Մ. թ.ա. 551 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը` Կոնֆուցիոսը:
Նա ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական և քաղաքական գործունեությամբ։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, որոնք գրի էին առնում Ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «Լուն Յու» («Զրույցներ և ասույթներ»)։ Դրանում ի մի են բերված տիեզերքի, հասարակության, պետության, բարոյականության մասին Կոնֆուցիոսի խորհրդածություններն ու դատողությունները: Կոնֆուցիոսի փիլիսոփայության մեջ տիեզերաբանությունն աննշան տեղ է զբաղեցնում, թեև նա նույնպես ընդունում է այն միտքը, որ ամեն ինչ ստեղծվել է Երկնքի կողմից, և Երկինքն է տիեզերքի բարձրագույն հոգևոր սկիզբը։
Կոնֆուցիոսի «Անունների ուղղում» տեսությունը
Չին փիլիսոփան հիմնականում ուշադրություն է դարձնում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, ինչպես նաև հասարակության կառավարմանը վերաբերող հարցերին։ Նա տարբերակում է կառավարման երկու ձև՝ կառավարում ըստ վարչական և ըստ բարոյական օրենքների ու ավանդույթների։ Առաջինը, ըստ Կոնֆուցիոսի, անընդունելի է, քանի որ վարչական օրենքներով կամ բռնությամբ հնարավոր չէ կարգավորել մարդկային հարաբերությունները, հնարավոր չէ պահպանել բարոյական արժեքները։ Ընդհակառակը, եթե մարդիկ կառավարվում են բարոյական օրենքներով ու ավանդույթներով, ապա հասարակության մեջ հաստատվում է խաղաղություն, արդարություն և մարդիկ էլ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը։ Մարդու բնությունն ի ծնե բարի է, ուստի նրա բնությանն ավելի հարիր է կառավարման այն ձևը, որը հենվում է բարոյական ավանդույթների և առաքինությունների վրա։ Կառավարման այս ձևը պաշտպանելու կապակցությամբ Կոնֆուցիոսն առաջադրում է «անունների ուղղում» տեսությունը, ըստ որի անունները և կոչումները պետք է համապատասխանեն իրականությանը։ Դա նշանակում է, որ հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը։ Եթե խախտվում է այդ կարգը, ապա պետության մեջ առաջանում է անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները։ «Անունների ուղղում» տեսության նպատակը ոչ թե հասարակական կամ պետական կարգերի փոփոխությունն է, այլ բարոյական և սոցիալական ավանդական արժեքների, սովորույթների պահպանումը։ Այն հարցին, թե ինչ է կառավարումը, Կոնֆուցիոսը պատասխանել է. «Իշխանը պետք է իշխան լինի, իսկ հպատակը՝ հպատակ: Հայրը՝ հայր, իսկ որդին՝ որդի»։ Մարդը պետք է առաջնորդվի Երկնքի կողմից նրան տրված բարոյական հատկություններով ու առաքինություններով, իր վարքը համապատասխանեցնի բարոյական օրենքներին։ Բարոյական կատարելագործման նպատակը «կատարյալ մարդու» մակարդակին հասնելն է։ Կատարյալ, ազնվազարմ մարդու գլխավոր բարոյական առաքինությունը Կոնֆուցիոսը համարում է մարդասիրությունը(«ժեն»), որը ներառում է մարդկայնության, պարտքի զգացումի, նրբանկատության, հավատարմության, գթասրտության, կարեկցանքի և այլ առաքինություններ։ Ազնվազարմ մարդը տարբերվում է փոքրոգի, «չնչին մարդուկներից», որովհետև մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին։ «Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ». ասույթը լավագույնս արտահայտում է «ժենի» բովանդակությունը։ Եթե մարդն օժտված չէ մարդասիրությամբ, ասում է Կոնֆուցիոսը, ապա նա չի կարող կոչվել բարոյական և չի կարող հետևել բարոյականության կանոններին։ Մարդասիրությունը սեր է մարդկանց նկատմամբ, հարգանք է ավագների, հատկապես ծնողների հանդեպ։ «Սյայո» առաքինության համաձայն զավակները պետք է ոչ միայն կատարեն ծնողների կամքը, հավատարմորեն ծառայեն նրանց, այլև՝ անվերապահորեն սիրեն նրանց։
Մի իշխան Կոնֆուցիոսի հետ զրուցելիս ասում է. «Այստեղ մարդիկ շատ արդարամիտ են։ Որդին անգամ հայտնում է հոր կատարած գողության մասին»։ Կոնֆուցիոսը պատասխանում է. «Մեզ մոտ ուրիշ է։ Մեզ մոտ հայրը թաքցնում է որդուն, իսկ որդին թաքցնում է հորը։ Դրա մեջ է արդարամտությունը»։
Կոնֆուցիոսի կարծիքով բարոյական առաքինությունների բարձրագույն օրենքը «ոսկե միջինի» սկզբունքն է, ըստ որի կատարյալ մարդը, ի տարբերություն «չնչին մարդուկների», խուսափում է ծայրահեղություններից և ընտրում դրանց միջինը։ Կառավարման ասպարեզում առաջնորդվել «ոսկե միջինի» սկզբունքով, նշանակում է կարողանալ տիրապետել քաղաքական փոխզիջման արվեստին։
Մարդու դաստիարակության և բարոյական կատարելագործման մեջ չին փիլիսոփան կարևորում է կրթության և գիտելիքի դերը։ Գիտելիքը կարող է լինել բնածին և ստացական: Բնածին գիտելիքներով օժտված են առանձնաշնորհյալ մարդիկ։ Ավելի արժեքավոր են ստացական գիտելիքները, քանի որ դրանք ձեռք են բերվում դժվարությամբ և չարչարանքով։ Եթե մարդը չի կարողանում իր գիտելիքները գործադրել կյանքում, ապա այդպիսի գիտելիքները չունեն ոչ մի արժեք։ Ճանաչել, ըստ Կոնֆուցիոսի, նշանակում է ճանաչել մարդկանց:
Մտքեր Կոնֆուցիոսից
Ամեն ինչի մեջ էլ գեղեցկություն կա, սակայն բոլորը չէ, որ տեսնում են այն:
Եթե մարդ գիտի բոլոր հարցերի պատասխանները, ուրեմն նրան բոլոր հարցերը չէ, որ տվել են:
Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես առաջ ընթանում: Կարևորն այն է, որ կանգ չառնես:
Գերագույն փառքի հասնում են ոչ թե երբեք չսայթաքելու, այլ ամեն սայթաքումից հետո ոտքի կանգնելու շնորհիվ:
Եթե մարդ չմտահոգվի իրենից հեռու կատարվող իրադարձությունների մասին` վիշտը շուտով բավական մոտ կլինի նրան:
Առանց մտածելու սովորելը ապարդյուն աշխատանք է, իսկ առանց սովորելու մտածելը՝ վտանգավոր:
Տգիտությունը մտքի գիշերն է, սակայն դա առանց լուսնի ու առանց աստղերի գիշեր է:
Վեհանձն մարդը քիչ է խոսում և ամեն ինչ ապացուցում է իր արարքներով:
Նա, ով ցանկանում է կատարելագործել իր ստեղծագործությունը, պետք է նախ և առաջ սրի իր գործիքները:
Ես լսում եմ ու մոռանում, ես տեսնում եմ ու հիշում, ես անում եմ ու հասկանում:
Ամենազվարճալի մարդիկ ամենատխուր մարդիկ են:
Լռությունը իսկական ընկեր է, որը երբեք չի դավաճանում:
Հարգիր ինքդ քեզ, և ուրիշներն էլ կսկսեն հարգել քեզ:
Միայն ամենաիմաստուն ու ամենահիմար մարդիկ երբեք չեն փոխվում:
Ընտրիր այնպիսի աշխատանք, որը սիրում ես, ու ողջ կյանքում մեկ օր անգամ ստիպված չես լինի աշխատել:
Աղբյուրը՝ Սեյրան Զաքարյան «Փիլիսոփայության պատմություն», Երևան, 2000
Կոնֆուցիոսի չստացված առակը
Մի անգամ Կոնֆուցիոսի մոտ մի կին գնաց և հարց տվեց.
-Ասա՛ ինձ, Կոնֆուցիոս, ինչո՞ւ է այդպես. երբ կինն է սիրեկաններ ունենում, նրան ենթարկում են հասարակական պարսավանքի, իսկ երբ կանայք ունենում է տղամարդը, դա նորմալ է ընդունվում:
Կոնֆուցիոսը, նախքան հարցին պատասխանելը, կնոջ առաջ դրեց հինգ թեյնիկ և հինգ բաժակ:
-Թեյը մի թեյնիկից լցրու հինգ բաժակի մեջ: Քեզ դո՞ւր է գալիս:
— Դո՛ւր է գալիս,-խոստովանեց կինը:
-Իսկ հիմա հակառակն արա՝ հինգ թեյնիկից թեյը լցրու մեկ բաժակի մեջ: Դո՞ւր է գալիս:
— Շա՛տ ավելի է դուր գալիս,-հաստատեց կինը:
-Ա՛յ քեզ դմբո,- պոռթկաց Կոնֆուցիոսը,- ի՜նչ առակ փչացրիր:
Աղբյուրը՝ Фитнес для мозга
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Փիլիսոփայական միտքը հին Չինաստանում
Ինչպես նաև՝ Չինական պոեզիա
Уведомление: Մացուո Բասյո, առակներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կոնֆուցիոսի չստացված առակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: «Հայ-չինական կրթական կամուրջներ» նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: «Հայ-չինական կրթական կամուրջներ» նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական գարուն — Սոֆյա Այվազյան
Уведомление: Ապրիլի 8-13 — Էդիտա Գասպարյան
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ