Ինձ այստեղ չթողնես, տղաս…

vxzvf

Հատված Գրիգոր Ջանիկյանի «Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան» իրապատումից

Արագընթաց վայրաշարժը մշուշը պատառոտելով, աշնանային դաշտանտառի խոնավ ընդարմությունը ցնցելով, Վիլ-Ժուիֆ էր սուրում ու որքան մոտենում էր մերձավանին, այնքան տիար Ակնունու տարեդարձի տոնականությունը չքանում, տագնապով էր համակվում։ Այդ զգացողությունն իրեն ծանոթ էր, միշտ էլ մինչև ապաստարան չէր հասնում, վարդապետին խշտյակին մեկնված չէր տեսնում, չէր հանգստանում։ Դեռ քանի տարի հոգեբուժարանի ծանոթ աստիճաններով բարձրանալիս նույն խռովքը պիտի իրեն համակեր, վարդապետը երբևէ փրկվելո՞ւ էր, որ ինքն էլ փրկվեր։
Անսպասելի ներս մտնելը վարդապետը չզգաց։ Թերևս զգացել էր, բայց կոպերը կապարի պես ծանր էին, ճիգ էր գործադրում, բարձրացնել չէր կարողանում։ Դժգույն, դալուկ այտերին որդանման կարմիր բծեր էին հայտնվել, որոնք մորուքի միջից դուրս պրծնում, անհանգիստ վեր ու վար էին սողում։ Երևի կանխազգացումն էր դրդել, որ տարեդարձի օրով վեր էր կացել, Փարիզից Վիլ-Ժուիֆ հասել։ Փութով մոտեցավ, ձեռքը ճակատին հպեց։ Այրվում էր։ Քրտինքի կաթիլները, սակայն, որ բշտում, կայլակվում էին կնճիռների ակոսներում, պաղ էին։
Փափուկ քայլերով հայտնվեց բուժքույր-խնամատարը, հավանաբար ոչ այնքան հիվանդին օգտակար լինելու, որքան վիճակը այցելուին պարզելու համար։ Վիլ-Ժուիֆի ապաստարանում, ինչպես տասներեք տարի առաջ Վիլ-Էվրարի ապաքինարանում, գլխի չէին ընկնում, թե ինքը կուսակրոն հոգևորականի ինչն է, բայց քանի որ ամենից հաճախ էր այցելում, հիվանդի դեմքը նրան տեսնելիս էր պայծառանում, հարազատն էին համարում։ Թերևս ապօրինի զավակը։ Այդ հավանականությամբ էին նրա առջև իրենց հաշվետու զգում։ Բուժքույրը ցուցամատը շրթունքին տարավ, որ Սեղբոսը բարձր չխոսի, քնածին չարթնացնի, ոտքերի կողմից ծածկոցը ծածուկ հետ տվեց։ Վարդապետի ձախ ազդրը ծնկից ներքև ու գարշապարից մինչև մատների ծայրը վիրակապված էր։ Խնամատարուհին շշուկով բացատրեց, որ փաթաթանված բթամատում ոսկրային թարախակալում էր սկսվել, իրենք չէին իմացել։ Չէին կարող իմանալ, որովհետև հիվանդը չէր գանգատվել, թերևս ցավը չէր էլ զգացել։ Բուժող բժիշկը՝ Պոլ Աբելին պատահաբար էր նկատել ու փտախտը կանխելու համար անմիջապես վիրահատարան էր փոխադրել։ Հայր Կոմիտասի բթամատի թարախապալարը նշտարով ճեղքել, ախտազերծել էին, ոտնաթաթի լվացումներ և դեղային դարմանումներ կատարել։ Ամեն ինչ կարծես բարեհաջող էր ավարտվել, բայց վարդապետը հետվիրահատական բարդացումները դժվարությամբ էր հաղթահարում, անընդհատ ջերմում էր։
Բուժքույրը այդքան բացատրությունը բավարար՝ իր պարտականությունը կատարած համարեց, պատրվակ հորինեց, նույն փափուկ քայլերով դուրս եկավ։ Սեղբոս Ակնունին մահճակալի ծայրին նստել, վարդապետի խնկագույն դեմքից հայացքը չէր կտրում, որովհետև դիմաշարժերով ինչ որ մեկի հետ խոսում, ամենայն հավանականությամբ միջոցում ճանապարհորդում էր։ Մեկ էլ փակ աչքերով հարցրեց.
— Տղաս, եկա՞ր։
— Եկած եմ, հայր սուրբ։
— Լավ ես արել, ես էլ անհամբեր քեզ էի սպասում։
Ակնունին գիտեր, թե ինչու։ Միշտ էլ անհամբեր էր սպասել, որ Պոլսում, Աստվածատուր Հարենցի Մեծ Կղզու ամառանոցում անավարտ թողած ձեռագրերը՝ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի «Անձինք նվիրյալք» շարականի ներդաշնակումը, «Մշո պարի» դաշնավորումը բերի։ Ու քանի որ ձեռնունայն էր հայտնվել, հրաժեշտի պահին վարդապետը հորդորել էր ծուլություն չանել, անպայման Մեծ Կղզի գնալ, հաջորդ այցելությանը ձեռագրերը հասցնել։ Որոշել էր՝ այստեղ, հոգեբուժարանում պիտի ավարտեր։
Ոտքով վերմակը վանեց, տարօրինակ էր, տասնութ տարվա մեջ առաջին անգամ ձեռագրերը չհիշեց։
-Օգնիր ելնեմ, տղաս։
«Տասիո» նավով համատեղ ճամփորդելուց հետո նրա համար ժամանակը չի փոխվում, այսօր քառասուներկու տարեկան եմ դառնում, դեռ «տղաս, տղաս» է կոչում։
Երկու ձեռքից բռնելով կանգնեցրեց։
Ըստ երևույթին ջուրթափի կարիք ուներ, Սեղբոսը գիշերանոթը ոտքով մոտեցրեց, բայց նա շրջանցեց, պինդ սեղմված շրթունքները, որ սեփ-սև էին, շարժվեցին.
-Զանգերի ղողանջը լսո՞ւմ ես։
Ապաստարանում տիվանդորրի լռություն էր։
-Անշուշտ, հայր սուրբ։
Արևի ցոլքը ցույց տվեց։
-Ինձ պատուհանի մոտ տար, զանգակատունը տեսնեմ։
Վերջերս ցերեկվա լույսը տանել չէր կարողանում, շրջաբակ՝ պտույտի էր չէր իջնում, խլափեղկերը փակ էր պահում։ Կաղալով, ցավին դժվարությամբ տոկալով, պատուհանին հասավ։ Շրջանակի մեջ, ինչպես չինական ջրանկարում, հրեական առանձնատների աղոտ տանիքներն էին, որոնց կղմինդրներին տաքանել էր փորձում հոկտեմբերյան մրսած արևը։
Գլուխը չէր կարողանում ուսերին պահել, ճակատը հենեց պատուհանի մետաղե բռնակին։ Պաղ հպումից աչքերը խոշորացան։ Բիբերը նայում էին օտար մերձավանի բնապատկերին, ծանոթ տեսարաններ էին փնտրում։ Գտավ, հայացքն անսպասելի ջերմացավ։ Բայց չէր հասկացվում, թե ինչ է ասում։
— Ցղնայում գարուն է, սուրբ Աստվածածին եկեղեցու ժամերգության ղողանջը երկնքում է։ Տեսնո՞ւմ ես՝ Նոյ նահապետը Արարատից իջել, մեր՝ Սողոմոնանց Սողոմոնի այգում է առաջին խաղողի որթը տնկում։ Թևքերը քշտած առը բացում, հետն էլ իմ մշակած «Առավոտուն բարի լույս»ն է դնդնում։ Ցղնացի աղջիկները շատախոս են՝ աղոթարանը չծագած, աղբյուրի գլխին չաչանակություն են անում։ Մեր գյուղի օդը ուրիշ համ ու հոտ ունի, ով դուրս ելնի, էլ տուն մտնել չի ուզի։
Վերջապես Սեղբոսը գլխի ընկավ, որ վարդապետը հայրենի բարբառով է խոսում, որ երբևէ չէր էլ լսել։ Որտեղի՞ց պիտի լսած լիներ, Կուտինա գաղթած ցղնացիները նախճիրի ահից միայն թուրքերեն էին խոսել, նա էլ մայրենի լեզվի փոխարեն թուրքերեն էր սովորել…
Հմայված նայում էր Ցղնայի տեսլապատկերին, նայում ու չէր հագենում։ Շրջվեց Սեղբոսին, ավելին ուզեց.
-Բաց պատուհանը։
Ակնունին խլափեղկը կիսով չափ դուրս հրեց։ Կոմիտասը գլուխը հանեց, ողողվեց դժգույն արևով, բայց չերգեց, Գոգիի լեռնապարին աղերսեց.
-Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին…
Ու քանի որ սարերը հով չէին անում, ընկրկեց, հետ-հետ գնաց, քիչ մնաց պիտի ընկներ։ Աղերսեց Սեղբոսին։
-Ինձ այստեղ չթողնես,- ձայնը կերկերաց,- ինձ մեր դրախտավայրը կտանես։
-Կտանեմ,- գլուխը հակեց Սեղբոսը։
-Խոստանո՞ւմ ես։
Ճար չուներ։
Խոստացավ։
-Տե՛ս, չզլանաս, դու ինձ տեսնող վերջին հայը պիտի լինես։
Սեղբոսը մտախռով նայեց վարդապետի դեմքին, դարձյալ վատ նախազգացում ունեցավ, ուզում էր հաղորդության համար քահանա կանչել, կանխեց։
-Պետք չի, չոքիր, ես քեզ օրհնեմ, քեզով օրհնանքս թող աշխարհի հայերին հասնի։
Հլու-հնազանդ ծնկի իջավ։ Հայր Կոմիտասը սառչող ձեռքը Սեղբոսի գլխին էր դրել, ոտքերը կթոտվում, ծալվում էին, բայց համառորեն ուզում էր «Պահպանիչ» ասել.
— Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստուած մեր, ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ քով ի խաղաղութեան. փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն։ Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն..
Լռել, ըստ երևույթին դեռ ասելիք ուներ։ Իր մեջ ուժ գտավ, ասաց.
— Յիշեա՛ Տէր՝ մանաւանդ ի հոգիս առաւել քան մէկ ու կէս միլիոն նահատակացն ազգիս Հայոց, որք յամին 1915-ի եւ յապա, ի սպանդ եւ յաքսոր վարեալ՝ ազգ-ազգի տանջանօք չարամահք եղեն ի ձեռն ազգասպան Թուրքիոյ վասն հաւատոյ եւ հայրեանեաց իւրեանց։
Փակ կոպերից արցունքներ սահեցին, դողդողացին, կորան մորուքի աղեբեկ բավիղներում։ Հայացքը մշուշվեց, կորցրեց հավասարակշռությունը։ Գրկելով, Ակնունին իր մշտական տեղը՝ անկյունի խշտյակը տարավ, ոսկրացած դեմքին գոհունակություն տեսավ։
-Հիմա ինձ մենակ թող տղաս, պիտի քնեմ։
Անմիջապես փակեց աչքերը։
Ակնունին մի քանի ակնթարթ էլ սպասեց, համոզվեց, որ վարդապետն իրոք նիրհում է, հետ-հետ նայելով, դուրս եկավ։ Ուզում էր անպայման բուժող բժշկին տեսնել, վիճակը պարզել։
Պոլ Աբելին բուժայցն ավարտել, հիվանդների օրագիր մատյանում նշումներ էր կատարում։ Հին գրառումները թերթում, աչքի էր անցկացնում, նորերը հավելում։
-Ինչպե՞ս է մեր հիվանդը,- հպանցիկ բարևին անմիջապես հաջորդեց այցելուի վեհերոտ տագնապը։
Առանց բարձրացնելու՝ Պոլ Աբելին գլուխն անհասկանալի տարուբերեց։
Ակնունին չէր ուզում, որ բժիշկը հարցն անպատասխան թողնի։ Ու մանավանդ՝ հանձնվի.
— Դո՞ւք էլ հուսահատվեցիք, ինչպես ձեզնից առաջ Մորիս Դյուկոստեն հուսահատվեց,- զարմացավ, որ ձայնը խորքից, խռպոտ հնչեց։
Պոլ Աբելին (նրա հիմնական մասնագիտությունը հոգենյարդաբանությունն էր), գրառումը կիսատ թողեց, Սեղբոսին հառեց անշրջանակ ակնոցի ետևում խոնավ թվացող աչքերը։
— Սխալվում եք,- ասաց,- իմ նախորդը՝ Դյուկոստեն ամենևին չէր հուսահատվել։ Դուք ամեն շաբաթ այցելել ու ականատես եք եղել՝ նա Կոմիտասին բուժել է տասնհինգ տարի՝ թե՛ Վիլ-Էվրարում և թե այստեղ՝ Վի-ժուիֆում, այնպես որ նրանից լավ ոչ ոք չէր կարող իմանալ հիվանդի ախտաբանությունը։ Տեսեք, թե հեռանալուց առաջ ինչ գրառում է թողել մատյանում։
Պոլ Աբելին վերջապես հիշեց, որ այցելուին պիտի աթոռ առաջարկի ու անմիջապես էլ մոռացավ, էջերը ետառաջ տարավ, գտավ Դյուկոստեի եզրակացությունը, կարդաց. « Ես հիմա էլ եմ կրկնում, որ մեր հիվանդը կարող է ապաքինվել։ Դժվարանում եմ ասել, թե երբ, քանի որ իմ կանխատեսումը արտաքին տպավորությունների վրա է հիմնված, ես ուղղակի նրա հետ առնչվել չեմ կարողանում, բայց շատ կզարմանամ, եթե սխալվեմ»։
Գլխարկը անշարժացավ կանգնած Ակնունիի ձեռքում։
-Նույնը բուժող մյուս բժիշկը՝ հոգեախտաբան Լյոֆֆն է պնդել,- մատյանի էջերը շարունակում էր թերթել Աբելին,- նա Կոմիտասի խնամատար հանձնախմբի անդամներին հանդիպելիս հուշել, անգամ հատուկ նամակով խնդրել է բարձրակարգ հոգեբուժարան տեղափոխել, առանձնահատուկ բուժում ապահովել։ Լսեցեք, թե ինքն ինչ է գրում. «Իմ առաջարկած հոգեբուժարանում բուժումը չափազանց թանկ արժեր, բայց այս պարագայում, կարծում եմ, Կոմիտասի հայ բարեկամները միջոցներ չպետք է խնայեին։ Նրանք, իրոք, ոգևորվեցին, խոստումներ տվեցին, գնացին ու ոչինչ չարեցին…»։
Հոգենյարդաբանը անշրջանակ ակնոցը հանեց, հիվանդի մատյանի նոր կարդացած էջին դրեց։ Նա երևի խոսակցությունն ուզում էր ավարտված համարել, բայց Սեղբոսը այդքան շուտ տեղի տալու միտք չուներ։
— Ուզում եք ասել,- անվստահ ձայնն իրեն էլ դուր չեկավ ու զարմացավ, որ կակազեց,- մենք անտարբե՞ր ենք եղել մեր վարդապետի ճակատագրի նկատմամբ։
Աբելին բարեհոգի ժպիտով շտապեց հանգստացնել նրան։
— Ամենևին, ես ականատես վկա եմ, Կոմիտասը ձեզ համար սրբություն էր, դուք՝ հայերդ նրան պաշտում էիք, բայց մոռանում էիք, որ նա նաև մարդ է, հիվանդ մարդ, ում բուժելը մեր բոլորի առաջնային պարտականությունը, նպատակը պիտի լիներ։ Հիմա թերևս ուշ է նման խոսակցություն շարունակելու համար, բայց, որպեսզի համոզվեք, որ չեմ չափազանցնում, ուզում եմ հենց ինձ հետ պատահած վերջին մանրուքը ձեր ուշադրությանը արժանացնել։ Երևի նկատեցիք՝ վարդապետի ոտքի թարախապալարը վիրահատելուց հետո ախտահարված մասում գիպսակապ եմ դրել, այդ պատճառով հին հողաթափերը ոտքերը սեղմում, ցավեցնում էին։ Քանի օր է՝ խնամատար հանձնախմբի անդամներին հեռաձայնում, նոր, կակուղ գուլպաներ, լայն հողաթափեր եմ խնդրում, ուշացնում են։
Առանց հրաժեշտ տալու Ակնունին դուրս նետվեց, որ նշանակում էր՝ հիմա գալիս եմ։ Նա աճապարանքով փողոց իջավ, առաջին իսկ վաճառատնից նոր հողաթափ, գուլպա, գդակ գնեց, ապաստարան փութաց։
Հրաշք չէր պատահել՝ Կոմիտաս վարդապետը վախճանվել էր։
Երկնքում մեկընդմիշտ մարել էին Ցղնայի Սուրբ Աստվածածին եկեղեցու ղողանջները։
Այդ օրվանից հետո, ընդհուպ Կոլիմայի աքսորավայրում՝ Բուդուգեչակում անհայտ բացակա համարվելը, Սեղբոս Ակնունին ծննդյան տարեդարձը չէր նշում…

Նրա մահը վախճան չէր, մահամերձի ու հոգեդարձի ճամփաբաժանն էր։ Փարիզից Վիլ-Ժուիֆ փութացած Արմենակ Շահմուրադյանը, Շավարշ Միսաքյանը, Մարգարիտ Բաբայանը, Սեղբոս Ակնունին, Հարություն Աճեմյանը շրջապատել էին մահասնարն ու զմայլված դեմքին էին նայում։ Ճաղատի կնճիռները հարթվել, մութ ամպերը ցրվել էին, կոպերին հույսի լույս էր իջել։ Գեղանկարիչ Հարություն Աճեմյանը դեռ չգիտեր, թե մահամերձ վարդապետին Սեղբոս Ակնունին ինչ է խոստացել, պնդում էր, որ նման վեհացած, սրբացած դեմքը չպետք է հողի տակ անհետ կորչի, ճիշտ կլինի, եթե այսուհետ այդպես հիշվի, սերունդների մտապատկերում այդպիսին հավերժանա։ Շտապ տուն գնաց, հունցած գիպս բերեց։

Նրա ունկերում դեռ արձագանքում էին, Թայմիրի, Բուդուգեչակի ուղղիչ-աշխատանքային ճամբարներում անգամ չմարեցին Կոմիտասի վերջին բառերը՝  «Ինձ այստեղ չթողնես, տղաս, ինձ մեր դրախտավայրը կտանես»։

Աղբյուրը`  «Լուսամփոփի պես աղջիկ» ֆեյսբուքյան էջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

33 отзыва на “Ինձ այստեղ չթողնես, տղաս…

  1. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, ԱմենաՀայ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Հոկտեմբեր 2016 — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Գրականանություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  9. Уведомление: Գրականություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  10. Уведомление: Գրականություն Հոկտեմբեր | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  11. Уведомление: Կոմիտաս (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Կոմիտասյան դասեր | Բարի Գալուստ Տիգրան Ադամյանի Բլոգ

  13. Уведомление: Կոմիտասյան դասեր | Մանե Բարսեղյան

  14. Уведомление: Կոմիտասյան դասեր | Մարինե Իշխանյան

  15. Уведомление: Կոմիտասյան դասեր – Աննա Հովհաննիսյան

  16. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր | Բարի Գալուստ Տիգրան Ադամյանի Բլոգ

  17. Уведомление: Կոմիտասյան օրեր (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  18. Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  19. Уведомление: Կոմիտասյան Օրեր – Միշել Քոչարյան

  20. Уведомление: Կոմիտասյան օրեր — Հայկ Ղազարյանի բլոգ

  21. Уведомление: Կոմիտասյան օրեր — Էլֆրիդա Բրուտյան

  22. Уведомление: Կոմիտասյան օրեր — Ադամյան Արամ

  23. Уведомление: Կոմիտասյան օրեր — Միլենա Շահրամանյան

  24. Уведомление: Կոմիտասյան օրեր — Սեբաստացիական մեդիադարակ

  25. Уведомление: Կոմիտասյան օրեր — Կարապետ Նշանյան

  26. Уведомление:  «Կոմիտասյան օրեր» | Ժասմինա Օհանյան

  27. Уведомление: Կոմիտասյան օրեր | Մանե Ջավադյան

  28. Уведомление: Կոմիտասյան օրեր — Մաքսիմ Սահրադյան 9 — 2 դասարան

  29. Уведомление: Դասարանական աշխատանք – Արտյոմ Ղազարյան

  30. Уведомление: Գրականություն Կոմիտասյան օրեր նախագիծ ամփոփում — Հրանդ Ղազարյան

  31. Уведомление: Գրականություն-Կոմիտասյան օրեր  – Արտյոմ Ղազարյան

  32. Уведомление: Կոմիտաս օրեր — Ավագ դպրոց

  33. Уведомление: Կոմիտասյան օրեր | Գայանե Սարգսյան Ավագ դպրոց 9-2 դասարան

Оставьте комментарий