Այնպես պատահեց՝ ես հրաժարվեցի լսել իմ էության ամենախորքերից ինձ հետ խոսող ձայնը. «Դու Իմ սիրելին ես, քոնն է Իմ օրհնությունը»:
Ձայնը միշտ նույն տեղում էր, բայց, կարծես թե, ես նախընտրում էի լսել ուրիշ՝ ավելի բարձր հնչող ձայներ, որոնք ասում էին. «Ապացուցի՛ր, որ դու ինչ-որ բան արժես. նշանակալի՝ տպավորիչ կամ համոզիչ ինչ-որ բան արա և սեր կվաստակես, որին դու այնքա՜ն ծարավ ես»:
Արդյունքում՝ լռության և իմ սրտի միայնության մեջ խոսող խաղաղ ու անմեղ ձայնը անտեսված մնաց և, կամ առնվազն անհամոզիչ թվաց ինձ:
Ես բազմաթիվ անգամներ հնարավորություն ունեցա լսելու ինձ իր Սիրելին համարող խաղաղ, անմեղ ձայնը. նա, ամենատարբեր ձևերով, ինձ հետ խոսում էր իմ ճանապարհին հանդիպած ծնողներիս, ընկերների, ուսուցիչների, աշակերտների և շատ անծանոթ մարդկանց միջոցով: Շատերը ինձ հոգ էին տանում բարությամբ և քնքշանքով, սովորեցնում և խրատում էին լինել համբերատար և հաստատակամ: Նրանք աջակցում էին ինձ, երբ ես պատրաստվում էի հանձնվել և օգնում էին կրկին ու կրկին փորձել, երբ ինչ-որ բան չէր ստացվում: Ինձ պարգևատրում էին և գնահատում հաջողություններիս համար…
Բայց սիրո բոլոր այդ նշանները բավարար չէին ինձ համոզելու համար, որ ես Սիրելի եմ և, որ ինձ շատ են սիրում: Ակնհայտորեն վստահելի թվացող այդ ամենի մեջ ինձ շարունակաբար տանջում էր հարցադրումը. «Բոլոր նրանք, ովքեր իմ նկատմամբ այդքան ուշադիր են, եթե տեսնեին և հասկանային իմ գաղտնի «եսը», արդյո՞ք ինձ առաջվա պես կսիրեին»:
Այդ կրծող կասկածը, որն ամուր արմատներ էր ձգել իմ հոգու մութ անկյուններում, շարունակում էր կրնկակոխ ինձ հետևել՝ ստիպելով փախչել այն նույն տեղից, որտեղից լսվում էր ինձ իր Սիրելին անվանող խաղաղ ձայնը:
Մտածում եմ, որ դու հասկանում ես՝ ինչի մասին եմ ես խոսում: Ի՞նչ է, այդպե՞ս չէ՝ ինձ նման դո՞ւ էլ հույս ունես, որ կգա մեկը կամ իրադարձություն տեղի կունենա՝ քեզ պարգևելով ներքին բավարարվածության լիակատար զգացում, առանց որի դու հանգիստ չունես: Դու այսպե՞ս ես, չէ՞, մտածում. «Հնարավոր է՝ դա գիրք է, գաղափար, սեմինար, ճամփորդություն, աշխատանք, երկիր կամ հարաբերություն, որը կխաղաղեցնի իմ խորքային սպասումները»:
Եվ քանի դեռ սպասում ես այդ առեղծվածային պահին, դու անհանգիստ տագնապով մշտապես շարունակելու ես փախչել նախանձով և զայրույթով` երբեք բավարարվածություն չստանալով: Դու արդեն գիտես, որ հենց այդ մոլուցքն է մեզ ստիպում շարունակել ապրել և գործել: Բայց, միաժամանակ հենց այդ մոլուցքն էլ մեզ ստիպում է կասկածել` արդյո՞ք մենք, ի վերջո, ինչ-որ բանի կհասնենք:
Սա հոգեպես հյուծման և ոչնչացման ուղին է: Սա հոգևոր մահվան ուղին է:
Սակայն ոչ դու, և ոչ էլ ես պարտավոր չենք սպանել մեզ: Մեզնից յուրաքանչյուրը կոչված է Սիրելի լինել: Մենք խորապես սիրելի ենք նախքան մեր ծնողները, կանայք և ամուսինները, երեխաները և ընկերները կհասցնեն մեզ սիրել կամ վնասել:
Սա կյանքի մեծագույն ճշմարտությունն է: Սա ճշմարտություն է, որը ես կուզենայի քեզ նվիրել: Սա երկնքից բացված ճշմարտություն է. «Դու Իմ Սիրելին ես»:
Սևեռուն ուշադրությամբ ընդունելով այդ ձայնը` ես բառերն այս լսում եմ հոգու խորքում. «Ես քեզ անունով կոչեցի: Ի սկզբանե դու Իմն ես, և ես` Քոնը: Դու Իմ Սիրելին ես, և քոնն է Իմ օրհնությունը: Ես քեզ կերտել եմ հողի ընդերքից և քեզ արարել մայրական արգանդում: Ես քո անունը գրել եմ Իմ ափերի մեջ և քեզ թաքցրել Իմ գրկում: Ես քեզ նայում եմ անսահման քնքշությամբ և հոգ եմ տանում քո մասին ավելի, քան գուրգուրացող մայրն է հոգ տանում իր զավակին: Ես համրել եմ քո գլխի բոլոր մազերը և առաջնորդելու եմ քեզ բոլոր ուղիներում: Ուր էլ որ գնալու լինես, Ես քեզ հետ եմ, և որտեղ էլ, որ դու կանգ առնես հագստանալու համար, Ես պաշտպանելու եմ քեզ: Ես քեզ կտամ կերակուր, որը կբավարարարի ամեն տեսակ քաղց, և կտամ ջուր, որը կհագեցնի ամեն տեսակ ծարավ: Ես քեզնից չեմ թաքցնի Իմ երեսը: Ես քո հայրն եմ, քո մայրը, քո եղբայրը, քո քույրը, քո սիրելին և քո ամուսինը…այո՛, և նույնիսկ քո երեխան…ուր էլ որ լինես, Ես քեզ հետ եմ: Ոչինչ երբեք չի բաժանի մեզ իրարից: Մենք ամբողջություն ենք»:
Ամեն անգամ, երբ դու լսելու լինես ձայն, որը քեզ «Սիրելի» է կանչում, դու կբացահայտես, որ քո ներսում ցանկություն է առաջանում երկար և ուշադիր լսելու այդ ձայնը: Դա կարելի է համեմատել անապատում բացված ջրհորի հետ: Արժե դիպչել թաց հողին և կհայտնվեն էլ ավելի խորը փորելու ուժեր:
Աղբյուրը՝ Генри Нувен. «Жизнь возлюбленного»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Հենրի Նուվեն» էջին
Առաքինությունը ներքին կարգավորվածություննէ, հոգու կազմակերպվածությունը։ Մարդն այդ կարգավորվածությունը ձեռք է բերում գիտակցված և նպատակասլաց ջանքով։
Արիստոտել
НравитсяНравится