Անկախության օրվա մահարիական պատգամը

van.jpg

Նախաբան վերջաբանի փոխարեն

Ինչպէս մեծ կարսեցին մի օր գունազարդեց եւ նկարազարդեց իր կորած ծննդավայրը` եւ ինչպէս նրանից յետոյ մեծ գորիսեցին բեմ հանեց իր գործուած Կէօրէսը, իմ մեծ նախնիների (որոնք միաժամանակ անարժանիս ժամանակակիցները եղան) օրինակով, ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը:

Կուզենայի, որ եթէ այս գործում կա դոյզն ինչ կրակ, հասնէր այն ընթերցողի սրտին, իսկ իմ չնաշխարհիկ ծննդավայրի այրուած այգեստանների ծուխը` աստուծոյ եւ նրա բազում ստեղծվածների անզգայ միրուքին:

Գուրգեն Մահարի, 1964թ., Երեւան

Վանը

Ների՛ր ինձ, Մուշ, դուք էլ` Կիլիկիա և Համշեն, բայց իմը Վանն է: Զարմանալի, անբացատրելի ձգողություն ունի Վանը. անընդհատ հեռվից կանչում է ինձ, հետս խոսում, փորձում ինչ-որ բան հասկացնել….

Հասկանալու համար այդ կանչը`  այսօր նորից ձեռքս վերցրի Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները»:

Հիմա նստած թերթում եմ. ծանոթ կերպարներ, վանեցիների շուրթերից ծորացող բարբառ, իրադարձություններ, նկարագրություններ: Ես սա՞ եմ փնտրում, ա՜խր, չգիտեմ էլ` ինչ եմ փնտրում: Բայց մի բան հաստա՛տ փնտրում եմ: Գուցե փնտրածս Վանի հին պատկե՞րն է կանաչ: «Տները մեծ, փոքր, եվրոպական, ասիական, բազմաոճ ու քմահաճ, թաքնուած են ծառերի ու ծառաստանների, այգիների ու այգեստանների մէջ: Քաղաքը հեռուից նման է մի երկարածիգ անտառի, ու մօտեցի՛ր, մօտեցի՛ր, նոյն անտառն է, իսկ երբ ներս մտնես նրա կանաչ դարպասներից, տեսնես իրար խաչաձեւող փողոցներն ու տները, քեզ հեքիաթ կը թուայ նրանց գոյութիւնը, ու դու կը մտածես, որ, ուր որ է, կը ցընդեն փողոցներն ու տները ու կը մնան անտառը, առուները, կը մնաս դու: Բայց կը մնան փողոցները, կը նայեն տները, կը հոսե առուները, կը խշշան այգեստանները, ու կապրի աշխարհը, ու կապրի Վանը: Պիտի ապրի աշխարհը եւ պիտի ապրի Վանը…»:

Գուցե փնտրում եմ Վանա զմրուխտե լի՞ճն ու Վանի հողուջրոտ փողոցնե՞րը: «Ծովից ոչ հեռու փռուել է հնադարեան քաղաքը, որպէս կանաչավարս, հեքիաթական գեղեցկուհի, որպէս հեքիաթ, որպէս գեղեցկութիւն: Այգինե՜ր, այգինե՜ր ու այգեստաններ, ու ծովը կապոյտ, նորից ներկուած կապոյտով, ցնորքի պէս, անհասանելիութեան պէս, չլինելու չափ կապոյտ ծովը, քաղաքի զովասուն փողոցները, ջրուած եւ աւելուած, հո՛ղ, ջո՛ւր ու թարմութիւն բուրող փողոցները…»:

Եվ, կամ գուցե Վանի գեղեցկություններն ինձ հանգիստ չեն տալիս: Քաղաք, որի ամենամեծ գեղեցկությունը ծիսական տոներն էին, հատկապես`​ Կաղանդը:

Վանի գեղեցկություններն անթիվ էին ու անհամար: Եվ դրանք թվարկելը, Մահարու կարծիքով, անհնար է, որովհետև դա անելու համար կպահանջվի հազար ու մի գիշեր, հետո նորից հազար ու մի գիշեր…

Չէ՜, վերջապե՛ս հասկացա, ես այսօր փնտրում եմ երեքհազարամյա Վանի անկման պատճառները…

Ու մի սև գիշեր չքնաղ Վանը դատարկվեց, վերջին վանեցին դուրս եկավ: Իսկ Վա՞նը, ո՞ւր մնաց Վանը: «Իսկ Վանը կանգնած է անշարժ ու անյողդողդ ու նայում է կանաչ աչքերով`​ մի դէմքը դեպի անցեալ, միւսը` գալիք դարերին…: Համաձայնուեցինք…բայց այդ դեպքում մի վերջին հարց,-իսկ ովքե՞ր են շինել Վանը…

Ի՛նչ-ե՛ւ-ի՛-ցէ՛»:

P. S.-ԱՅՍԻՆՔՆ ՅԵՏ ԳՐՈՒԹԻՒՆ

Իսկական հեքիաթը, ըստ Գուրգեն Մահարու, պարզվում է` սկսվում է…վերջում: Ուրվականների այս աշխարհում մինչև այսօր էլ դեռ կարելի է հանդիպել վանեցիների: Թեև Վանում ծնված վանեցիներն քիչ են, բայց շատ են Երևանում, Թիֆլիսում, Արմավիրում, Կահիրեում, Փարիզում և աշխարհի բոլոր մեծ քաղաքներում:

-Իսկ մեր գլխավոր հերոսի հետ ի՞նչ պատահեց, հետո ի՞նչ եղավ,- հավանաբար կհարցնես դու, սիրելի՛ ընթերցող:

-Առանձնապես ոչինչ,- անխղճորեն հանգիստ ձայնով կպատասխանեմ ես,- վանեցի Օհանես աղան Երևան եկավ, Աստաֆյան փողոցում մրգի խանութ բացեց, իսկ նրա ժառանգներն այսօր շարունակում են հաշվել իրենց ոսկիները: Թո՛ղ հաշվեն, իսկ ի՞նչ է եղել որ: Հետո, երբ, աստված մի արասցե, Վանի նման Երևանը չլինի, աշխարհում ուրիշ քաղաքներ հո կան ու կան…

-Իսկ հեքիա՞թը, իսկ ո՞ւր մնաց հեքիաթը,- անհամբեր կհարցնես դու:

«Ահա՜ հէքեաթը:

Ուզում էք հավատացէք, ուզում էք ոչ, հէքեաթը չի դադարի հէքեաթ լինելուց, հէքեաթ, որի սկզբնաղբիւրը մենք չկարողացանք ճշտել, որովհետեւ, ինչպէս նշեցինք, թէեւ քիչ են մնացել Վանում ծնուած վանեցիները, բայց շատ են նրանք, որոնք թէպէտ եւ չեն ծնուել Վանում, բայց իրենց համարում են վանեցի»:

Հետգրություն

Լա՛վ, իսկ ո՞րն է Մահարու ասելիքը: Այն, ինչ Գուրգեն Մարհարին ուզում է ասել, ասում է համարձակ, տղամարդավարի` աչքերիդ մեջ ուղիղ նայելով: Իսկ ճշմարտությունը, որպես կանոն, մերկ է լինում և ցավոտ.

-Իսկ Վա՞նը, ու՞ր է Վանը, ինչու՞ չկա Վանը, — նախ հարց է տալիս Գուրգեն Մահարին:

Եվ ինքն էլ, ըստ էության, պատասխանում է` Վանի անկման գլխավոր մեղավորը մե՛նք ենք` հայերս:

Եվ թող չլինի, որ նույն սխալներն այսօր մենք կրկնենք, չլինի հանկարծ…

Իսկ որո՞նք էին և, դժբախտաբար, են  Գուրգեն Մահարու մատնանշած սխալները.

  • միմյանց հետ մրցող և անհաշտ կուսակցությունները: «Կա՞յ աշխարհի վրայ մի երկիր, մի ազգութիւն, որ մէ՛կ, միայն մէ՛կ կուսակցութիւն ունենայ եւ մէ՛կ սրտով, մէ՛կ հոգով եւ մէ՛կ վճռով լուծի ազգային բոլոր խնդիրները…»:
  • կուսակցությունների ծավալած «հեղափոխական» գործունեությունը: «…Ձեր աստված կը սիրէք, յէղափոխութիւնը գրկաբաց ընդունէք, բայց յեղափոխականին մի՛ թողէք ձեր տուն մտնի»:
  • հայ վաճառականների հարստանալու մոլուցքը: «Օհանեսն այդ ընթացքում միայն տրտնջում էր. «Ո՜ւր է իմ խանութը…»:
  • ռուս-թուրքական քաղաքական խաղերը:

Որպես վերջաբան

Ընդունեք խնդրեմ` Անկախության օրվա մահարիական պատգամը. «Ճանաչել այս սխալները չկրկնելու համար, նորից եմ կրկնում, չկրկնելու համար, չկրկնելու համար…»: 

Իմ Վանը

Իսկ Վանի՞ց` ի՛մ Վանից ինձ մնացել է միայն կապույտ ծխի մեջ խեղդված-խեղդվող, տագնապոտ-անհանգիստ, ինքնությանս խորքերում թաքնված մի նո՜ւրբ ու թրթռացող հույզ` անբոց ու անկրակ, անբնական ու անբանական, անտրամաբանական…այրվող այգեստանների նման:

Մեջբերվող հատվածները`  Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» գրքից, Երևան-2004

Լուսանկարը` անձնական արխիվից. Վան քաղաքի համայնապատկեր

Նունե Մովսիսյան

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Անկախության օրվա մահարիական պատգամը»

  1. Уведомление: Փանոս Թերլեմեզյան և Կոմիտաս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Եղիշե Չարենց «Reqiem aeternam» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s