Որոշեցի ավանդույթը չխախտել, և ուղիղ մեկ տարի առաջ` օգոստոսի 17-ին գրված «Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2015»-ը այս տարի ևս շարունակել:
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016
Սիրում եմ հուլիս-օգոստոս ամիսները: Հուլիս ամիսը մի տեսակ շաբաթ օրվա զգացողություն է առաջացնում, իսկ օգոստոսը՝ կիրակիի: Հուլիս-օգոստոսը սիրում եմ, որովհետև աշխատելու-հանգստանալու, ճամփորդելու-հիանալու ամենալավ ու ամենահարմար ամիսներն են:
Աշխատել-հանգստանալ
«Ինչ որ մարդն անում է, նա այնպիսին է»,-ասում է Հեգելը: Մեր Հեգելի կարծիքով, մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ «իր սեփական աշխատանքի արդյունք»: Ընդ որում, Հեգելը գիտեր և ընդունում էր աշխատանքի միայն մեկ տեսակ, այն է վերացական-հոգևոր աշխատանքը: Միանգամայն համակարծիք եմ Հեգելի հետ, այդ իսկ պատճառով թվերի ու փաստերի տեսքով ներկայացնելու եմ միայն վերացական-հոգևորը, ասել է թե` մտավոր գործունեության արդյունքները:
Խմբային գործունեություն
«Գրապտույտ» (22 ), «Ֆիլմադարան» (8 նյութ), «Կանթեղ» (8 նյութ), «Շողակն» (2 նյութ), «Առականի» (0 նյութ) նախագծերը, հունիսի 17-ից օգոստոսի 17-ը, միասին թողարկել են 40 նյութ:
Անհատական գործունեություն
«Հայկական կակաչը» հունիսի 17-ից օգոստոսի 17-ը գրանցել է 40 թողարկում: Այդ թողարկումների մի մասը պատումներ են ճամփորդությունների մասին: Մի մասը թարգմանություններ են, մյուս մասը` մանկավարժական ինչ-ինչ գրառումներ:
Հա, ի դեպ, բլոգի հետ կապված: Կազմակերպությունը, ում տարեկան որոշակի գումար եմ վճարում դոմեյն տրամադրելու համար, հանդես է եկել առաջարկություններով: Հաշվի առնելով այն փաստը, որ «Հայկական կակաչ» վեբ կայքը համացանցում կայուն ակտիվ է, բունուս է ստացել` իրավունք ունենալով օգտվելու զեղչային համակարգից: Երկրորդ առաջարկը հետևյալն է` վիրտուալ տիրույթի առանձնահատկությունը ընդգծելու համար առաջարկվում է դոմեյնի փոփոխություն: Ասենք` com-ի փոխարեն նորը` me, ne կամ այլ բան: Առայժմ մտածում եմ, հասցեի հետ կապված փոփոխություն լինելու դեպքում` կտեղեկացնեմ:
Ճամփորդել-հիանալ
Դեպքեր, իրադարձություններ
Թեև երևանյան հայտնի իրադարձությունները օրեր շարունակ, շատերի նման ինձ էլ լարվածության մեջ պահեցին, բայց պիտի ասեմ, որ որևէ դրական տեղաշարժ չեղավ իմ մտածելակերպում: Ընդհակառակը` էլ ավելի խորացավ հիասթափությունս: Մեկ անգամ ևս փաստեցի, որ հայերս շարունակում ենք մնալ զգացական, մակերեսային, և, որ ամենավատն է` չարացած մարդիկ:
Լա՛վ, ասենք` ներսից խարխլեցինք առանց այն էլ խախուտ այս պետության հիմքերը ու ամեն գնով հասանք իշխանափոխության: Հետո՞: Եթե դուք տեսնում եք քաղաքական այն ուժին, որին կարելի է վստահել, ինչ ասեմ, երանի ձեր աչքերին: Հակառակ թևում, ատելությունից, թույնից ու թշնամանքից բացի, ես այլ բան, ցավոք, այս պահին չեմ տեսնում:
Հա՛, ես խորին համակրանք ունեմ «Սասնա ծռերի» հանդեպ, բայց իրենք իմ հերոսները չեն: Զենքի միջոցով հարցեր լուծողների հանդեպ երբևէ հիացական վերաբերմունք չեմ ունեցել և չունեմ: Ու, եթե հասկանում եմ նրանց, ովքեր հերոսացնում են «Սասնա ծռերի» արարքը, ապա կտրականապես հրաժարվում եմ հասկանալ նրանց, ովքեր ուրախանում են երեք ոստիկանների մահով:
Ինձ համար Մարդը եղել և մնում է գերակա արժեք. որևէ պատճառաբանությամբ որևէ ոտնձգություն որևէ մեկի կյանքի հանդեպ միանշանակ կերպով համարում եմ անընդունելի ու անթույլատրելի: Ու հարցն այս քննարկման ենթակա չէ:
Հիմա էլ համացանցի հիթ է դառել հողերի հետ կապված խոսակցությունները: Բոլորը դիվանագետներ են, ռազմահայրենասերներ, իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ինչ-ինչ ուղերձներով և կոչերով, տեղի-անտեղի բորբոքվում են ու բորբոքում կրքեր: Մինչդեռ խոսքը, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան հողեր հանձնելու (չմոռանանք, որ հայերն էլ հողեր ունեն Ադրբեջանին անցած), որքան սահմանները ճշտելու, չափ ու ձև անելու մասին է: Ու, եթե այդ չափագրումներից է կախված թեկուզ մեկ հայ զինվորի կյանք, ես առանց վարանելու ասում եմ` այո:
Թե՞ արյան գնով հողեր ենք ուզում ունենալ, բայց չօգտագործել` թողնելով անմշակ ու անջրդի. «տուն ա, թող ըլի, մի օր պետք կգա» հայավարի հոգեբանությամբ:
Ախր, ոնց չենք հասկանում, որ հողը մարդուն պետք է ապրելու ու երկիրը շենացնելու, ոչ թե առնել-պահելու կամ էլ թաղվելու համար: Ամեն հատիկ հայ Հայաստանից հեռանալով` հետը տանում է իր բաժին հողը: Սրանից մեծ կորո՞ւստ:
Հա, մի բան էլ ու վերջացնում եմ: Գիտե՞ք` որն է մեր ու մեր հարևանների տարբերությունը. էն որ մենք հա՛ խոսում ենք ու խոսում, իսկ իրենք խոսելու փոխարեն գործո՛ւմ են:
Ամփոփում
Այսպիսով` խմբային և անհատական գործունեության արդյունքում գրանցվել է 80 թողարկում, որից mskh է թողարկվել 58-ը:
Փաստորեն այն, ինչը որ այս ամառվա համար ազատ-անհատական պլանով նախատեսել էի, իրականացվել է: Դուք` չգիտեմ, ես դժգոհ չեմ արդյունքներից:
Վերջաբան-խոստովանություն
Ուսումնական այսպիսի ամառ ունենալու համար, նախ և առաջ, պարտական եմ երկու երևույթի` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին և Աշոտ Բլեյանին:
Հերթական անգամ ու ամենայն սիրով ասում եմ` շնորհակալություն:
Միշտ Ձեր` Նունե
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2017 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2019 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կրթահամալիրի՝ իմ կյանքում ունեցած բացառիկ դերակատարման մասին — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)