Իմ հուլիս-օգոստոսը կամ բացահայտումներ
Հենց սկզբից ասեմ` բավականին բարդ, չափազանց լարված ամիսներ էին: Իմ հուլիս-օգոստոսը, ըստ էության, անցավ Մուրացանի զինվորական հոսպիտալ— «Վիքմեդ» բժշկական կլինիկա ճամփեքին` տեղ-տեղ «ապահովելով» լարվածության թունդ չափաբաժին: Միով բանիվ` ղայդին թեժ ամառ ունեցա:
Հուլիսը սկսվեց որդուս բանակ զորակոչով: Ինչքան էլ նախօրոք ջանացել էի, իմ արևին իբր նախապատրաստվել էի, միևնո՛ւյնն է, ոչինչ չօգնեց. որդուս բանակ ճանապարհեցի սրտի դողով: Չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան փխրուն և խոցելի կդառնամ և եմ…
Հուլիս ամիսն ավարտվեց աղջկաս վիրահատությամբ` հետվիրահատական հայտնի և անհայտ բարդությունների մի լավ փնջով: Ինչպես աղջիկս կասեր` եզակի, օրիգինալ ապուշություններով: Ահավոր էր…
Այս ամառ կորցրի հարազատներիցս մեկին: Մեկը, ում ապրած կյանքն արժանի է հարգանքի և խոնարհումի: Երիտասարդ մեկը, ով հասցրեց իր բաժին կյանքն ապրել լիաբուռ և ամբողջությամբ. չորս զավակ ունեցավ, տուն կառուցեց, այգի գցեց, գնդապետի կոչում ստացավ և, որ ամենադժվարն էր` շարունակաբար Մարդ մնաց…
Հոգեբանական նման թեժ միջավայրում լեռնային քամու զովության արժեք ստացան «Լապտեր» պատանեկան հանդեսը և «Հայկական կակաչը» կայքը: Երկուսն էլ աշխատեցին կանոնավոր կերպով, առանց ընդհատման` ապահովելով շարունակականություն:
Էս ամենի մեջ, բնականաբար, հայտնագործումներ էլ եղան: Ինձ համար մեկ անգամ ևս բացահայտեցի մարդուն, եկող սերնդին, սփյուռքահայի կարգավիճակում հայտնված հայաստանցուն, Երևանն ու Վարդենիսը: Մանրամասները` ստորև.
Բացահայտում առաջին. Երևան, Ձորափի փողոց
Ես ծնվել եմ Երևանում, սիրել և սիրաթափվել եմ Երևանում, կարոտել և սպասել եմ Երևանում, իմ կյանքը ապրել և ապրում եմ Երևանում: Սիրում եմ քայլել Երևանի փողոցներով: Առանձնակի սիրով և ջերմությամբ եմ նայում Երևանի հին շենքերին, հայացքս արագ փախցնում եմ նորակառույց բազմահարկ և անճաշակ շենքերից, ռեստորաններից և սրճարաններից: Փախչում եմ` մտքում ներողություն խնդրելով.
Երևան, ինձ ներիր, ինձ ներիր, Երևան,
Որ թողած սրբատաշ հրաշքներն այս քարի,
Որոնեմ այն մայթերն ու փոշին Նաիրյան,
Որ Չարենցն է երգել ու երգել Մահարին:
Սիրում եմ զրուցել Երևանի ծառերի հետ, հատկապես շատ եմ սիրում Աբովյան փողոցի ծառերը: Ու պատկերացրեք իմ հուզմունքը, երբ պատահաբար հանդիպեցի այս բանաստեղծությանը:
Աբովեան փողոցի ծառերին
Տաստըվեցամեայ աղջիկների պէս
Նրանք պայծառ են, նրանք՝ անուշ,
Յաճախ նրանց հետ զրուցում եմ ես,
Լսում են նրանք ու գլխով անում։
Գիտէ՞ք, ասում եմ, ձեզ հետ միասին
Ես էլ տնկեցի իմ երգի ծառը,
Ձեզ հետ բարձրացաւ եւ իմ աքասին,
Ձեզ նման նա էլ թարմ ու պայծառ է։
Յետոյ ասում եմ, դուք դեռ կʼերկարէք,
Կը դառնաք վեհ ու սաղարախիտ,
Ձեր շուրջը ուրիշ ոտներ կը պարեն,
Ուրիշ սէր կը լինի, ուրիշ թախիծ։
Դուք դեռ այնքան շատ տարիներ ունէք…
Քամին կը տանի ձեր նոր հունտերը,
Կը փոխւի ջուրը, կը փոխւին հունտերն,
Բայց ձեզ կը սիրեն նոր սերունդները։
Ժպտում են նրանք թարմ ու լիասիրտ,
Ու ես, նրանց հետ, սրտով պայծառ եմ
— Գիտէ՞ք, անուշնե՛ր, ձեզ հետ միասին
Ես էլ տնկեցի երգերիս ծառը։
Գուրգեն Մահարի «Մրգահաս»
Այս ընթացքում ես բացահայտեցի Երևանի մի սիրուն փողոց: Խոսքը Ձորափի փողոցի մասին է: Այս գողտրիկ փողոցը ձգվում է Հրազդան գետի կիրճին զուգահեռ: Կիրճի բնատուր հմայքը աղավաղող նորակառույցերը չնկատելու դեպքում, որպես փողոց-ճանապարհ, Երևանի Ձորափի փողոցը, ըստ իս, չքնաղ է ու եզակի: Սիրեցի:
Բացահայտում երկրորդ. հայաստանցին` սփյուռքահայ
Այնպես ստացվեց, որ սփյուռքահայ ուսուցիչներին, Գայանե Թերզյանի միջնորդությամբ, պատիվ ունեցա ներկայացնելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձը: Կարծում եմ` սեմինարը արդյունավետ անցավ, համենայն դեպս, Գայանեի օգնությամբ կարողացանք հետաքրքրություն առաջացնել մեր կրթահամալիրում կուտակված փորձի հանդեպ այս աստիճան, որ մյուս տարի, հնարավոր է, որ կրթահամալիր այցելությունը և տեղում ծանոթությունը ներառվի ԿԳՆ-ի այս ծրագրում: Բայց կար մի բան, որն ինձ տխրեցրեց և շատ տխրեցրեց: Ցավով պարզեցի, որ սփյուռքահայ ուսուցիչների գերակշիռ մասը նախկին հայաստանցիներ են:
Բացահայտում երրորդ. մարդու ուղեղը` գերճշգրիտ բիոհամակարգիչ
Գիտենալը` գիտեի, բայց որ բնության ուժերը կարող են այդկերպ աշխատե՜լ…: Մարդու ուղեղը ահռելի, աներևակայելի կարողությամբ օժտված գերճշգրիտ բիոհամակարգիչ է, որը և՛ քոնն է, և՛ քոնը չէ: Քոնն է այնքանով, որքանով քո մարմնի մի մասն է, բայց և քոնը չէ, որովհետև այն քեզնից դուրս մի բան է: Էս մեկը հաստատ: Պետք է ուղղակի անհրաժեշտ ծրագրեր ներբեռնել և համապատասխան հրահանգներ տալ, և այդ ամենակարող մեխանիզմը կսկսի աշխատել քո ուզածով` քեզ համար: Մնացածը քո գործը չէ, շարունակությունը իր ճամփան կհարթի ինքնիրեն` անխափան և գերդիպուկ: Միայն թե պետք չէ խորամանկության դիմել` փորձելով ուղեղին խաբել: Չի՛ ստացվի: Ամենադժվարը սեփական ուղեղը հասանելի դարձնելն է, ամենաբարդը սեփական սրտի ասածը լսելն է, իսկ ամենակարևորը` այս երկուսի տիրույթում հայտնվելն է: Այ սա՛ է խնդիրը: Այ սա՛ եմ ես համարում բարձրագույն, եթե կուզեք` էլիտար կրթություն: Մնացածը, ինչպես կոշեցին կասեր` ղարադան բաներ են:
Բացահայտում չորրորդ. երանի՜ քեզ, իմ երիտասարդ բարեկամ
Այնպես ստացվեց, որ իմ զավակների ընկեր-ընկերուհիների` ամենատարբեր ճաշակների դեռահասների հետ շփումը այս ամիսներին մեծացավ: Ու գիտե՞ք` ինձ ինչը զարմացեց. նրանց հասունությունը: Նրանք` իմ, քո զավակները, իրենց խակ փորձով ինձնից ու քեզնից մի քանի գլուխ առավել են ու շատ ավելին են հասկանում կյանքից ու մարդկանցից, քան մենք կարծում ենք: Ավելի գործնական են, լավատես ու ճկուն, քան ես ու դու: Ավելի համարձակ են, քան դու ու ես: Ավելի կամային են ու համառ, ստեղծված իրավիճակն էլ ավելի բազմակողմանի ու ճիշտ են գնահատում, քան մեր սերունդը: Մի խոսքով` իմ ու քո զավակներն ավելի ավելին են ( և դա, ինչ խոսք, հրաշալի է), քան ես ու դու: Թումանյանը կասեր` Երանի՜ Ձեզ, իմ երիտասարդ բարեկամ:
Բացահայտում հինգերորդ. Սոթք, «Զարմանք» խաչքար
Թվում է`տեսած մեկն ես. տեսել ես Նորավանքի, Դադիվանքի խաչքարերը, Հաղպատի «Ամենափրկիչը», Դսեղի «Սիրուն խաչը», Գոշավանքի` վարպետ Պողոսի ասեղնագործ խաչքարը, Վանի ս. Խաչի և Վարագավանքի խաչերը ու լոռեցու միամտությամբ մտածում ես` հազիվ թե գտնվի էլի մեկը, որի առաջ կախարդված կանգնես ու հայիլ-մայիլ լինես: Բայց չէ…: Պարզվում է` Վարդենիսի Սոթք գյուղում է գտնվում հայտնի «Զարմանք» կոչվող հին խաչքարը, որը տեսնելիս չես կարողանում չզարմանալ: Ցավոք, գալուց հետո միայն պարզեցի, որ այդ խաչքարի մասին հայալեզու համացանցը լռում է` ասելու և ցուցադրելու ոչինչ չունի: Խոստանում եմ` մյուս անգամ անպայման կլուսանկարեմ ու ձեզ ցույց կտամ, որ Դուք էլ զարմանաք ու հիանաք այդ անձեռակերտ հրաշքով:
Սրանք էլ նախորդ տարիների գրառումները.
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016
Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2015
Առաջ Աստված: Կհանդիպենք մյուս տարի` 2018թ.-ի օգոստոսի 18-ին:
Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան
Уведомление: Ամառային ուսումնական աշխատանք — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Զարմանք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2019 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կրթահամալիրի՝ իմ կյանքում ունեցած բացառիկ դերակատարման մասին — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)