Խրիմյան Հայրիկ— հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։
Հատված Խրիմյան Հայրիկի «Սիրաք և Սամվել» գրքից
Քո պարտքն է ճանաչել աշխարհը և մարդկանց, և ինչ որ աչքի և մտքի լույսով կտեսնես աշխարհում՝ չանցնես առանց ապշությամբ դիտելու, այլ կքննես և հետամուտ կլինես, թե ինչպես է կառավարվում աշխարհը և մարդկային ընկերությունը:
Եթե ի բնե և ի մորե կույր ծնվեիր, ես այս դասերը քեզ չէի ավանդի, որովհետև այս աշխարհը և ողջ տիեզերքն առանց աչքի լույսի տեսնելու՝ անհնար կլիներ, որ ես աշխարհի դասերը ավանդեի քեզ, անհնար կլիներ նաև, որ դու միայն մտքի լույսով կարողանայիր գաղափար կազմել իրերի գիտությաքն մասին: Սրա համար էր մի կույր աղաղակում Հիսուսին. «Տե՛ր, խնդրում եմ, որ բացես»: Դժբախտ կույրն աշխարհը և կենդանի կյանքը տեսնելու համար աչքի լույս էր խնդրում: Նա իր կուրության մեջ թշվառ էր, ոչինչ չէր տեսնում և ոչինչ չէր զգում. ո՛չ երկինքն էր տեսնում՝ լուսագունդ աստղերով, ո՛չ երկիրն էր տեսնում՝ ծառերով, ծաղիկներով, որպեսզի վայելեր և փառք տար իր ստեղծողին և օրհներ աշխարհի Արարչին:
Իսկ դու, բարեբա՛խտ որդյակ իմ, որ աչքի լույսով ես ծնվել, բյուր անգամ ծունր դի՛ր և փա՛ռք տուր քո բարերար Ստեղծողին: Շնորհապարտ եղի՛ր նաև քո ծնողին, որ աշխատում է լույս տալ և բանալ մտքիդ աչքը, որպեսզի աշխարհը դու երկու լույսով տեսնես: Կան մարդիկ, որ շրջում են աշխարհում և տեսնում են, բայց չեն տեսնում. այս մարդիկ մտավոր լույսից զուրկ են, միայն, իբրև, ստվեր, աշխարհի արտաքին երեսն են տեսնում և չգիտեն աշխարհի ներքին կյանքը, բնական և բարոյական օրենքները, ղեկավարող և շարժող ուժերը և այլն:
Ջանադիր եղի՛ր, որդյա՛կ իմ, որ մտավոր լույսդ պայծառ լինի, և որչափ պայծառանա մտքիդ լույսը, այնչափ պայծառ ու պարզ կտեսնես աշխարհը, և աշխարհի բաները, դու ստվերի նման չես անցնի աշխարհից և ստվերի նման չես տեսնի աշխարհը, այլ տիրապես կտեսնես, թե ի՞նչ է մահկանացու մարդու կոչումն աշխարհում, և ի՞նչ է նրա գործը, վախճանն ու նպատակն իր կյանքում:
Աղբյուր՝ Խրիմյան Հայրիկ «Սիրաք և Սամվել»
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, 2009թ., էջ 14-15
Հովհաննես Այվազովսկի «Մկրտիչ Խրիմյանը Էջմիածնի մոտ», 1885թ.
Կարող եք ծանոթանալ նաև` Խրիմյան Հայրիկ
Уведомление: Խրիմյան Հայրիկ. մեդիափաթեթ — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ
Уведомление: Խրիմյան Հայրիկ. մեդիափաթեթ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Խրիմյան Հայրիկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)