է սիրում մեզ: Նրան սիրենք ողջ սրտով, ամբողջությամբ: Նրան և միմյանց սիրենք ուրախությամբ, եկեք այդպես վարվենք հենց այս պահից, չէ՞ որ շուտով Սուրբ  Ծնունդն է: Մեր սրտերում պահպանենք այդ սերը առ Քրիստոս: Եվ բաժանենք այդ սերը բոլոր նրանց, ովքեր հանդիպում են մեր ճանապարհին: Այս ճառագող ուրախությունը իրական է, որովհետև պատճառ չունենք մեզ երջանիկ չզգալու. կարծես Քրիստոս մեզ հետ է: Քրիստոսը մեր սրտերում է: Քրիստոսը այն նեղյալների մեջ է, ում մենք հանդիպում ենք, Քրիստոսը այն ժպիտի մեջ է, որով մենք հանդիպում ենք նրանց և այն ժպիտի, որ մենք ստանում ենք նրանցից:

Եկեք կանգ առնենք այս մտքի վրա. թող բոլոր երեխաները ցանկալի լինեն, և մենք միշտ միմյանց հանդիպենք ժպիտով, հատկապես այն ժամանակ, երբ ժպտալը դժվար է:

Երբեք չեմ մոռանա. որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններից 14 պրոֆեսորներ էին եկել: Նրանք եկան ինձ մոտ` Կալկաթայի մեր տուն: Եվ ասացին, որ եղել են այն տանը, որը նախատեսված է մահամերձ մարդկանց համար: Մեզ մոտ՝ Կալկաթայում, տուն կա մեռնողների համար, մենք այնտեղ ենք տանում մեռնող մարդկանց, միայն Կալկաթայի փողոցներից մենք ավելի քան 36 հազար մարդ ենք տեղափոխել, որոնցից 18 հազարը մահացել է գեղեցիկ մահով: Նրանք ուղղակի հեռացել էին տնից` Աստծո մոտ հասնելու համար: Այդ պրոֆեսորները եկան մեր տուն, և մենք սկսեցինք խոսել սիրուց, տառապանքից, իսկ հետո նրանցից մեկն ասաց ինձ. «Ասացե՛ք, Մայր Թերեզա, ասացե՛ք խնդրեմ մեզ մի բան, որը մենք միշտ կհիշենք»: Եվ այդ ժամանակ ես ասացի. «Յուրաքանչյուրին ժպտացե՛ք, ձեր ընտանիքի բոլոր անդամների համար ժամանակ գտեք, ժպտացեք յուրաքանչյուրի՛ն»: Ուրիշ մեկն ինձ ասաց. «Դուք ամուսնացա՞ծ եք»:  Եվ ես ասացի. «Այո՛, ինձ համար էլ է հաճախ շատ դժվար ժպտալ  Հիսուսին, որովհետև Նա երբեմն շատ պահանջկոտ է»:

Դրա մեջ իրականում կա ճշմարտություն: Այդպես պատահում է, երբ գալիս է սերը: Այն պահանջկոտ է, բայց մենք, այնուամենայնիվ, սերն այդ Նրան ենք տալիս ուրախությամբ: Եվ ես ասում եմ` եթե անգամ ինձ երկինք չընդունեն որևէ այլ բանի համար, ապա կվերցնեն իմ ունեցած համբավի համար, որը ստացել է իմ արած գործը, որովհետև այն մաքրում է ինձ, զոհողությունն իմ ընդունելի կլինի, գործն իմ  ճշմարիտ նախապատրաստությունը կդառնա երկինք բարձրանալուս համար: Ես մտածում եմ, որ մենք պետք է կյանքը գեղեցիկ ապրենք, Հիսուսը մեզ հետ է և Նա սիրում է մեզ: Միայն թե մենք պետք է միշտ հիշենք, որ Աստված սիրում է մեզ, սա հիշենք ոչ թե մեծ, այլ մեր ամենափոքր գործերի մեջ մեծ սեր դնելով, և այդ ժամանակ Նորվեգիան կդառնա սիրո բույն: Եվ որքան գեղեցիկ կլինի, որ այստեղից դեպի աշխարհի կենտրոն Խաղաղություն տարածվի: Այստեղից կյանքի ուրախություն կհորդի` թափվելով դեռ չծնված երեխաների վրա: Եվ, եթե այստեղից սիրո և խաղաղության լույսն այս ճառագի, ապա Խաղաղության Նոբելյան մրցանակը նորվեգացի ժողովրդի համար իրապես պարգև կդառնա: Աստված օրհնի ձեզ:

Աղբյուրը`  motherteresa.ru

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Մայր Թերեզա «Աստված խոսում է սրտի լռության մեջ»

Մայր Թերեզա «Ձգվեք դեպի մարդիկ»,  Մայր Թերեզա «Ամեն անգամ»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 отзывов на “Մայր Թերեզայի Նոբելյան ճառը

  1. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Օգտվեք ժպիտի ուժից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ֆրանցիսկ Ասսիզեցի «Տեր, իմ ձեռքերը միջնորդ դարձրու» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Մայր Թերեզա «Մի վախեցեք սիրել» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Մայր Թերեզա «Մի վախեցեք սիրել» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s