«Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայն իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է: Կենաց և մահու օր պինդ գրկե հողն»: Ապրիլի 4-ին ծնվել է Խրիմյան Հայրիկը (1820-1907):
Խրիմյան Հայրիկ-հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական և գրող։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Խրիմյան Հայրիկի հատուկ կոնդակով 1895 թ. հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է Մակար Եկմալյանի նոր մշակված պատարագը` միաձայնից անցնելով բազմաձայն պատարագի:
Այսպես էր պատմում Թումանյանը
1906-ի գարնանը Թիֆլիսում էլ միտք ծագեց հայ-թաթարական հաշտության ցույց կազմակերպելու Թիֆլիսի հայոց Մայր տաճարում՝ Վանքի շրջափակի մեջ: Այդ ցույցը ավելի պատկառազդու դարձնելու համար որոշվեց հատուկ պատվիրակություն ուղարկել Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկին Թիֆլիս հրավիրելու:
Թաթարների կողմից ցույցին պիտի մասնակցեր Կովկասի մահմեդականների հոգևոր պետը՝ շեյխ ուլ-իսլամը:
Թիֆլիսից Էջմիածին մեկնած պատվիրակության մեջ էր և Հովհ. Թումանյանը, որ հետագայում պատմում էր հետևյալը. «Երբ Էջմիածին հասանք, կաթողիկոսի շուրջը գտնվողները հայտնեցին, թե Հայրիկը հիվանդ պառկած է: Լսելով, սակայն, մեր գալու մասին, Խրիմյանը ցանկություն էր հայտնել տեսնելու մեզ: Հարցրեց, թե ինչու ենք եկել: Բացատրեցի մեր գալու նպատակը և միաժամանակ ավելացրի, թե իր այդ վիճակում իհարկե չենք կարող իրեն Թիֆլիս տանել: Զարմացա, երբ Խրիմյանը հայտարարեց, թե պիտի գա Թիֆլիս: Երբ դուրս եկա կաթողիկոսի ննջարանից և վեհարանում գտնվողներին հաղորդեցի Խրիմյանի ցանկությունը, ամենքը իրար անցան.
-Ինչպե՞ս կարելի է այս վիճակում տեղից շարժել վեհափառին: Նա մինչև Թիֆլիս հասնի, ճանապարհին կմեռնի:
Խրիմյանը պատվիրեց մեկնելու պատրաստություններ տեսնել: Փակ կառքի մեջ պառկած Էջմիածնից երկաթուղու կայարան փոխադրեցինք: Բարեբախտաբար կաթողիկոսի տրամադրության տակ դրված սալոն-վագոնը հանգիստ ճամփորդության հարմարություններ ուներ: Զգուշություններով հասցրինք Թիֆլիս: Խրիմյանը երեք օր պառկած մնաց առաջնորդարանում, որ գտնվում է Վանքի բակում: Հասավ կիրակին, ցույցի օրը:
Առավոտյան ահագին ժողովուրդ, Վանքի բակում հավաքված, սպասում էր Հայրիկին: Մի քանի հոգով մտանք Խրիմյանի ննջարանը: Մնացել էինք շիվար, թե ինչ անենք: Անկողնի մեջ կծկված, փոքրացած այս հիվանդ ծերունուն ինչպես ոտքի հանենք գոնե մի քանի րոպեով ժողովրդին ցույց տալու համար: Գրեթե երկու ժամ անցավ այսպես:
Խրիմյանը պառկած էր աչքերը փակ: Մեկ էլ աչքերը բացեց և հազիվ լսելի ձայնով պահանջեց, որ զգեստները հագցնեն: Զգուշությամբ, կամաց-կամաց հագցրին: Ապա ուրիշների օգնությամբ ոտքի կանգնեց և ձախ ձեռքով եպիսկոպոսներից մեկի թևին, իսկ աջ ձեռքով հայրապետական գավազանին հենված անհաստատ, դողդոջուն քայլերով շարժվեց դեպի առաջնորդարանի մեծ դահլիճ տանող դուռը:
Երբ Խրիմյանը ննջարանից անցավ բոլոր պատուհաններով դեպի Վանքի բակը, դեպի վարը խռնված բազմությանը նայող դահլիճը ու երևաց առաջին պատուհանի առջև, դրսից տեսան կաթողիկոսին:
-Կեցցե՜, կեցցե՜ Հայրիկը, կեցցե՜ հայոց Հայրիկը,- լսվեց բազմահազար ժողովրդի հուժկու աղաղակը:
Այդ նույն վայրկյանին մի զարմանալի, անհավատալի կերպարանափոխություն կատարվեց Խրիմյանի հետ:
Ինչպես ծառս է լինում մարտի շեփորի ձայնը լսող ռազմական նժույգը, այնպես ծառս եղավ հիվանդ, կռացած ծերունին: Մեկեն շտկեց իր կորացած մեջքը, մեկ կողմ հրեց իր կողքից քայլող եպիսկոպոսի թևը և հենված միայն իր գավազանին, մենակ ու հաստատուն քայլերով առաջ անցավ:
Ամենքը ապշած էին մնացել»:
Այսպես էր պատմում Թումանյանը:
Աղբյուր` irates.am
Կարող եք ծանոթանալ նաև` Խրիմյան Հայրիկ. հոգևոր ընթերցումներ
Խրիմյանը հանճարեղ հռետոր էր: Հանճարեղ ոչ իր պերճախոսությամբ,այլ մտքերի սրությամբ և համեմատությունների սրամտությամբ :
Մինչև նրա Կովկաս հասնելը ընդառաջ էին գնացել մի քանի «քաղաքագետներ» նախազգուշացնելու համար,որ նա չլինի՞ թե ռուս կառավարությունը որևէ կերպ քննադատե:
-Աղեկ,-պատասխանել էր Հայրիկը,-ես ամենուրեք կփառաբանեմ անոր քաղաքականությունը:
ԵՎ իրավ, Բաթումից մինչև Թիֆլիս նա գովաբանել էր ռուս կառավարությունը:
Թիֆլիսում, իր առաջին քարոզում, վանքի մեջ նա դարձյալ գովաբանեց, համեմատելով ռուսահայերի կացությունը թուրքահայերի վիճակի հետ:
-Ձեր բարեկեցությունը,-ավելացրեց նա,-դուք պարտք եք ռուսաց ցարին բարեսրտությանը:
Եղեք անոր հավատարիմ,զավակներս,վասնզի,ժողովուրդը ցարին ծառայելու համար է:
Հանկարծ հեղափոխականի հոգին զարթնեց նրա մեջ: Նա մի վարկյան լռեց և գլուխը հպարտ բարձրացնելով,գոչեց.
-Սակայն կայսրն էլ ժողովուրդին համար է: Գյուղացու չքավոր խրճիթին ու կայսեր պալատին մեջ կա էլեկտրական թել մը: Եթե հոս փլչե գյուղացու խրճիթ, հոն պալատի մեջ կդղրդա սյուն մը:
Ունկնդիրների բազմությունը զգաց, թե ով է Խրիմյանը:
Շիրվանզադե, «Կյանքի բովից»
НравитсяНравится