Հեգելն ու մենք

mskhԻմ լավ կրթահամալիր, (Հեգելը մի քիչ թող սպասի), նախ շնորհավորում եմ 25 ամյակդ, սիրելի՛ս: Քեզ մաղթում եմ թռիչք՝ մտքի, սրտի, հավեսի  ճախրանք:

Ամենից ինչից առաջ և հետո՝ շնորհակալ ենք քո տված ազատության համար: Ազատություն ասեցի թե չէ, Հեգելը միտքս եկավ: Հեգել ջան, արի՛, պետք ես:

Հեգելի մանկավարժության համար առանցքային է երեխայի նկատմամբ որևէ բռության բացառումը:

Հեգելի համոզմամբ՝  ամենաանբարոյականը վերաբերմունքների մեջ՝ երեխաներին ինչպես ստրուկներին վերաբերելն է:

Հա՛, հենց էլ լավ ենք անում, որ երեխաներին ազատություն ենք տալիս: Հա՛, հենց էլ սրտովս է, որ նրանց անբարոյականի նման որպես ստրուկների չենք վերաբերում: Երեխան աստվածատուր էակ է, և մենք՝ ոչ ծնողը, առավել ևս՝ ոչ դասավանդողը, իրավունք չունենք որևէ տիպի բռնություն գործադրել: Երեխան պետք է զարգանա ազատ մթնոլորտում, բայց…:

Լսե՛նք Հեգելին: «Երեխան կարող է զարգանալ միայն ազատ մթնոլորտում: Բայց ազատությունը ինքնանպատակ չպետք է լինի, այն հարկավոր է, որպեսզի ձևավորի ազատ կամք»:

Իսկ, եթե ազատություն տանք՝  առանց ազատ կամքի ձևավորմա՞ն:

Հակառակ դեպքում, զգուշացնում է Հեգելը, միտքը կարող է ձևավորվել առանց սրտի, իսկ սիրտը` առանց մտքի, ասել է թե՝ ազատությունն առանց ազատ կամքի կարող է ծնել  «միակողմանի անխոհեմ սրտեր և անսիրտ ուղեղներ»:

Ասո՜ւմ ես էլի, ա՛յ Հեգել, դե՛ արի ու ազատ կամք ձևավորիր, էդ ո՞նց:

Հեգելը էստեղ չդիմացավ.

-Էդ մեկն էլ դուք մտածեք:

Ճարներս ինչ, մտածե՛ նք…

Ուսումնական տարվա սկզբին իմ դասավանդած չորս՝ 9.1, 8.1, 8.2, 8.3 դասարաններում բարձրաձայնեցի՝ նախկինի նման տնային աշխատանք, որպես այդպիսին, չի լինելու: Էլեկտրոնային հասցեներին ոչինչ չեմ ուղարկելու (ու շարունակում եմ չուղարկել): Դասարանում պարտավոր եք անել միայն սովորողին անհրաժեշտ նվազագույն պարտադիր մասը միայն, մնացածը՝  ըստ ցանկության: Դուք եք որոշողը. կուզենաք՝  կանեք, չեք ուզենա՝ չեք անի:

Ասե՛ք, որ ռիսկի գործոնը մեծ է: Հա՛, ճիշտ եք, ես էլ սկզբում այդ մտավախությունը ունեի. բա որ չուզենա՞ն անել…

Ամբողջ սեպտեմբեր ամիսը սովորողները կատարեցին Պետական չափորոշիչով ամրագրված նվազագույն պարտադիր մասը՝ որոշակի քանակությամբ քերականական վարժություններ և գրականագիտական առաջադրանքներ: Կատարեցին ու իրենց կատարած աշխատանքի դիմաց ստացան համապատասխան գնահատականը՝ 6 միավոր:

Գնահատման առաջին մակարդակ՝ 4-6 միավոր (սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք)

  • Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում. շաբաթական տասը հատ

Ստացան ու սկսեցին դժգոհել ու ձանձրանալ: Շատ էլ լավ արեցին: Ոնց որ թե մի ամբողջ ամիս համբերատար ես դրան էի սպասում: (Հեգելը կասեր՝ «բանականության խորամանկություն»…):

Ճիշտ այնպես, ինչպես համակարգչային խաղերում. առաջին մակարդակն անցնելուց հետո խաղը սկսում է էլ ավելի գրավել, ուզում ես առաջ անցնել, նույն տեղում մնալը ձանձրալի է:

Դե՛, որ չեք ուզում մնալ նույն տեղում (միայն իմանաք՝ ես ո՜նց չեմ ուզում) եկեք «խաղանք»՝  անցում կատարելով գործողությունների կատարման երկրորդ մակարդակ: Միասին բացենք գնահատման կարգն ու կարդանք:

Գնահատման երկրորդ մակարդակ՝ 7-8 միավոր (սովորողի ոչ պարտադիր ուսումնական աշխատանք)

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`

  • լրատվություն, կայքի, բլոգի  համար նյութի ստեղծում
  • ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ
  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • գրական ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն

Սեպտեմբեր ամսվա ընթացքում երկու շաբաթը մեկ, հոկտեմբերից սկսած՝ շաբաթը մեկ անգամ՝ ամեն երկուշաբթի (ներառյալ նաև՝ աշնանային արձակուրդը), սովորողները բաց, հրապարակային ներկայացնում են շաբաթվա ընթացքում կատարած իրենց աշխատանքը:  Ոչ միայն ներկայացնում են, այլև գնահատում են իրենք իրենց՝  Միջին դպրոցի գնահատման մատյանում դնելով կատարած աշխատանքին համապատասխան գնահատանիշ:

Ի դեպ, այս գնահատման համակարգի ամենամեծ առավելությունը, իմ կարծիքով, այն է, որ համակարգը «պարտադրում» է գնահատել ոչ թե սովորողի ընդունակությունները, այլ կատարած աշխատանքը:

Սովորողները կարդում-թարգմանում-վերլուծում են այն, ինչ ուզում են: Որևէ պարտադրանք, որևէ միջամտություն իմ կողմից չկա: Սովորողի գործն է նաև՝ ինչպիսի նախագիծ սկսել, ու շատ հնարավոր է, որ այդ նախագծերը իմ հետաքրքությունների սահմանում չտեղավորվեն: Հետո ի՞նչ:  Իսկ ով ասաց, որ դրանք պարտադիր կերպով դասավանդողի սրտով ու կամքով պիտի լինեն: Էդ ինչի ո՞ր:

Ոչ միայն չեմ խանգարում, այլև սիրով ու պատրաստակամ օգնում եմ:

Մի լավ խումբ սովորողներ սկսել են և կարծում եմ՝ հաջողությամբ կիրականացնեն «Բլոգավարությունը՝ ինքնակրթության միջոց» նախագիծը (ես որ ոգևորված եմ):

Տիգրան Աբրահամյանը իր ընկերների հետ «Առականի» թարգմանական բլոգ է ստեղծում, բա վա՞տ է, Շուշան Եփրիկյանը դասընկերոջ՝ Լևոնի հետ, դեռահասների համար ֆիլմադարան է ստեղծում, իհարկե՛ լավ է, Արփի Չոբանյանը «Բարբառահեքիաթ» նախագիծն է առաջարկում, դրանից էլ համով բա՞ն, Իսկանյան Հուրին չի ուզում կորցնել իր իմացած արաբերենը և այդ լեզվից թարգմանություններ է անում, հրաշալի՛ է, Էմիլյա Սիմոնյանն ու Աննա Հարությունյանն էլ որոշել են օտարալեզու մանկական գրականությունից թարգմանություններ անել և այլն, և այլն:

Ընդ որում, նախագծեր իրականացնող սովորողները դասարանական պարտադիր աշխատանքն ավարտելուց հետո կարող են և աշխատում են իրենց նախագծերի վրա՝  աշխատանքի միջավայր ընտրելով ոչ դասասենյակը:

Իսկ նրանք, ովքեր համառորեն դեռ չեն կողմնորոշվել՝ ինչ թարգմանել կամ ինչ նախագիծ սկսել, կարող են օգտվել այլընտրանքային տարբերակից՝  «Լրացուցիչ փաթեթից»: Ի դեպ, նման տիպի միջանկյալ փաթեթի ստեղծման առաջարկը եղել է սովորողների կողմից:

Եղած ռիթմը պահելու և շարունակական զարգացնելու դեպքում՝ սովորողների մի մեծ խումբ կարող է առանց լարումի անցում կատարել աշխատանքի երրորդ՝  ամենաբարձր գնահատվող աշխատանքի՝  ինքնակրթության մակարդակ:

Է՞լ… Հա՛, Հեգել ջան, հիմա օգնիր, խնդրում եմ, հասկանալ՝ ինչպե՞ս կամքը արտահայտվում առօրյայում: Հեգելի կարծիքով՝ կամքի բանականությունը դրսևորվում  է բարոյականությամբ: Ընդ  որում, մարդը բարոյական և առաքինի է ոչ թե, երբ ինչ-որ բարոյական արարք է գործում, այլ միայն այն դեպքում, երբ նման վարքագիծը բնավորության մշտական գիծ է: Անբարոյական է այն արարքը, որն արվում է պատժից վախենալով կամ ուրիշների մոտ քո մասին լավ տպավորություն ստեղծելու համար: Իսկ ի՞նչ է հարկավոր, որպեսզի ազատ կամքով էակի համար առաքինությունը դառնա բնավորության մշտական գիծ: Ճանապարհը մեկն է՝  ոգու գիտակցումը: Այ, երբ որ  ազատ կամք ունեցող էակը, ըստ Հեգելի, հոգևոր զարգացման ճանապարհին հանդիպում, ապա նաև ճանաչում ու ընդունում  է Բացարձակ Ոգու ֆենոմենը, ահա այդ դեպքում է միայն նա կարողանում դառնալ բարոյական և առաքինի:

Իսկ ի՞նչ ասել է Բացարձակ Ոգու ֆենոմեն: Այն (ինչքանով, որ ես եմ հասկանում) մարդու հոգևոր զարգացումն է և նրա՝  առ Աստված ունեցած կապը: Հեգելի կարծիքով՝  «Կա մարդու ներքին ազատություն, որը բարձր է գաղափարախոսությունից և կուսակցությունից: Չարությունը ծնվում է անազատությունից, իսկ ներքին ազատությունն Աստծո տվածն է ամեն մարդու ներսում»:

Ասել է թե՝ «Երջանկության գաղտնիքը սեփական «ես»-ի շրջանակներից դուրս գալու ունակության մեջ է»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Հեգելն ու մենք»

  1. Уведомление: Մարդը՝ սեփական աշխատանքի արդյունք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հեգել «Մարդն իր արարքների շարքն է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հեգել «Մարդը չի դառնա բնության տերը, քանի դեռ չի դարձել իր տերը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s