
Գեորգ Վիլհեմ Ֆրիդրիխ Հեգելը ծնվել է 1770 թ.-ի օգոստոսի 27-ին:
Հավանաբար քչերին է հայտնի այն փաստը, որ Գեորգ Հեգելը եղել է մանկավարժ, ունեցել է երեսունից ավել տարիների մանկավարժական աշխատանքի փորձ. 7 տարի աշխատել է տնային ուսուցիչ, 8 տարի՝ ուսուցիչ և գիմնազիայի տնօրեն, 15 տարի միայն որպես ուսուցիչ, իսկ կյանքի վերջին տարիներին զբաղեցրել է Բեռլինի համալսարանի ռեկտորի պաշտոնը:
Դեռ փոքրուց աչքի էր ընկնում և տարբերվում իր ընկերներից: Նա լուրջ էր, համբերատար, հետաքրքրասեր, կարգապահ, ճշտապահ, ազնիվ, լայնախոհ, վերլուծական և խորքային մտածողություն ուներ: 1788 թ. Հեգելը ընդունվում է ինստիտուտ և երկու տարի անց՝ 18 տարեկանում, ստանում փիլիսոփայության մագիստրոսի կոչում: Ինստիտուտն ավարտելուց հետո անցնում է տնային ուսուցչության, իսկ 1808թ-ից սկսում է աշխատել գիմնազիայի տնօրեն և ուսուցիչ: 1818թ ստանում է փիլիսոփայության պրոֆեսորի կոչում՝ ստանձնելով Բեռլինի համալսարանի ռեկտորի պաշտոնը: 1881թ. Շելլինգի հետ հրատարակում է «Փիլիսոփայության քննադատության ամսագիրը», ուր լույս է տեսնում Հեգելի «Ոգու ֆենոմենոլոգիան»: Սա, ըստ էության, Հեգելի փիլիսոփայության հենքն է: «Ոգու ֆենոմենոլոգիան» ուսուցչի համար, կարծում եմ, անփոխարինելի ձեռնարկ է, այն գիրք է մանկավարժության, ինչպես նաև՝ հոգևոր գիտելիքների, գոյաբանության և մեթոդաբանության մասին:
Հեգելը մահկանացուն կնքել է 1831 թ. նոյեմբերի 14-ին:
Հեգելը համեստ, բարեհոգի մարդ էր, զերծ մարդկային, թերևս, ամենազազրելի արատներից մեկից՝ նախանձից: Ահա, թե ինչ է գրում Հեգելն իր ընկերոջը՝ Շելլինգին. «Քո հրապարակային հաջողություններին ես հետևում եմ հիացմունքով ու մեծ ուրախությամբ: Իմ շրջապատի բոլոր մարդկանցից դու միակն ես, ում ազդեցությունը ես կրում եմ: Քեզ ինձ ընկեր եմ համարում, որովհետև դու մարդուն ընկալում ես որպես մաքրություն ու հոգի»:
Հեգելը, ժամանակակիցների վկայությամբ, արտաքինի և ներքինի բացառիկ ամբողջականություն էր: Սակայն ներդաշնակ այդ մարդը շատ լավ էր հասկանում, որ մարդկային կյանքը կազմված է ոչ միայն հոգևոր, այլև նյութական աշխարհից, ոչ միայն անձնական, այլև հասարակական կյանքից, ոչ միայն հողեղեն է, այլև՝ տիեզերական: Նրա խոսքը դանդաղ էր, բազմազան: Լեզվի միտքը կատարյալ էր: Միտքը և արտահայտչաձևերը միասնական էին: Արտահայտման ոճը թեթևակի լարված էր, բայց և՝ ակնհայտ ներքին կենտրոնացում ուներ: Հոգևոր զարգացումը ազատ էր, բայց և խստորեն ղեկավարվում էր մտքով: Իսկ հոգևոր զարգացման ու մտքի վրա գերիշխում էր ոգին:
Մանկավարժության պատմության մեջ հենց Հեգելն է համարվում մարդասիրական մանկավարժության հիմնադիրը: Հեգելի մանկավարժության համար առանցքային է երեխայի նկատմամբ որևէ բռության բացառումը: Հեգելի համոզմամբ՝ «Ամենաանբարոյականը վերաբերմունքների մեջ՝ երեխաներին ինչպես ստրուկներին վերաբերելն է»: Երեխան կարող է զարգանալ միայն ազատ մթնոլորտում: Բայց ազատությունը ինքնանպատակ չպետք է լինի, այն հարկավոր է, որպեսզի ձևավորի ազատ կամք, հակառակ դեպքում «միտքը կարող է ձևավորվել առանց սրտի, իսկ սիրտը` առանց մտքի», ասել է թե՝ ազատությունն առանց ազատ կամքի կարող է ծնել «միակողմանի անխոհեմ սրտեր և անսիրտ ուղեղներ»:
Հեգելի պնդմամբ՝ «Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն` ազատ կամքով էակ»: Իսկ ի՞նչ ասել է կամք և ինչպես է այն արտահայտվում առօրյայում: Հեգելի կարծիքով՝ կամքի բանականությունը դրսևորվում է բարոյականությամբ: Ընդ որում, մարդը բարոյական և առաքինի է ոչ թե, երբ ինչ-որ բարոյական արարք է գործում, այլ միայն այն դեպքում, երբ նման վարքագիծը բնավորության մշտական գիծ է: Անբարոյական է այն արարքը, որն արվում է պատժից վախենալով կամ ուրիշների մոտ քո վերաբերյալ լավ տպավորություն ստեղծելու համար: Քանի որ կոպտությունը, ագահությունը, անարդարությունը չարիք են, մարդն առաջին հերթին պիտի ձգտի ազատվել դրանցից, հակառակ դեպքում նա ունակ չէ բարոյականության: Իսկ ի՞նչ է հարկավոր, որպեսզի ազատ կամքով էակի համար առաքինությունը դառնա բնավորության մշտական գիծ: Ճանապարհը մեկն է՝ ոգու գիտակցումը: Այ, երբ որ ազատ կամք ունեցող էակը հոգևոր զարգացման ճանապարհին հանդիպում, ապա նաև ճանաչում ու ընդունում է Բացարձակ Ոգու ֆենոմենը, ահա այդ դեպքում է միայն նա կարողանում դառնալ բարոյական և առաքինի: Եվ, որպեսզի տեղի ունենա անհատի և Ոգու հանդիպումը, նախ հարկավոր է, որ մարդու մոտ ձևավորվի ու զարգանա տրամաբանությունը:
Ըստ Հեգելի՝ տրամաբանության առարկան բացարձակ գաղափարն է՝ որպես ինքնազարգացող հասկացությունների համակարգ։ Այն գիտություն է մտածողության, հասկացությունների և օրենքների մասին։ Ընդ որում, հասկացություններն անընդհատ շարժման ու զարգացման մեջ են, իսկ շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև:
Ըստ Հեգելի, գիտելիքի արտահայտչաձևերը երեքն են՝ արվեստ, կրոն և փիլիսոփայություն։ Գիտելիքի այս երեք ձևերի առարկան նույնն է՝ բացարձակը՝ Աստված: Իմացողությունը, մտածողությունը մարդկային կյանքի և անմահության արմատն է:
Նրա ղեկավարած գիմնազիան եռաստիճան էր՝ ուներ կրտսեր, միջին և ավագ դասարաններ: Կրտսեր դասարաններում անցնում էին տրամաբանություն, նախատեսվում էր դասընթաց իրավունքների և պարտականությունների մասին, միջին դասարաններում դասավանդվում էր տիեզերագիտություն և բնական աստվածաբանություն (естественная теология), իսկ արդեն ավագ դասարաններում՝ հոգեբանություն և բարոյագիտություն: Կար նաև «Փիլիսոփայության հանրագիտարան» կոչվող առարկա, որը մեկտեղում էր մինչ այդ՝ փիլիսոփայությունից անցած բոլոր դասընթացները: Հեգելը կարևորում էր նաև քերականության ուսուցումը, համարելով, որ քերականությունը յուրօրինակ փիլիսոփայություն է՝ տրամաբանական մտածողության և հոգևորի սկզբնաղբյուր: Հենց այդ պատճառով է՝ քերականությունը, ըստ Հեգելի, շարունակում մնալ կրթության ազնվագույն միջոց: Բացի թվարկված առարկաներից, գիմնազիայում անցնում էին նաև՝ կրոն, գերմաներեն լեզու, թվաբանություն, երկրաչափություն, աշխարհագրություն, պատմություն, բնության և ֆիզիկայի պատմություն, ֆրանսերեն, նկարչություն, գեղագրություն (каллиграфия):
Ընդ որում, նոր ուսումնական պլանները միտված էին մարդասիրության գործնական իրականացմանը: Դաստիարակության հիմնական սկզբունքներն էին՝ ճշմարիտ մտածողության, բարոյական (ներքին) մաքրության ու գեղեցիկի նկատմամբ ճաշակի ձևավորումն ու զարգացումը, կամքի ազատությունը, սեփական մտածողության զարգացման շնորհիվ Աստվածային Ոգու հետ հաղորդակցումը, քանզի մարդասիրական՝ առաքինի և բարոյական է միայն աստվածայինը: Մեծ հաշվով, մարդասիրական մանկավարժության հիմնաքարը մարդու հոգևոր զարգացումն է և նրա՝ առ Աստված ունեցած կապը: Ըստ Հեգելի գաղափարախոսության, մարդն իր հոգին Աստծո օգնությամբ պետք է ձգտի դրախտ դարձնել: Նրա կարծիքով՝ «Կա մարդու ներքին ազատություն, որը բարձր է գաղափարախոսությունից և կուսակցությունից: Չարությունը ծնվում է անազատությունից, իսկ ներքին ազատությունն Աստծո տվածն է ամեն մարդու ներսում»:
Հետգրություն
Մեր ժամանակներում Հեգելի մարդասիրական մանկավարժությունը փորձում է շարունակել Շալվա Ամոնաշվիլին՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով կրկնակի քննադատության թիրախում: Մի կողմից նրան քննադատում են մանկավարժության մեջ Աստծո գաղափարը շահարկելու համար, մյուս կողմից՝ քրիստոնեական գաղափարախոսությանից շեղվելու և Ոգուն տուրք տալու համար:
Օգտագործված գրականություն
Гегель. Феноменология духа
В.И. Мурашов, Гегель: философ-педагог
Валерий Суханов, Гегель и педагогика
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Կարող եք ծանոթանալ նաև՝ Գեորգ Հեգելի փիլիսոփայական հայացքները
Уведомление: Տոլստոյի մանկավարժական հայացքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեգելն ու մենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մարդը՝ սեփական աշխատանքի արդյունք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեգել «Մարդն իր արարքների շարքն է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գեորգ Հեգել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)