Իմ հուլիս-օգոստոսը
Գիրս սկսում եմ նախորդ տարիների նախաբանով:
Սիրում եմ հուլիս-օգոստոս ամիսները: Հուլիս ամիսը մի տեսակ շաբաթ օրվա զգացողություն է առաջացնում, իսկ օգոստոսը՝ կիրակիի…
Ահա և մենք հինգերորդ անգամ` նույն ամսի նույն օրը հանդիպեցինք: Եվ ես, ինչ խոսք, ուրախ եմ այս հանդիպման համար: Պապս կասեր` լազաթ է, որ խըտ իրուր ենք (իրար հետ): Շնորհակալ եմ և խոնարհումս, սիրելի ընթերցող: Առանց քո գոյության` ուղղակի անիմաստ կլիներ այս ամենը գրելը:
Երկու մեծ ուրախություն ունեցա այս հուլիս-օգոստոսին. տղաս` Արեգը վերադարձավ բանակից և աղջիկս` Լիլիթն ամուսնացավ: Փառքդ շատ, Տեր Աստված, որ արժանացրիր այդ բախտին: Շնորհակալ եմ…
Որքան էլ ամառը լարված և բազմազբաղ անցավ, միևնույնն է, ինձ ոչ մի րոպե չկտրեց ինձնից: Ես էի` իմ մտքերն ու իմ հույզերը. երբեմն` հուզելու աստիճան դրական, հաճախ էլ` վախենալու չափ բացասական…
Անսովոր բան էր կատարվում ինձ հետ: Որքան շուրջբոլորս ավելանում էր դրականն ու ուրախությունը, այնքան իմ ներսում խտանում էր մթամածությունն ու տխրությունը: Ներսի ու դրսի երկվությունը, հակադրություն-հակասությունները բավականին ցավոտ էին, իսկ երբեմն սրվում էին այն աստիճան, որ ինձ հազիվ էի զսպում, որ չնստեմ ու հոնգուր-հոնգուր լաց չլինեմ: Ինչևէ: Սա էլ մի փորձություն էր, որին ոչ միայն պետք էր պատրաստ լինել, այլ նաև դիմանալ` բառիս ամենադրական իմաստով:
Իսկ կյանի հետ հաշտ լինելու համար ապրել է պետք այնպես, ինչպես ուզում ես: Կեր` ինչ ուզում ես, հագնվիր` ինչպես ուզում ես: Երբեք և ոչ մի դեպքում քեզ մի՛ համեմատիր որևէ մեկի հետ և մի՛ մրցիր: Տարբերի՛ր քո կյանքն ուրիշների կյանքից: Պետք չէ ապրել ուրիշի կյանքով, ուրիշի երազանքներով (էս բառը հեչ չեմ սիրում), հանուն ուրիշի կարծիքի և ունեցած կամ ունենալիք վերաբերմունքի, հանուն հասարակության մեջ ընդունված նորմերի: Պե՛տք չէ:
Մի խոսքով` ապրիր քո կյանքը: Եվ այն ապրիր հաճույքով և հավեսով: Ապրիր ուրախությամբ: Փնտրիր և փորձիր ուրախություն գտնել ամեն ինչի մեջ: Նույնիսկ այնտեղ, որտեղ, թվում է` անհնար է գտնել…
Երջանկությունը գյուղի կամ քաղաքի մեջ չէ, փողի կամ հարստության մեջ էլ չէ: Երջակությունն ապրում է մարդու Սրտում: Եթե քո գլուխը հաշտ է ապրում քո սրտի հետ, ուրեմն դու, վաղ թե ուշ, երջանիկ կլինես:
Շուտ եմ ասել` երջանի՛կ եղիր: Իսկ երջանիկ լինելու համար մարդուն, իմ խորին համոզմամբ, հարկավոր է երեք բան.
- ապրել սեփական և ոչ թե ուրիշի Կյանքի օրենքներով
- հասնել Քո կյանքի և ոչ թե ԲՈՒՀ-ի տված Գիտելիքին
- տիրապետել Քո Կյանքի Իմաստությանը և ոչ թե ուրիշինը: Միով բանիվ` ոչ թե և ոչ այնքան կարդալ ուրիշների գրած գրքերն ու մտքերը, այլ ամեն գնով փորձել բացել-կարդալ քո ներսի Գիրքը և գրել քո Գիրը:
Հետգրություն
Ինչ-որ խրատական ստացվեց: Չէի ուզենա, բայց դե, ինչ արած` այս գրի սիրտն էլ այսպես ուզեց, որ գրվի, ինչ կարող եմ անել:
Լուսանկարը` Սմբատ Պետրոսյանի
Կարող եք ծանոթանալ նախորդ տարիների նյութերին`
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2017
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2015
Առաջ Աստված: Կհանդիպենք մյուս տարի` 2020թ.-ի օգոստոսի 18-ին:
Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան
Շնորհակալ եմ Նունե ջան
НравитсяНравится
Ես էլ եմ շնորհակալ:
НравитсяНравится
Уведомление: Կրթահամալիրի՝ իմ կյանքում ունեցած բացառիկ դերակատարման մասին — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)