Իմ Արմանուշ տատի մասին պատմել եմ:
Կային մարդիկ, ում բարևին չէր պատասխանում: Տարակուսած հարցնում էինք.
-Այ մերա (տատին այդպես են կոչել Մուշում), բա ամոթ չի, մարդը բարև է տալիս, ինչի բարևը չես առնում:
Իսկ տատս խախանդ և արքայական հանգստությամբ պատասխանում էր.
— Լավ խոտ (հոտ) չի գէ (չի գալիս) ընդու վըրից, մարդախոտ չառա, ըդուր խըմար էլ բարևը չեմ առնէ:
Պարզվում է` այս երևույթն ունի բացատրություն:
Այս զգացողության մասին հնում փիլիսոփաները գրել են: Սա որոշակի զգացողություն է, երբ մարդը զգում է դիմացինի հոգու «հոտը», ընկալում` անհատականությունը: Նման զգացողությունը մենք անվանում ենք «հոտ»` ուրիշ հարմար բառ չգտնելով: Ագիպա Նետեսգեյմսկին դեռ 16-րդ դարում գրում էր. «Ճիշտ այնպես, ինչպես ամբրան կամ մուսկուսը (եթերային յուղեր են) ամեն ինչ հագեցնում են իրենց հոտով, այնպես էլ մարդիկ են. չար մարդուց անցնում է ինչ-որ չար բան, իսկ բարի մարդուց` մի ինչ-որ բարի բան»:
Հոտերի հետ կապված փորձարկումները վաղուց հաստատում են` իրոք, կան հոտեր, որոնք մեզ գրավում են, կան նաև այնպիսի հոտեր, որոնք վանում են: Կան ինչպես «քո», այնպես էլ օտար հոտեր:
Բայց, կրկնում ենք, խոսքը սովորական հոտի մասին չէ, այլ ուրիշ` շատ ավելի բարդ հոտերի:
Առաջին հանդիպման ժամանակ մենք զգում ենք մարդու անհատական հոտը, եթե նույնիսկ մեր քիթը փակ է լինում, որովհետև այդ հոտը առանձնահատուկ, «էներգետիկ հոտ» է, այն մենք ընկալում ենք ոչ թե հոտառության ընկալիչների (рецептор) միջոցով, այլ հոգու շնորհիվ: Այդ յուրահատուկ «անհատական բույրը», բնականաբար, կարող են զգալ ոչ բոլորը, այլ միայն բարձր զգայունություն ունեցող` գերզգայուն և ընկալունակ մարդիկ, հատկապես երեխաները: Բայց երեխաները դժվարանում են բացատրել, թե հատկապես ինչ են իրենք զգում: Դե, երբեմն մեծահասակների համար էլ հեշտ չէ բացատրել, որ մարդուց եկող հոտը «ինչ-որ այն չէ…»:
«Ժլատ մարդուց գալիս է առնետի հոտ, ատելություն ունեցողից` մեռելի հոտ»,- մարդկանց հոտերը այսպես է նկարագրել բժիշկ Ստրինբերգը, 20-րդ դար սկզբին: Դժվար է պատկերացնել, թե նա ինչպես է զգացել այդ հոտերը: Բժիշկը, հավանաբար, նկարագրել է այն զգացողությունները, որոնք առաջացել են իր ուղեղի և ենթագիտակցության մեջ: Մարդու հետ առաջին հանդիպման ժամանակ մեզ մոտ նույնպես առաջանում են կերպարներ և զուգորդումներ (ассоциации): Հետագայում դրանք կարող են փոխվել, այդպես էլ է լինում: Կարող է փոխվել տղամարդու «հոտը», ով դավաճանում է: Փոխվում է մարդու հոտը, ով մեզ նախանձում է և գաղտնի վնասում: Փոխվում է մարդու հոտը, ով շուտով մահանալու է: Մեզ համար սիրելի, հաճելի հոտը վերանում է` դառնալով վանող:
Մի կին պատմում էր, որ իր ամուսնու մոտից սկսել էր գալ ֆորմալինի սուր հոտ: Որոշ ժամանակ անց նրանք բաժանվեցին, թեև ամուսինը իրեն մաքուր էր պահում, օգտվում էր օծանելիքից, առողջ էր: Պարզվում է` պատճառը ամուսնու մայրն էր, ում ազդեցությունը որդու վրա չափազանց ուժեղ էր և կործանարար:
Մարդու հետ հանդիպելիս` «հոտոտեք» նրան: Ուշադրություն դարձրեք հենց հոտին, ընդ որում, «հոտ» բառի ոչ թե ֆիզիկական իմաստին, այլ այն կերպարին, որն առաջանում է «անհատական հոտից»: Հնարավոր է, որ կնոջից գա մուրաբայի հոտ, որը եփվել է ամառանոցում, մանկության երջանիկ, արևոտ օրերին: Հնարավոր է նաև, որ առնեք հովազի և էկզոտիկ ծաղիկների հոտ: Թեև, կներեք էլի, մեզանից ո՞վ է հովազից հոտ քաշել: Կարող է պատահել, որ մարդուց փչի տաք մետաղի զայրացած հոտ: Կարող է պատահել նաև` քայքայվածության և տարրալուծման հո՞տ:
Սրանք խիստ անհատական զուգորդումներ են: Շա՜տ անհատական զգացմունքներ: Հոտը նույնպես չափազանց անհատական է. այն չի խեղդվում և ոչ մի օծանելիքի մեջ, թեև որոշ մարդիկ շատ են ջանում: Հարց է առաջանում` նրանք ի՞նչ են փորձում թաքցնել: Ինչո՞ւ են ծպտվում: Դա անիմաստ քողարկում է: Որովհետև մենք, միևնույն է, վայրկենապես զգում ենք` այդ մարդը «մեր»-ն է կամ «օտար», «լավ»-ն է կամ` «վատ»…
Ամեն դեպքում մենք պետք է գիտակցենք «հոտը» և ուշադիր լինենք` չանտեսելու համար կարևոր տեղեկությունները. բաց չթողնենք նրան, ով մեզ պետք է և որոշակի հեռավորություն պահենք նրանից, ով վտանգավոր է կամ օտար…
Աղբյուր` Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանության ծաղկաքաղը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Աննա Կիրյանովա «Խոսիր, որ քեզ տեսնեմ»
Уведомление: Նրանք ուղղակի գալիս են ետևից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ստեղծագործական բաց հավաքին ուղղված նախագիծ | Հռիփսիմե Գալստյանի բլոգ
Уведомление: Գնալ, թե՞ չգնալ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հաճախակի հիշենք նրանց, ում սիրում ենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տնային աշխատանք 25.04.2019 — Ագապե Եիսսաղոլի
Уведомление: Ճիշտ հոտը՝ թալիսման չարի դեմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)