Կոստան Զարյան

kostan_zaryan1

Փետրվարի 2-ին ծնվել է Կոստան Զարյանը՝ հայ գրականության Մենակը։

«Նա ընդունված լինելով Եվրոպայում ՝ չդարձավ արտասահմանցի, երբեք չհեռացավ հարազատ ժողովրդից, բայց տարօրինակ պարադոքսով Հայրենիքում էլ օտարական եղավ։ Այս գրողը եզակի է իր տեսակի մեջ։ նա հետևորդներ չունեցավ ու մնաց անկրկնելի։ Նա չի պատկանում հին սերնդին և դուրս է նորերից։ Նա Մենակ է»։ Ավետիս Ահարոնյան

«Ես միշտ մենակ եմ եղել իմ ծանոթների շրջանում, իմ ազգիս մեջ: Քայլել եմ տարագրի իմ ճանապարհով` մտքիս ու զգացումներիս ոսկին նետելով շուրջը կանգնած հոգեկան մուրացիկներին: Իսկ մուրացիկը հայտնի է՝ առնում է և նախանձի ու ատելության կրակներում այրվում: Մենակ եմ եղել, բայց երբեք չեմ ձանձրացել: Իմ մենության թևերը երկար են և ուժգին՝ կապված երկրին ու երկնքին, կյանքին և մահին: ԱՍՏՎԱԾ ԷԼ ՄԵՆԱԿ Է. Անբաժանելիության և ամբողջականության մեջ»: Կոստան Զարյան

Կոստան Զարյանը մեր մշակույթի քիչ ուսումնասիրված, չհասկացված և չգնահատված բարդ անհատականություններից է: Նրան անվանել են հայկական Գյոթե, հայ գրականության Մենակը, հայերեն գրող եվրոպացի: Նա իրեն բնորոշել է հետևյալ կերպ. «Օտարների մեջ` օտար, օտար նաև` մերինների մեջ»: Բայց և չի ուշացել իմաստուն և ուժեղ մարդու եզրահանգումը. «Աստված էլ մենակ է` անբաժանելիության և ամբողջականության մեջ»:

Արձակագիր, բանաստեղծ, արվեստաբան, գրականագետ Զարյանը (Եղիազարյան) Կոստան Քրիստափորի (2.2.1885, Շամախի – 11.12.1969, Երևան) ծնվել է ռուսական բանակի գեներալի ընտանիքում: (Ի դեպ, Կոստան Զարյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ): Ավարտել է Փարիզի Սեն-Ժերմեն քոլեջը, այնուհետև՝ Բրյուսելի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը: Հայերեն սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ՝ 1910–13-ին: Գրել է իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, անգլերեն:

1916-ին իտալերենով հրատարակվել է «Երեք երգեր» պոեմների գիրքը, որը արժանացել է նաև Ռաբինդրանաթ Թագորի ուշադրությանը: 1922 թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: Զարյանը ստիպված է եղել թողնել հայրենիքը և մեկնել է Եվրոպա, եղել է Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում։

1925 թվականին Փարիզում հիմնել և ֆրանսերենով խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը։ Ապա մեկնել է ԱՄՆ։ 1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1961 թվականին կրկին ներգաղթել է Հայաստան: 1962-1969 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող։ Մահացել է 1969 թ.-ին, Երևանում:

Զարյանի պոեմների թեմաներով իտալացի կոմպոզիտոր Օ.Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա:

Հայության կոչումը (հատված «Անցորդը և իր ճամփան» վեպից)

Արդ` հարց է ծագում, մենք` հայերս, կանգնած երկու այդ հսկա աշխարհների` մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև` ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը:

Պիտի կառչե՞նք մեռնող եվրոպական քաղաքակրթության, թե առաջին պլանի վրա կանգնած` արևելյան մտքի նոր ճառագայթումի և նոր ստեղծագործական թափին հետ, պիտի հանդիսանանք ներուժ մշակութային կենդրոն: Պիտի կրկնե՞նք մեր նախնիքների սխալը, թե գիտակցորեն, հերոսաբար, պիտի կարողանանք` հակառակ մեզ շրջապատող անողոք պայմաններին՛ դրսևորել մեր ազգային եսը, ընդունել պատմությունից մեզ վիճակված խորհրդավոր, հակատրամաբանական ճակատագրական դերը:

Քաջությունը ունենանք խորհելու և նաև քաջությունը ունենանք համարձակելու:

Մեծ մշակույթները առաջ են եկել միշտ էլ հակառակ առարկայական, հակառակ տնտեսական և քաղաքական պայմաններին: Մշակույթը, եթե ուզում եք, հոգեկան արկածախնդրություն է. վսեմ մի խենդություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն` առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է: Այլապես կարելի չէ հասկանալ նրա ամբողջ պատմությունը, նրա դարավոր մարտիրոսությունը, նրա թափած արյունի համաշխարհային իմաստը:

Եթե մենք հայերս, կուրորեն ենթարկվենք ներկա քաղաքական պայմաններին, մեզ վիճակված է ռուսական ապագա հսկա տնտեսական կազմակերպության մեջ չնչին արտադրողի դիմազուրկ և աղքատիկ վիճակ:

Երբ այս օրվան հայ համայնավարները` չնայած ժամանակավոր և երևութական զիջումներին` աշխատում են ազգային և կրոնական զգացումը միանգամայն քանդել, հայ գաղթականները ցրել Ռուսաստանում, և երկիրը վերածել տնտեսական միավորի, նրանք գործում են տրամաբանորեն և հավատարիմ իրենց իդեալին: Նրանք ուրանում են մշակութային արժեքները և իբրև բուրժուական դրամատիրական մտքի ծայրահեղ ներկայացուցիչներ, ձգտում են բոլոր տարրերը ձուլել, որոշ արդյունաբերական նպատակների համար: Եվ պետք չէ զարմանալ, երբ հայ վաճառականները և արտասահմանյան հարուստները իրենց ծարավ աչքերը հառում են համակրանքով դեպի համայնավարությունը:

Գայլը ճանաչում է իր ձագին: Այրվող տան փլատակների վրա նրանք տեսնում են ապագա կարելիություններ: Նույն ցեղի և նույն մտայնության մարդիկ` նրանք գիտեն, որ իրենց կռիվը ժամանակավոր է, թյուրիմացությունը կանցնի և ձեռք ձեռքի տված նրանք միասին կաշխատին:

Նրանց աշխարհայացքը նույն տարրերից է կազմված, նյութապաշտ են, ուրանում են վերացականը, հոգեկանը, ուրանում են մշակույթը:

Սակայն, բավական է թեթև հայացք նետել մեր քարտեզի վրա, ըմբռնելու համար, որ մեր երկիրը մեծ արդյունաբերական ապագա չունի: Հայոց աշխարհը, ինչպես Հիմալայի ստորոտը և Հռոմեական բլուրները, գերազանցապես կրոնական է: Աշխարհը խաչաձևող տնտեսական ճանապարհներից դուրս` դրանք հանդիսանում են իբրև խորհրդավոր կետեր, ուր երկրագունդը մի վայրկյան կանգ է առնում և երկար շնչում:

Մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս` չոր ու ցամաք, տնտեսապես անպետք մի լեռ:

Եվ ի զուր չէ, որ հայ ժողովուրդը պատմության մեջ չտեսնված չարչարանք է կրել, միլիոնավոր զոհեր է տվել, ծով արյուն է թափել` այդ լեռը չկորցնելու համար:

Եթե մենք ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ, և հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, մենք կստորագրենք մեր մահը: Հայաստանը կլինի, ինչպես այսօր, Մոսկվայի առջև դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպեսզի աշխատի, պետք ունի շուկայի որպեսզի ծախսի, պետք ունի դրական գիտության, որպեսզի մտածի:

Ես ուրանում եմ ծխնելուզային և ստամոքսային այդ Հայաստանը:

Մեր երկիրը այն բախտավոր ծայրերիցն է, որոնք չեն կերակրում, այլ կերակրվում /են/: Այդպես էր Աթենքը, այդպես էր մասամբ Հռոմը և այդպես է Արևելքի մեծ մասը: Ուստի, հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենդրոնացում, զոհաբերության ոգի, խոր հավատք և առաքելական մոլեռանդություն:

Արևմուտքը խենթացած գազանի նման, քերում է երկրագնդի մակերեսը նոր գանձեր գտնելու համար, և անգիտակցաբար փորում է իր գերեզմանը: XVIII դարից նա ժառանգել է նյութապաշտ իմացականության դյուրին զենքը, որով կարողանում է հաղթել բնության տարրական ուժերին: Նա ուրանում է հոգեկան արժեքների ավանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգությունը` տնտեսական ազդակի ու խորհուրդը` նախապաշարումի: Ու իր ծոցից դուրս եկած լավագույն խորհողները` Շպենգլեր, Կայզերլինգ և շատ ուրիշներ, վկայում են նրա մոտավոր մահը:

Բոլշևիզմը ծնված է ոչ թե, ինչպես շատերը կարծում են, ինչպես առաջ կարծում էի ես ևս, վերջին հարվածը տալու համար մեռնող այս աշխարհին, այլ ընդհակառակը, բռնության ուժով շարունակելու համար նրա հոգեվարքը:

Նոր մշակութային շրջանը սկսվում է Արևելքում: Չմոռանանք, որ քրիստոնեությունը առաջ եկավ Հրեաստանի ամենահետամնաց և աղքատիկ գավառի մեջ, Հռոմեական կայսրության հզորագույն դարում:

Հայոց աշխարհը, արյունի և մահի ողբերգական այդ երկիրը այլևս հղի է բոլոր կարելիություններով: Արարատի աստվածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթելու նրա թաքնված ստեղծագործական թափը, հսկա սերմի նման պայթելու վրա է, ու դարը մոտենում է, երբ վերջապես հայ ժողովուրդը պիտի գտնե ինքն իրեն: Լինի այն, ինչ որ է: Կատարի իր դերը, ասե իր խոսքը:

Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը: Վա՜յ մեզ, եթե վար իջնենք, կ’ընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան:

Հայաստանում դեռ հովիվներ կան: Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները:

Մշակույթը հովիվների գիտություն է:

Սկզբնաղբյուր՝ «Գոյամարտ» շաբաթաթերթ, թիվ 38, Բաղդադ, 1952թ

Կարող եք ծանոթանալ նաև՝  Կոստան Զարյան «Հայուն Յիսուսը»,  «Արարատյան դաշտի աշունը»

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 отзывов на “Կոստան Զարյան

  1. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Կարդում ենք Տերյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  3. Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    Հայ լինելը. թւում է, որ մտնում ես մգլոտած պատերով մի տուն։ Կոստան Զարյան, Լեզուն և Արյունը. հոդվածներ և էսսեներ, գիրք Բ

    Нравится

  4. Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    Մտքեր Կոստան Զարյանից

    Լեզուն արյուն է, արդ` արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգի է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք տարրական ճշմարտություններ են:

    *****

    Այն, ինչ դու անվանում ես մենակություն՝ ինքը կյանքն է: Մենք մենակ չենք, մենք մենակություն ենք: Իսկ մենակությունն ամբողջություն է: Վայ այն մարդուն, որ վախենում է դժվարություններից: Միայն դժվարության բովից անցնելով կարելի է հասնել ներքին հարստության, ներքին անկախության: Սերը վերջին և կատարյալ մենակությունն է, այն էության էությունն է և գոյանալու համար պետք ունի երկու մենակությունների:

    Нравится

  5. Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    Ի՜նչ հանգիստ հանճար է հայ ժողովրդի հանճարը. հավասարակշռված, պարզ, լուսավոր, ժուժկալ: Արյունի ո՛չ հետք, ո՛չ մի ցնցող նշան, այլ անդորրություն, միամտություն, հստակ արևային պարզություն»: Զարյան

    Нравится

  6. Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության եւ մեծության մեջ, ինչ որ առաջ կարելի է բերել շատ երկար, շատ դժվարին աշխատանքով: Հայ ժողովուրդը պարտվեց ֆիզիկապես, ապա հոգեպես եւ հիմա էլ ոչնչանալու վրա է մոտավորապես: Այն բոլոր ազգերը միայն պիտի կարողանան ապրել, գալիք սարսափելի դեպքերի միջոցին, որոնք ինքնուրույն եւ ուժեղ մշակույթ ունեն, որոնք մարդկության համար անհրաժեշտ տարր են կազմում, որոնք կարող են իշխել իրենց մտքի եւ հոգու զորությամբ: Մյուսները ճակատագրականորեն պիտի ոտնակոխ լինեն եւ պիտի անհետանան: Ու մշակույթ ասված բանը ոչ հանդեսներով է ստեղծվում եւ ոչ էլ փողոցները վազող ֆրանսիական աժան մտքի կրկնություններ ծամծմելով: Հայ ազգը պետք ունի թե զենքով կռվող հերոսների եւ թե մանավանդ մտավոր ազնվական դասի: Այն, որ ես անվանում եմ Արարատյան մարդը…

    Нравится

Добавить комментарий для Նունե Ռուբիկի Մովսիսյան Отменить ответ

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s